Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը սկզբունքորեն կողմ է Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը' բանկերում ապահովագրել նաեւ իրավաբանական անձանց կողմից դրվող ավանդները, բայց պետք է քննարկումներ անցկացվեն այս առումով, քանի որ եւս մեկ պարտադիր նորմ է մտցվում, իսկ պարտադիր նորմերը հասարակության կողմից բացասաբար են ընկալվումԼ Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հավելեց, որ նման փոփոխության հետեւանքների մասին պետք է մասնավոր հատվածի, տնտեսվարողների, առեւտրային բանկերի հետ լուրջ քննարկումներ անցկացվեն' պարզելու համար բոլոր թեր ու դեմ կողմերը:
Իսկ օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրացուցիչ պարզաբանումներ տվեց' նշելով, որը խոսքը բանկային ավանդների ապահովման մասին է: Այսինքն' բանկային ավանդները ապահովագրվում են միայն ֆիզիկական անձանց համար, իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկություն է եղել, որպեսզի օրենքում կատարվի փոփոխություն, եւ իրավաբանական անձանց ավանդները եւս ապահովագրվեն:
«Դրա մասին մենք ուզում ենք քննարկումներ անցկացնել, քանի որ նախաձեռնության հանդեպ կառավարության որոշումը, ընդհանուր առմամբ, դրական է: Պետք է, այնուհանդերձ, հաշվի առնել, որ ընդհանրապես ապահովագրությունը, տվյալ դեպքում` պարտադիր ապահովագրությունը, սովորաբար կատարվում է այն անձերի համար, ովքեր հնարավորություն չունեն ինքնուրույն որոշելու բանկային ռիսկերը»,- նշեց նախարարը:
Լրագրողների հարցին' բազմիցս հայտարարվել է, որ մեր բանկային համակարգը կայուն է, արդյո՞ք բանկային համակարգի հետ խնդիր կա, որ արդեն փորձում ենք իրավաբանական անձանց ավանդներն էլ երաշխավորել, նախարարը պատասխանեց, թե բանկային համակարգի ապահովության խնդիրը չէ տվյալ դեպքում: Ցանկացած երկրում, իհարկե, լինում են այդպիսի պահեր, ասաց նախարարը, որ բանկային համակարգն, ընդհանուր առմամբ, ռիսկերի է ենթարկվում: Իսկ այս նախաձեռնությամբ խոսքը է գնում այն մասին, որ որքան շատ են դեպոզիտները ապահովագրվում, այնքան ավելի հուսալի ու հետաքրքիր են դառնում մարդկանց համար, որպեսզի նրանք այդ դեպոզիտներում պահեն իրենց փողերը:
«Սովորաբար դեպոզիտները չեն ապահովագրվում այն ժամանակ, երբ բանկային համակարգը դառնում է անհուսալի: Սկզբից են անում, որպեսզի նման դեպքերում կարողանան փոխհատուցել»,- նշեց Վահրամ Ավանեսյանը: