Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մատենադարանի մոտ «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նախ նշեց, որ կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը իրականում մեծ հաջողություն է, որովհետև ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այդ օրենքի պարտադիր բաղադրիչը:
«Ցավոք, այն ոգևորությունը, որ ապրում էր ժողովուրդը ՍԴ որոշման օրը, իրենց հակաօրինական հայտարարություններով փորձեցին կոտրել որոշ պաշտոնյաներ, առանց հասկանալու, որ ոգևորված ժողովուրդն է, որ կարող է բարձր արժեքներ ստեղծել»,- ասաց Արծվիկ Մինասյանը` դատապարտելով այդ անձանց կեցվածքը, որով փորձ արվեց նսեմացնել ՍԴ որոշումը, թե իբր գումարները պետք է գանձվեն մինչև սեպտեմբերի 30-ը:
Արծվիկ Մինասյանը, մանրամասն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ որևէ տրամաբանություն չկա, որ գումարներ հավաքագրվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Նրա խոսքով` անկախ այն բանից, թե ինչ համակարգ և օրենք է բերվելու նոր կառավարության կողմից, հավաքագրված գումարները չեն կարող հաշվարկվել համակարգի մեջ, դրանք պետք է վերադարձվեն, այդ դեպքում` ո՞րն է դրանք հավաքելու իմաստը:
«Ի՞նչ ես ուզում դրանով անել, առավել ևս, որ մեխանիզմ չկա, որ այդ գումարները մտնեն բյուջե, ահա` ինչու տրամաբանություն չկա շարունակելու գումարների հավաքագրումը մինչև սեպտեմբեր, և այդ պահանջը հակաիրավական է»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ եթե վեճ կա ՍԴ վճռի 6 և 7 կետերի միջև, ապա պետք է առաջնորդվել այն կետով, որը բխում է քաղաքացու իրավունքներից, տվյալ դեպքում` 6-րդ կետով` մարդու սեփականության իրավունքի պաշտպանությամբ, այլ ոչ այդ իրավունքի ոտնահարմամբ:
Պատգամավորը նշեց, որ երկու օր առաջ հրապարակավ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հայտարարում են, որ քաղաքացիները պետք է վճարումներ կատարեն մինչև սեպտեմբերի 30-ը, սակայն ոչ ոք չի արձագանքել այդ հրավերին ու առաջարկին, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ ժողովուրդը ճիշտ է:
«Առաջիկայում ԱԺ-ն հրավիրելու է արտահերթ նիստ ՍԴ վճռից բխող իրավիճակի քննարկման նպատակով, և որպեսզի դատական վարույթ ներկայացվի` ՊԵԿ-ի այն հրամանի հետ կապված, որ ավտոմատ պետք է հաշվարկվի գումարների գանձումը, և այդ հրամանը ճանաչել օրենսդրությանը և Սահմանադրությանը հակասող և անվավեր: Շարունակենք այս պայքարը: Տեսնելով այստեղ հավաքված քաղաքացիներին` հավատում եմ, որ Հայաստանը պայծառ ապագա է ունենալու»,- ասաց Արծվիկ Մինասյանը: