Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ դարպաստների մոտ էին հավաքվել «Նաիրիտ»-ի աշխատակիցները և սպասում էին «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ նախագծի քվեարկությանը: Հիշեցնենք, որ Դաշնակցություն խմբակցությունը ներկայացրել էր «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, սակայն հանրապետական մեծամասնությունը մերժեց այդ նախագիծը՝ պատճառաբանելով, որ այդտեղ տեսնում է քաղաքական շահարկում, բացի այդ` «Նաիրիտ»-ի հետագա գործարկման հետ կապված` ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ, և ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը իբր կարող է վնասել այդ գործընթացին:
Yerkir.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի աշխատակիցները նշեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ պատճառաբանությամբ է Հանրապետական կուսակցությունը մերժում «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, քանի որ իրենց հետաքրքրում է իրենց աշխատանքը և աշխատավարձերի հարցը:
«Մենք քաղաքականության հետ կապ չունենք, ի՞նչ քաղաքական շահարկում: Մենք մեր խնդիրներն ենք ուզում լուծել: Երեք ամիսը մեկ ենք աշխատավարձ ստանում: Իրենք` հանրապետականները, համաձա՞յն են այդպես աշխատավարձ ստանալ»,- հարցրեց աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ ուրիշ ելք չունեն, ստիպված են դուրս գալ փողոց ու պայքարել, մինչև իրենց խնդիրները լուծվեն:
Հարցին, թե` դժգո՞հ են իշխանություններից, «Նաիրիտ»-ի աշխատակիցներից մեկը պատասխանեց. «Ո՞ւր է էնտեղ իշխանություն»:
Դիտարկմանը, որ Հանրապետական կուսակցությունը նշում է, որ ժողովուրդը ընտրությունների միջոցով արդեն կատարել է իր ընտրությունը՝ ձևավորելով իշխանություն Հանրապետական կուսակցությունից, ուստի պետք է համակերպվեն իշխանությունների վարած քաղաքականության հետ, «Նաիրիտ»-ի աշխատակիցները տարակուսեցին` ասելով, որ իրենք չեն ընտրել այդ իշխանություններին: «Հլա թող դուրս գան դեմ դիմաց ու ասեն, որ ժողովուրդն իրենց է ընտրել: Իրենք են իրենց ընտրել, ու հիմա ձևական ելույթներ են ունենում, սուտ-սուտ բաներ են խոսում:Մանավանդ վարչապետը, ինչի՞ ա սուտ-սուտ բաներ խոսում: Ասում ա՝ «Նաիրիտ»-ը մեկ փակվում ա, մեկ չի փակվում: Ինչո՞ւ է սուտ խոսում, հո մենք հարիֆ չենք կամ գիժ չենք: Էստեղ շատերը իր պես դիպլոմ ունեն, ինչի են սուտի վիստուպատներ ըլնում: Էնտեղ ո՞ւր ա վարչապետ, չուչել ա մի հատ»,- իր զայրույթն արտահայտեց աշխատակիցը:
Նաիրիտցիները համոզված են, որ եթե նախագահը կամենար, գրիչի մեկ հարվածով կաշխատեցներ «Նաիրիտ»-ը, բայց ինչո՞ւ նա դա չի անում, չեն կարող ասել:
Ի դեպ, հավաքվածներից մեկն ասաց. «Հայաստանից փախնելը ինձ ձեռ ա տալիս, պայքարելն էլ անհնար ա, պայքարողին վերացնում են»: