կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-24 17:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությունը պետք է պատասխանատվություն կրի, այլ ոչ թե ամեն ինչ պատվիրակի մասնավորին. Արթուր Խաչատրյան

Երբ ասում ենք, որ այս իրավիճակը քաղաքացու համար հնարավորինս անցավ պետք է լինի, նաև նկատի ունենք որոշակի քայլեր, որոնք կբավարարեն նրա նվազագույն պահանջները և թույլ չեն տա, որ նա մենակ մնա համավարակով պայմանավորված ռիսկերի առջև. ըստ yerkir.am-ի` մամուլի ասուլիսում, որտեղ ներկայացվում էին ՀՅԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Մասնավորապես` որոշակի ապրանքների համար  գները պետք է սառեցվեն ֆիքսվեն պետության կողմից. մենք տեսանք, որ այս իրավիճակի առաջին օրերին տարբեր խանութներում գները բարձրացան: Եթե անհրաժեշտություն լինի, որոշակի ապրանքների և դեղորայքի նորմավորում պետք է կիրառվի, իսկ երբ սահմանափակում է լինում, գայթակղություն է առաջանում այդ ամենը վաճառելու սև շուկայում: Պետությունն իր իրավապահ և վարչական բոլոր լծակները պետք է կիրառի` կանխելու համար սև շուկայի առաջացումը»,- նշեց նա:

Արթուր Խաչատրյանը կարևորեց այս պայմաններում գյուղացիական տնտեսություներին աջակցելը: «Գյուղատնտեսությամբ հարյուրհազարավոր ընտանիքներ են ապրում և սնում են մնացած մասին: Պետությունն այս փուլում որոշակի` առաջին անհրաժեշտության ապրանքների պատվեր պետք է իջեցնի գյուղացիներին` հացահատիկային մշակաբույսեր և այլն: Եվ եթե պատվեր է իջեցնում, այդ դեպքում թե՛ ջուրը, թե՛ պարարտանյութերը, թե՛ թունաքիմիկատները պետք է տրամադրվեն անվճար»,- առաջարկեց նա:

Խոսքն ամփոփելով` ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամն  ասաց, որ  չինական` ճգնաժամ արտահայտող հիերոգլիֆը երկու մասից է բաղկացած` վտանգ և հնարավորություն: «Հնարավորությունն է` վերագիտակցել պետության դերը, որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի, այլ ոչ թե ամեն ինչ պատվիրակի մասնավորին և հույսը դնի քաղաքացիների բարձր ինքնագիտակցության վրա: Դեռ մի ամիս առաջ ուրախանում էինք, որ «Ռայնէյրը» եկել է Հայաստան և 50 եվրոյով կարող ենք թռչել Եվրոպայում սուրճ խմել ու հետ դառնալ: Հիմա ունենք ճգնաժամ, իսկ «Ռայն էյրն» այևս չկա: Բայց պետությունը նույնիսկ մի կուկուռուզնիկ չունի, որ ինչ-որ տեղից դրանով ապրանք բերի»,- նշեց Արթուր Խաչատրյանը: