Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սևան Նիշանյանի համբավի մասին առաջին անգամ դպրոցական եղած ժամանակ էի լսել:
Ռոբերտի աննման զավակն էր: Այդ իսկ պատճառով, դեռ դպրոցը չավարտած, Միացյալ Նահանգների ամենահայտնի համալսարանների կողմից ամբողջական կրթաթոշակով հրավիրվել էր: Հետագայում ռազմական բնագավառում հետազոտություններ էր արել, և իհարկե, անհավատալի կլիներ, որ, իրենից բացի, մեկ ուրիշը Կառլ Մարքսի «Grundrisse» աշխատությունը թարգմաներ:
Հրանտի նման նրան էլ ստիպեցին երկիրը լքել: Ո՞վ` ո՞ւմ, ո՞ւմ տնից է վռնդում:
Իսկ մյուս կողմից «չոր գլուխները» շարունակում են նույն մտածելակերպը` ցանկանալով ասել՝ «դուք ինչպե՞ս կարող եք վերադառնալ մեր՝ մանրէներից մաքրազերծված հողերը»: Ասում են՝«դու ի՞նչպես կարող ես Շիրինջեն «լավը դարձնել, գեղեցկացնել»: Դրա վրեժն են լուծում:
«Ապօրինի շինությո՞ւն», մի’ ծիծաղեցրեք:
Դու գնա ծովն ապօրինի առանձնատներով այլանդակության վերածիր, Չամլըջայում անճաշակ մզկիթ կառուցիր` իբր փարավոնների նման պատմության մեջ հետք թողնելու համար, Ուռլայի պատմական վայրերում նորահարուստ «փողի հայրիկ, օլիգարխների» համար ապօրինի առանձնատներ կառուցիր, իսկ հատուկենտ մտավորականներից Սևան Նիշանյանին մեկ բանտից այլ բանտ տեղափոխիր: Այս գործընթացը սկսող ազգայնամոլներին «կարեկից» նահանգապետը, բյուրոկրատներն ու ժանդարմերիան հիմա պետք է որ ուրախ լինեն:
Իմ հայրն էլ էր նահանգապետ, և ես միշտ հպարտ եմ եղել նրա արած գործերով:
Ի՜նչ օրի է ընկել նահանգապետը, ո՜ւմ ձեռքերում է, Աստված իմ:
Այն երկրում, որտեղ արհավիրքի պատրվակ է 1999 թվականի երկրաշարժը, ու մի կեղծ կապալառուի են դատում` որպես զոհ, էլ ումի՞ց ես պատասխան ուզում, է՜յ Թուրքիայի բախտավոր արդարադատություն, դատարանի՞ց:
Առաջին բանտարկության ժամանակ Մարդու իրավունքների ասոցիացիան Սևան Նիշանյանին խոսքի ազատության մրցանակ էր շնորհել: Երբեք չեմ մոռանա նրա՝ դպրոցական ընկերների հետ այդ կապակցությամբ ընթրիքը: Այդ զրույցի խորությունը, կյանքի լիարժեքությունն ու հումորը…
Այս երկրի կառավարիչները մեզ՝ երկրակիցներիս, «ամաչեցնելուց» բացի, ուրիշ բան չե՞ն կարող անել, Աստծո սիրույն:
Բանտում հայտնվելուց առաջ քո հանդեպ այդքան նողկալի վերաբերմունքի համար ես՝ որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ամաչում եմ:
Եվ ասում եմ՝ անիծվեն նրանք, ովքեր մեր սեփական երկրից զզվելու իրավիճակի հետ մեզ թողել են դեմ առ դեմ: Ափսոս, որ, անեծքից բացի, ուրիշ ոչինչ չկա` ասելու:
1998 թվականին Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից տասը հազար ստորագրություն հավաքած և այն խորհրդարան ուղարկած` Ցեղասպանության ընդդիմախոսների ասոցիացիան Սևան Նիշանյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մի հայտարարություն էր արել:
Ցանկանում եմ դրանից մի հատված ձեզ ներկայացնել՝
«Պարզվում է` Թուրքիայի Հանրապետությունը որոշել է ապացուցել «անհնազանդ» քաղաքացի, հայազգի Սևան Նիշանյանի «մեծությունը»:
