կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-22 13:12
Տնտեսական

Հասարակության փողերով` 10 միլիոն դոլար նվեր մասնավորին

Հասարակության փողերով` 10 միլիոն դոլար նվեր մասնավորին

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար բողոքում են Հայաստանում, մասնավորապես` Երեւանում տեղադրված բազմաթիվ արագաչափ, տեսա- եւ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների համար  նշանակված տուգանքներից:

 

Տուգանելու իրավունք, սովորաբար, ունի պետությունը' ի դեմս իր համապատասխան պետական մարմինների: Եվ եթե պետությունն ինչ-որ պարտադիր նորմեր կամ համատարած տուգանքի ինստիտուտ է մտցնում, ապա դրանցից ստացվող միջոցները պետք է ծառայեցվեն պետության կարիքներին:

 

Տեսա- եւ լուսանկարահանող սարքերով ու արագաչափերով կատարված խախտումներն արձանագրելու եւ տուգանքներ նշանակելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու որոշում ընդունած մարմինների ներկայացուցիչները, իհարկե, կարող են ասել, թե դա անհրաժեշտ քայլ է եղել` տեսանկարահանման եւ արագաչափ սարքերով երթեւեկությունը կարգավորելու առումով, իսկ համակարգի ներդրման համար պահանջվող միջոցներ չեն եղել: Այո', չեն եղել, բայց այդ դեպքում պետությունը, առաջին հերթին, պետք է հետաձգի անհրաժեշտ ծրագրի իրագործումը, որովհետեւ հանրային կամ հասարակության լայն հատվածի վրա անմիջական ազդեցություն ունեցող գործառույթները, ընդ որում' հասարակության բարեկեցության կամ կարիքների բավարարման պատճառաբանությամբ իրականացվող, որոնք, առավել եւս, որոշակի պարտավորություններ են առաջացնում հասարակության համար, չեն կարող ուղեկցվել շահույթ հետապնդելու տրամաբանությամբ:  Իսկ հասարակության համար պարտադիր նորմ հանդիսացող գործառույթից ստացված միջոցները պետք է ծառայեն նույն հասարակությանը, այլ ոչ ինչ-որ մասնավոր ընկերության: Սա ժողովրդավարության կարեւոր սկզբունքներից մեկն է, որը Հայաստանում չի պահպանվում:

 

Հարցին մոտենանք այլ տեսանկյունից` ոստիկանությունից Yerkir.am-ին տրամադրված տվյալների համաձայն` միայն 2013 թվականին լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով կայացվել է 854 731 որոշում։ Այդ սարքերի միջոցով հայտնաբերված եւ արձանագրված վարչական իրավախախտումներով գանձվել է  6 միլիարդ 180 միլիոն 699 հազար 282 դրամ կամ մոտ 15 միլիոն 148 հազար ԱՄՆ դոլար: Իհարկե, մեր աղբյուրները մեզ բոլորովին այլ թվեր են տալիս` այդ տուգանքներից գոյացել է ոչ թե 15, այլ 30 միլիոն դոլար, բայց հիմք ընդունենք պաշտոնական տեղեկատվությունը' 15 միլիոն դոլարը:

 

Հիշեցնենք, որ այդ սարքերը տեղադրել ու շահագործում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն' ՀՀ ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքված  պայմանագիրի համաձայն, իսկ տեսա- եւ լուսանկարահանող ու արագաչափ սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով նշանակված տուգանքներից գանձված գումարների' մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլարի 70%-ը մնում է ընկերությանը, իսկ 30 %-ը' պետությանը: Այսինքն' 2013 թվականին արձանագրված իրավախախտումներով գանձված գումարից 10 միլիոն 500 հազար դոլարը մնացել է ՍՊԸ-ին եւ միայն 4,5 միլիոն դոլարն է փոխանցվել պետությանը:

 

Պատկերացնենք, որ տուգանքներից ստացված ամբողջ գումարը մնար պետությանը, եւ ընդունենք, թե դրա կեսը ծախսվեր սարքերի պահպանման, նորերի տեղադրման, աշխատակազմի աշխատավարձերի եւ այլնի վրա: Եվ եթե տուգանքներից ստացված գումարի կեսն անգամ մնար պետությանը, միայն 2013 թվականին պետությունը կստանար մոտ 6-7 միլիոն դոլար: Սա պետության համար քի՞չ փող է: Իհարկե' ոչ: Օրինակ' անցյալ տարվա ապրիլին Սիսիանում գործարկվեց տրիկոտաժի արտադրամաս, որի բացման ժամանակ նշվեց` արտադրամասի ստեղծման համար ներդրվել է շուրջ 300 հազար դոլար, իսկ արդյունքում` ընկերությունը Սիսիանի տարածաշրջանում ստեղծեց շուրջ 72 աշխատատեղ' 70-80 հազար դրամ աշխատավարձով: Իհարկե, այս գումարը մեծ կարողություն չէ, բայց մարզերի բնակիչների համար 70-80 հազար դրամ աշխատավարձը զգալի է: Այսինքն' ընկերության պայմանական շահույթով կարելի կլիներ մոտ 20 նման արտադրամաս ստեղծել տարբեր մարզերի տարբեր բնակավայրերում:

 

Մեկ այլ օրինակ' Չարենցավանում գործող` ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունը վերջին 2 տարիներին իրականացրել է մոտ 30 մլն դոլարի ներդրում, ստեղծվել է մոտ 350 աշխատատեղ՝ միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Այսինքն' 2 տարում կարելի կլիներ եւս մեկ այսպիսի գործարան հիմնել: Օրինակներ շատ կարող ենք նշել` տարեցտարի հարյուրավոր գործազուրկների համար կստեղծվեին միջին աշխատավարձով աշխատատեղեր, աղքատությունը կկրճատվեր, տնտեսությունը կզարգանար` թեկուզ ինչ-որ չափով: Իսկ այսպես...

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