կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-06 21:01
Առանց Կատեգորիա

Նրան կարող ենք անվանել նաև հայերի Ումբերտո Էկո. Ռագըփ Զարաքօլուն` Վահան Հովհաննիսյանի մասին

Նրան կարող ենք անվանել նաև հայերի Ումբերտո Էկո.  Ռագըփ Զարաքօլուն` Վահան Հովհաննիսյանի մասին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը վախճանվել է դեկտեմբերի 28-ին:

 

Հովհաննիսյանը 58 տարեկան էր: Երկարատև ու դժվարին պայքար է մղել մի սարսափելի հիվանդության դեմ:

 

Հովհաննիսյանը երկար ժամանակ պաշտոններ էր ունեցել ՀՅԴ կուսակցությունում, եղել ԱԺ պատգամավոր: Իսկ մահվանից ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Գերմանիայում նշանակվել էր արտակարգ և լիազոր դեսպան ու մինչև մահ բնակվել Բեռլինում: Մասնագիտությամբ պատաբան ու հնագետ Հովհաննիսյանը 1980-ականների վերջին` ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, մասնակցել է Հայաստանի փոթորկուն քաղաքական կյանքին: 1989-ին անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը: Հովհաննիսյանը նաև մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մղված պատերազմին: Որպես քաղբանտարկյալ` ազատազրկվել է 3 տարի: 14 տարի շարունակ եղել է ԱԺ պատգամավոր: 2008 թվականին, որպես ՀՅԴ-ի կողմից ներկայացված թեկնածու, մասնակցել է ՀՀ նախագահի ընտրություններին:

 

Նրա հայրը` Էդուարդ Հովհաննիսյանը, ընդդիմադիր կեցվածք որդեգրած մի մտավորական էր, որը քննադատում էր խորհրդային ռեժիմը: 1972-ին հայրը դառնալու էր «Ազատություն» ռադիոկայանի հայկական բաժնի հիմնադիր խմբագիրը: Այդ ամենի պատճառած նեղությունները կրել է դեռ վաղ տարիքից: Եվ այդ ամենին ավելացել է նաև Չինաստանի սահմանին երկու տարի տևողությամբ պարտադիր զինվորական ծառայությունը:

 

Դեկտեմբերի 30-ին Բեռլինից Երևան բերված Վահան Հովհաննիսյանի թաղման արարողությունը կատարվեց պետական մակարդակով. հունվարի 3-ին Նոր Նորք թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվեց հոգեհանգստի արարողություն, իսկ հունվարի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած վերջին հրաժեշտի արարողությունից հետո թաղման արարողությունը կատարվեց Երևանի Պանթեոնում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հղած ցավակցական ուղերձում նշել է, որ Հովհաննիսյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն ՀՅԴ-ի, այլև ամբողջ հայ ազգի համար:

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը իր հղած ցավակցական հեռագրում ևս անդրադարձել է նրա` Արցախյան ազատամարտում ունեցած ներդրմանը. «Վահան Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում եւ ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, լավ ու բարի անձնավորություն, ով մեծ հարգանք էր վայելում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին եւ մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով: Վահան Հովհաննիսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

 

Տխրություն եմ զգում, որ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին ինչ-որ առումով հրաժեշտ եմ տվել Վահան Հովհաննիսյանին, երբ նրան հանդիպեցի Հայաստանի Հանրապետության տաղավարում իր վերջին գիրքը` «Մանդիլիոնը» ներկայացնելիս:

 

Խիստ հոգնած և ուժասպառ էր: Շատ էր նիհարել: Բայց և այնպես Բեռլինից հասել էր այնտեղ` իր գրքի շնորհանդեսն անելու:

 

Հնարավորություն ունեցանք լսելու նրա ելույթը:

 

Բոլորս նրան էինք ունկնդրում հարգանքով, սիրով, հիացմունքով և թախծով:

 

Այս պահին ձեռքիս է նրա` ռուսերենով գրած «Մանդիլիոն» գրքի` ինձ համար արված անգլերեն մակագրությունը: «Մանդիլիոնը» առեղծվածային դեդեկտիվ ժանրով ներկայացնում է միջնադարում և հետագայում Միջին Արևելքում մնացած ու ծանր պայմաններում բնակվել հարկադրված քրիստոնյա ժողովուրդների թուլացումը:

 

Գրքում կարծես թե անուղղակի հիշեցում կա նաև ներկայիս նեո-ջիհադական ալիքի հետևանքով լիովին պատմության գիրկն անցնելու վտանգի տակ գտնվող Միջին Արևելքի քրիստոնյա հանրությունների վիճակի մասին:

 

Նրան կարող ենք անվանել նաև հայերի Ումբերտո Էկո: Նրան հաջողվել է հրաշալի կերպով միախառնել գրականության հանդեպ մոլուցքն ու պատմագրությունը:

 

Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել նրա մակագրությունը, քանզի ինչ-որ առումով նրա վերջին ուղերձն է` ուղղված մեզ.

 

“Dear Ragıp Zarakolu, let this book be good remembrance about the old times and lost chances. May be one day we together will be able to restore the world we lost.

Ambassador Vahan Hovhanesyan.”

 

«Սիրելի Ռագըփ Զարաքօլու, սույն գիրքը թող լավ հուշ լինի` հին ժամանակների և կորցված հնարավորությունների մասին: Գուցե մի օր միասին ի վիճակի կլինենք նորոգելու կորուսյալ աշխարհը:

Դեսպան Վահան Հովհաննիսյան»:

 

Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում հայ ժողովրդին և Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

 

Ռագըփ Զարաքօլու

«Էվրենսել» օրաթերթ, 05.01.2015 թ.

http://www.evrensel.net/haber/101408/vahan-hovannesian-da-pantheondaki-yerini-aldi

 

Թարգմանեց Մելինե Անումյանը