Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռագըփ զարաքոլու
Այս վերնագիրն ավելի հարմար եղավ Քեմալի՝ բանավոր պատմության բնույթի գրքի համար։ Քեմալ Յալչընը կազմել է բանավոր պատմության մի կարևոր արխիվ։
Ստոկհոլմ։ Կեցցե հետազոտող Ֆեյյազ Քերիմոն, որ երբ իր համար պատվիրում էր գրող-պատմաբան Քեմալ Յալչընի «Միաթև արծիվը» վերնագրով նոր գիրքը, որ հրատարակվել էր «Բիր Զամանլար» հրատարակչության կողմից, ինձ ևս հաշվի առավ։ Այս գիրքը որոշ առումով կարող ենք բնորոշել որպես Քեմալ Յալչընի հոբելյանական աշխատություն։
Քեմալ Յալչընի՝ բանավոր պատմության բնույթի երկրորդ գիրքը, որի վերնագիրն էր՝ «Սիրտս քեզմով կը խայտա», նաև բեմականացվել էր և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում սիրով ընդունվել պոլսահայ համայնքի կողմից․ այդ ներկայացումը դիպել էր նրանց սրտերին։
Քեմալ Յալչընը սկզբում ցանկանում էր «Միաթև արծիվ» վերնագիրն օգտագործել մեր սիրելի վաղամեռիկ Սարգիս Հացպանյանի կյանքին նվիրված գրքի համար։
Այս վերնագիրն ավելի հարմար եղավ իր՝ բանավոր պատմության բնույթի գրքի համար։ Քեմալ Յալչընը կազմել է բանավոր պատմության մի կարևոր արխիվ։ Նաև շատ տեղին համարեցի, որ նա այդ արխիվը հանձնի մի գիտական հաստատության։ Այն խիստ կարևոր աղբյուր կդառնա շատ ուսումնասիրողների համար։ Բազմաթիվ թանկագին վերապրածներ, որոնց վկայություններն արձանագրվել էին Քեմալ Յալչընի կողմից, վախճանվեցին գրքի հրատարակման գործընթացի ընթացքում։
«Բիր Զամանլար» հրատարակչության խմբագիր Օսման Քյոքերը կարևոր նպաստ է ունեցել պաշտոնական պատմագրության կողմից անտեսված հայկական համայնքի ներդրումների մասին հիշողությունը վերականգնելու գործում։ Քյոքերի և Օռլանդո Կառլո Կալումենոյի համատեղ ջանքերով երկրի ներսում և արտերկրում կազմակերպված՝ «Հայերը 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսը նշանավոր սկիզբ դարձավ։ Այդ հրատարակչությունը հետագայում ևս մի շարք կարևոր աշխատանքներ իրականացրեց։ Հրատարակչատունը պատկերասրահ էլ ունի։ Իմ ամենասիրելի գրքերից են Ռիտա Քյումյուջյանի «Կոմիտաս/Խենթության հնագիտությունը», Թեոդիկի «Հայկական տպագրության պատմությունը», «Ստամբուլցի հույն գեղանկարիչները», որ առաջինը մտքիս եկան։
Օսման Քյոքերի հետ 1992 թ․ միասին ենք աշխատել «Օզգյուր Գյունդեմ» պարբերականում։ Նա միջազգային լուրերի խմբագիրն էր։ Քյոքերը Սեպտեմբերի 12-ի հեղաշրջման հետևանքով ձերբակալված առաջին քաղաքական կալանավորներից մեկն էր։ 1980-ականների սկզբներից եմ հիշում նրա սիրելի տիկնոջը՝ Նեշե Օզանին, որին Այշե Նուրի նման՝ վաղաժամ կորցրեցինք, ինչպես նաև՝ նրա ընկերոջը՝ Զեյնեփ Հերքմենին։ Նրանց խնդրել էի, որ «Բելգե» հրատարակչության համար թարգմանեին Լիվիա Ռոկախի «Իսրայելի սրբազան ահաբեկչությունը» գիրքը։ Նեշե Օզանը արժեքավոր աշխատանքներ էր կատարել Մարդու իրավունքների միությունում և Փոքրամասնությունների իրավունքների հանձնաժողովում։ Դարձյալ Զեյնեփ Հերքմենի համար նրանք թարգմանել էին 1994 թ․ մահափորձի միջոցով սպանված սիրելի Լիսսի Շմիդտի «Ազատության գինը» վերնագրով գիրքը, որը պատմում էր Ծոցի պատերազմից հետո Իրաքյան Քուրդիստանում ի հայտ եկած դրության մասին, և որը պետք է հրատարակվեր «Բելգե» հրատարակչության կողմից։ Եւ նրանք հայտնվել էին Փետրվարի 28-ի գործը քննող դատարանում (Փետրվարի 28-ի դատական գործն սկսել է քննվել 2013 թ․ սեպտեմբերի 2-ին։ Անկարայի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանում քննված սույն դատական հայցը վերաբերում էր 13 ամբաստանյալների, ովքեր մեղադրվում էին Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալել փորձի մեջ-Ակունքի խմբ․)։ Թարգմանիչն էլ ընկերուհուս՝ Ժյուլիդե Դեյիրմենջիլերի զարմիկը դուրս եկավ։