Որպես ընդդիմադիր մտավորական` Սևան Նիշանյանի կյանքի փիլիսոփայությունը և այլընտրանքային կյանքը, տարբեր թեմաների վերաբերյալ տպագրված մտքերը, սոցիալական կյանքի վերաբերյալ այլընտրանքային նախագծերը հակասում են այն երկրի պաշտոնական գաղափարախոսությանը և հասարակական կյանքին, որտեղ նա ապրում է:
Արդեն չենք էլ կարող ակնկալել, որ իսկական ընդդիմության գործիչները կամ անհատները այլ կեցվածք ցուցաբերեն:
Սևան Նիշանյանը իր ցեղասպան անցյալը ուրացող, սուտ և լեգենդների վրա հիմնված պատմության ունի: Բացի այդ՝ կրոնի, պետության, հասարակության վրա անսահմանափակ վերահսկողությունը որպես գործիք օգտագործելու հայեցակարգը համարձակորեն քննադատելը ոչ միայն պետությանը, այլև իրենց ուժը պետությունից վերցնողներին լրջորեն խանգարում է»:
Ի հակադրություն սրա՝ Սևան Նիշանյանի ընդդիմադիր մտքերը հասարակության զարգացման, դրա բաց, երիտասարդ և դինամիկ հատվածի համար կարևոր դեր են խաղում: Այդ իսկ պատճառով այս խորունկ պետությունը անհարմար է զգում Սևան Նիշանյանից:
Չկա այնպիսի մարմին, որ Սևանը դիմած չլինի՝ Շիրինջեի բնության հետ համերաշխ, պատմական արժեքներին հարգալից վերաբերվող, տուրիզմի այլընտրանքային ընկալումը արտացոլող կրթական և մշակութային կյանքի նախագծերն իրականացնելու համար:
Առանց բացառության՝ բոլոր դռները, առանց պատճառներ հայտնելու, փակվել են նրա երեսին: Միաժամանակ, թույլ չեն տվել Սևան Նիշանյանի օգնությամբ գյուղացիների պատմական տները վերանորոգել:
Ստեղծած հոյակապ աշխատանքների համար պարգևատրելու փոխարեն Սևան Նիշանյանի թե՛ ունեցվածքը, թե՛ աշխատանքները ձեռքից առել են: 1915 թվականի Ցեղասպանությունից ի վեր ոչնչացվող հայկական մշակութային արժեքների նման փորձում են ոչնչացնել նաև Սևան Նիշանյանի աշխատանքները: Այս պատճառով էլ Սևան Նիշանյանի բոլոր աշխատանքները փլուզելու վերաբերյալ որոշումներ են կայացվել:
Իրականում` Սևան Նիշանյանին «ապօրինի կառույցների» պատրվակով բանտարկելը վկայում է այն մասին, որ 1915 թվականի Ցեղասպանությունն իրականացնող մտածելակերպը շարունակվում է:
Գերմանիայում և աշխարհում հանրությանը տեղեկացնելու նպատակով Ֆրանկֆուրտում մամլո ասուլիս ենք հրավիրելու: Իսկ ապրիլ 2-ին` չորեքշաբթի օրը, «Ազատություն Սևան Նիշանյանին» խորագրով հանդիպում ենք կազմակերպելու: Հանդիպման ընթացքում ելույթ կունենա նաև Սևանի մտերիմ ընկեր, հետազոտող, գրող հարգելի Սայիթ Չեթինօղլուն: Բացի այդ` Սևան Նիշանյանի գլուխգործոցներից բաղկացած ցուցահանդես է լինելու և դրա եկամուտով համերաշխության համերգ է կազմակերպվելու:
ՍԵՎԱՆ ՆԻՇԱՆՅԱՆՆ ԱՆՄԵՂ Է, ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ !
ՍԵՎԱՆԻՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ; ՄՏՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ !
Ռագըփ Զարաքօլու
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի