կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-11 16:51
Քաղաքական

Բա ո՞ւր մնաց պետությունը

Բա ո՞ւր մնաց պետությունը

Ազգային ժողովում կրքերն այսօր բավականին շիկացած են եղել, և մեղավորը «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն է եղել: Ընդդիմադիրներին պատասխանելու պարտականությունն այս անգամ մասամբ դրվել էր իշխող կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի վրա, որը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթից հետո «նողկալի» պարոնների համար հանրամատչելի լեզվով փաստարկել է, թե ինչո'ւ է պետք ընդունել վերոհիշյալ օրինագիծը, որի հեղինակներից է նաև ինքը՝  Նաիրա Կարապետյանը:

 

Ա. Վարդանյանին պատասխանելուց առաջ նա հայտարարել է, թե այլ բովանդակությամբ ելույթ էր պատրաստել, բայց (քանի որ ընդդիմադիր ճամբարից այլակարծության ձայն է հնչել) ճիշտ է համարում բոլոր «դատարկ խոսքերը դնել մի կողմ և անցում կատարել բովանդակալից բառակապակցությունների պարզաբանմանը»: Այնպիսի տպավորություն է, որ իշխող կուսակցության խմբակցության պատգամավորները, քանի դեռ ընդդիմությունից որևէ կառուցողական առաջարկություն չի հնչել, ինչպիսին էր Ա. Վարդանյանինը՝ հետաձգել օրենքի նախագծի քննարկումն ու քվեարկությունը, իրենց թույլ են տալիս խորհրդարանական ամբիոնից դատարկ խոսքեր հնչեցնել: Բայց հենց նրանց ոտքը տրորում են, մեծամասնությունն անմիջապես անցնում է «բովանդակալից բառակապակցությունների պարզաբանմանը»:

 

Արդ` մի բովանդակալից հարց հեռուստաընկերությունների որակյալ արտադրանքով մտահոգ մեր պատգամավորուհուն, ի դեմս նրա՝ իշխանություններին: Այդ երբվանի՞ց է հայկական հեռուստատեսության ողբալի վիճակը զուգորդվում նրա ֆինանսական վիճակի հետ, երբվանի՞ց է որակյալ հեռուստաարտադրանքի չգոյությունը համարվում միմիայն վատ ֆինանսավորման հետևանք: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, օրինակ, «Արմենիա» հեռուստաընկերության ֆինանսական վիճակը ոչ թե ուղիղ, այլ հակադարձ համեմատական է դրա ցածրորակ արտադրանքների հետ, այն է՝ անհամեմատ լավ է, հետևաբար` միայն ֆինանսներով պայմանավորել բարձրորակ և արժանապատիվ հեռուստաեթեր ունենալու համազգային բաղձանքը կամավոր կուրություն է կամ մանկամտություն: Էլ ո՞ւր մնաց պետությունը, ո՞ւր մնացին այն մարմինները, որոնք հայկական հեռուստատեսության նույնիսկ այսպիսի՝ իբր վատթար պայմաններում պիտի դարձյալ պահանջեին բարձրորակ արտադրանք՝ բարձրորակ հեռուստասերիալներ ու հաղորդաշարեր, ծրագրեր ու նախագծեր՝ թեկուզ և քանակով քիչ:

 

Չէ՞ որ եթե անորակի ու ցածրորակի համար նվազագույն ֆինանսավորում կա, ապա դրան պետության պահանջկոտությունը, պատկան մարմինների ու համապատասխան պաշտոնյաների նախանձախնդրությունը գումարվելու դեպքում կարելի է ունենալ անհամեմատ որակյալ հեռուստատեսություն և հեռուստաարտադրանք: Հետևաբար` ամեն ինչ չէ, որ փողով է չափվում ու որոշվում, տիկնա'յք և պարոնա'յք: Շատ բան որոշվում է նաև պետական մտածողություն ունենալով: Կամ, ինչպես մեր իշխանությունների գործելակերպն է հուշում, չունենալով:

 

Բ. Գասպարյան