«Բիր Զամանլար» հրատարակչության շնորհիվ Քեմալ Յալչընի բազմաթիվ գրքեր հասանելի են դարձել Թուրքիայի ընթերցողներին։ Այդպիսով՝ նա չի մնացել «Դողան» հրատարակչության հույսին։ Այլապես նրա գրքերը հասանելի կլինեին միայն սփյուռքի հայկական և ասորական համայնքներին։
Թեև «Դողան» հրատարակչությունը տպագրել էր «Սիրտս քեզմով կը խայտա» գիրքը, անգամ գրքի մասին ծանուցումն էր տարածել մամուլի միջոցով, սակայն «Դողան»-ը վերացրել էր գրքի բոլոր օրինակները։ Նույն «Դողանը» թեև պայմանագիր էր կնքել Յալչընի «Ի պահ տրված օժիտը» գիրքը հրատարակելու մասին, սակայն չէր տպագրել այն։
Քեմալ Յալչընի՝ «Դողան» հրատարակչատան կողմից տպագրվելիք գրքերի գլուխը կերել էր Ժան Կլոդ Քեբափչյանի և Րաֆֆի Հերմոն Արաքսի հետ միասին Ֆրանսիայի սենատում մեր կազմակերպած հանդիպումը, որին Թուրքիայի կողմից մասնակցել էին Մեթե Թունչայը, Օրալ Չալըշլարը, Բասքըն Օրանը (վերջինս նաև զեկուցում էր ընթերցել), Մուրադ Բելգեն (նա չէր կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել՝ քաղցկեղով հիվանդ լինելու պատճառով), իսկ Հայաստանի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, լրագրող Հակոբ Չաքրյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանը։
Ալժիրի ժողովրդի հանրահայտ պաշտպան՝ լեգենդար լրագրող Հենրի Ալլեգի նախագահությամբ իրականացված այդ հանդիպումից հետո, հանդիպում, որի ժամանակ Ալլեգն ասաց, թե Ֆրանսիան էլ պետք է ներողություն խնդրի Ալրժիրում կատարած իր հանցագործությունների համար, Ֆրանսիայի սենատն ընդունել էր Հայոց ցեղասպանության փաստը, և դա պատճառ էր դարձել, որ Էջևիթ/Բահչելիի կառավարությունն իրար անցներ։
Տագնապի ազդանշանը տվողն էլ Դողու Փերինչեքն էր եղել, ով ասելով, թե իբր «ձեռք էր բերել» վերոհիշյալ կոնֆերանսի զեկուցումները, առանց թույլտվություն ստանալու՝ հրատարակել էր դրանք, մինչդեռ այդ ելույթները տրվում էին բոլոր ցանկացողներին։
Չսահմանափակվեցին միայն Քեմալի գրքերը զոհաբերելով․ Դևլեթ Բահչելիի նախագահությամբ ստեղծվեց «Անհիմն ցեղասպանության պնդումների դեմ» պայքարը համակարգող խորհուրդը։ Ասորիների և հայերի ցեղասպանություններին առնչվող թեմաները վերածվեցին ազգային անվտանգության խնդրի։ Կարելի է ասել, թե ցեղասպանության հերքման արտադրամաս բացվեց։
Այդպիսով՝ Քեմալի գրքերը 10 տարի շարունակ հեռու էին մնացել Թուրքիայի ընթերցողներից։ Իսկ այժմ նրա «Ի պահ տրված օժիտը», «Սիրտս քեզմով կը խայտա», «Սարը գելին», «Սեյֆո», «Անատոլիայի զավակները», «Վերապրածները», «Ասորի ժողովրդի հերոս Շեմուն Հաննե Հայդոն» վերնագրով գրքերը հասանելի են թուրք ընթերցողին «Բիր Զամանլար» հրատարակչության շնորհիվ։
Սակայն ինձ համար ամենաթանկագինը նրա «Հայմաթլոս / Աշխարհը մեր հայրենիքն է» գիրքն է, որ հրատարակվել է 2011 թ․։ Այն պատմում է նացիստական ժամանակաշրջանում Թուրքիա եկած և գիտական աշխարհի, թատրոնի, օպերայի արդիականացման գործում ներդրում ունեցած գիտության, արվեստի, երաժշտության և մշակույթի մարդկանց մասին։ Այն հատկապես նվիրված է Էդուարդ Ցուքմայերին, ով չէր լքում Թուրքիան և նպաստել էր երաժշտության ուսուցիչների ձևավորմանը։ Նրա աճեցրած դասատուների շնորհիվ սիրահարվեցի դասական երաժշտությանը։ Նա թոշակի անցնելուց հետո էլ շարունակել է ապրել «Գազի» ինստիտուտում իրեն հատկացված սենյակում։ Էդուարդը մահացավ սրտի կաթվածից Մարտի 12-ի հեղաշրջումից հետո, «Մուրճ» գործողության ժամանակ, երբ զինվորները գիշերվա կեսին իր սենյակ ներխուժեցին։
https://artigercek.com/yazarlar/ragipzarakolu/tek-kanatli-kartal
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net