Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իմ վերջին «Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը հոդվածում, ես տեսակետ էի հայտնել, որ գործող իշխանությունը հրաժարվել է դատական համակարգի բարեփոխումների որևէ տարբերակից, ընտրելով ամենաայլանդակ մոտեցումը՝ իր քաղաքական շահերի և պատվիրովի արդարադատության համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:
«Քաղաքական իշխանությունը 100 տոկոսանոց անխափան դատարաններ ունենալու համար, ըստ էության, գնացել է «սրտի դատավորների թիմ» ձևավորելու ճանապարհով։
Քաղաքական իշխանությունն իրեն ցանկանում է ապահովագրել բոլոր անկանխատեսելի ռիսկերից. ավելի պարզ՝ իրեն ցանկանում է ապահովագրել արդարադատությունից։ Այդ նպատակով բոլոր դատարաններում պետք է ունենալ «սրտի դատավոր»։ Նույնը պետք է ունենալ վերաքննիչ դատարանում։ Մենք նշել էինք շրջանառվող կոնկրետ անուններ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, քննարկվում է նաև Մարինե Մելքոնյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները, Ավանում՝ Վահե Միսակյան։ Վերաքննիչ դատարանում շրջանառվում են Արմեն Դանիելյանի, Մհեր Արղամանյանի, Տիգրան Սահակյանի, Արմեն Բեքթաշյանի, Լուսինե Աբգարյանի անունները։
Ես ընդունում եմ, որ ոմանց մոտ կարող է բնական հարց ծագել՝ սա տեսություն է, թե իրականություն։
Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ մեխանիզմները, և հավաքել փաստերը։
Ամենակարևորը դատավորների ընտրության էլեկտրոնային համակարգի խափանումն է։ Ըստ էության այն դարձել է ֆիկցիա։ Սա սրտի դատավորների մեխանիզմի առանցքային կետերից է։ Ստեղծել սրտի դատավորների փակ շղթա։
Ամենաթարմ օրինակը, Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունները՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված միջազգային կառույցների սահմանած չափորոշիչներին համապատասխան ռիսկային խմբում գտնվողների նկատմամբ կալանքը այլընտրանք հանդիսացող խափանման միջոցով փոխելու միջնորդությունը, ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությունը, գրավի միջնորդությունը Աննա Դանիբեկյանը առանց որևէ հիմնավոր փաստարկի մերժեց։ Բնականաբար փաստաբանները պետք է դիմեին վերաքննիչ դատարան։ Քաղաքական իշխանությունն արդեն անցյալ տարվա մայիսինը չէ. և իրեն ապահովագրել է վերաքննիչի որևէ ինքնուրույն վճռից։ Վերաքննիչի դատավոր է նշանակվել Արմեն Դանիելյանը։ Վերջինս համարվում է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը, մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում արդեն իսկ թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, բայց երաշխավորված է, որ կկայացնի որոշում, որը չի շեղվի իշխանությունների ակնկալիքներից։
Ես ուզում հատուկ շեշտել. սրտի դատավորների համակարգը մշակվել է ամենևին ոչ միայն Ռ. Քոչարյանի համար։
Ամենայն հավանականությամբ այն լիարժեք գործելու է նախկին իշխանությունների չարաշահումների, կաշառքի, փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման տակ ընկնող հոդվածների, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման և այլնի համար։
Փակ շղթայի տրամաբանության մեջ Արմեն Դանիելյանին է մակագրված նաև Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացման վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը, որի հիմքում անհապաղ վիրահատության մասին բժշկական եզրակացությունն է։ Համակարգը գործում է։
Այս թեման կարիք ունի մշտական և բազմակողմանի մշտադիտարկման։
Սա վատ դատական համակարգի ամենավտանգավոր շահագործման տարբերակն է։
Սա տեղի է ունենում բոլորի աչքի առաջ և մեծամասնության լռության պայմաններում։
Սա էական է այսօրվա և վաղվա Հայաստանի համար։ Սրտի դատավորների համակարգի վճիռները մշտապես ուղեկցվելու են անվստահության կնիքով։ Իսկ դա նշանակում է, որ առաջին իսկ փոփոխության դեպքում զանգվածաբար բողոքարկվելու են այդ վճիռները, իսկ եթե դրանք կապված լինեն գույքի հետ, ապա անվերջ վեճերի առարկա են դառնալու։
Շատ կարևոր է երկու բան.
ա/ մշտադիտարկման տակ պահել սրտի դատավորների գործունեությունը
բ/ հասնել այն գիտակցության, որ եթե հետագայում պետությունը այս դատավորների վճիռների պատճառով սկսի կրել հսկայական վնասներ՝ փոխհատուցումների համար, ապա այս համակարգը և նրանցից յուրաքանչյուրը պարտավորված է լինելու անձամբ փոխհատուցել այն։
Դա կլինի իսկական վեթինգ»։