Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ինչ արվում է, որ գոնե այս նստաշրջանի ավարտին ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախնական՝ ամփոփ նախագիծը պատրաստ լինի. ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը՝ պատասխանելով yerkir.am-ի այն հարցին, թե ե՞րբ նոր օրենսգրքի նախագիծն ամբողջական տեսք կունենա: Փոխնախարարը նշեց, որ վաղվանից հոդված առ հոդված քննարկելու են օրենսգրքի դրույթները:
Նշենք, որ այսօր քննարկում է կազմակերպվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ: Քրեական նոր օրենսգրքի ընդունումը բխում է 2012-16 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրից: ՀՀ ՔՕ-ի նոր հայեցակարգը նպատակ է հետապնդում լուծել մի շարք խնդիրներ: Մասնավորապես` հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգությունից, երաշխավորել հանցագործության զոհի (տուժողի) իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել քրեական օրենսդրության համապատասխանությունը վավերացված միջազգային պայմանագրային նորմերին և այլն: Քրեական օրենսգրքի հայեցակարգում առաջարկվում է ընդլայնել պատժի համակարգը՝ նախատեսելով ազատազրկմանը այլընտրանք համարվող գործոն պատժամիջոցներ՝ տնային կալանք, ազատության սահմանափակում, հանրային իրավունքներից զրկում, ծնողական իրավունքներից զրկում, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարում: Բացի այդ` առաջարկվում է ընդլայնել գործող քրեական օրենսգրքում առկա այլընտրանքային պատիժները:
Քրեական օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա բուն քրեական օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբը համարում են, որ փոփոխությունների կարիք ունի ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը: Օրենսդիրը սահմանել է մեղքի առկայության անհրաժեշտությունը քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն չի հստակեցրել, որ անձի քրեական պատասխանատվությունը հնարավոր է միայն այն ծավալով, որքանով որ կատարված արարքը կարող է նրան մեղսագրվել: Աշխատանքային խումբը որպես օրակարգային հարց է դիտարկում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն նախատեսելը:
ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաները, պահանջում են, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործությունների դեպքում իրավաբանական անձի արդյունավետ պատասխանատվության մեխանիզմներ ունենալ, թեև այդ կոնվենցիաներով չի պահանջվում անպայման քրեական պատասխանատվություն նախատեսել:
Նշենք, որ գործող օրենսգրքով իրավաբանական անձանց համար վարչական պատասխանատվություն է նախատեսվում: