կարևոր
523 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 10:26
Հասարակություն

Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»

Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր ձախողումը վստահաբար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի գոյությունն ու կտրուկ անհետացումն է՝ կոռուպցիոն ռիսկերով եւ դրսեւորումներով:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն բաժնեմասային ներդրում էր իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։

«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է մեզ քաջ հայտնի երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը եւ «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Այսինքն՝ պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի: Երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման եւ տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են, անշուշտ։ ԱՆԻՖ-ի եւ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի միջեւ համագործակցության արդյունքում կառուցվել է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնը եւ սպորտային զվարճության հարթակը։ Ինչպես նաեւ ներդրումներ էին իրականացվել «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացման եւ համարային ֆոնդի ավելացման համար։ Ֆոնդի մասնակցությունը այս ծրագրում կազմել է 25% – 49%, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 798 մլն ՀՀ դրամ` գրեթե 2 մլն դոլար։

Հավելենք նաեւ, որ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն գրանցված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում։ ՓԲԸ-ի հիմնադիրը Տիգրան Չիբուխչյանն է. նա ընկերությունում ունի 22.9% բաժնեմաս։ Իրական շահառուների մասին հայտարարագրում շահառու է նաեւ ԱՄՆ քաղաքացի Ամուր Ավակյանը, ով ունի 19.6% բաժնեմաս։ Իրական շահառուների ցանկում է նաեւ Իրինա Չիբուխչյանը 26.3% բաժնեմասով եւ Արտակ Չիբուխչյանը՝ կրկին 26.3% բաժնեմասով։ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի 4.7% բաժնետեր է նաեւ Արսեն Գաբրիելյանը։

Հավելենք նաեւ, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներդրվել էր 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման համար։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ավիաընկերության՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր նաեւ։ ԱՆԻՖ-ը նաեւ ներդրումներ է արել Hard Rock սրճարանում, Fly Arna ավիաընկերությունում, Ֆոնդը նաեւ արաբական Masdar-ի հետ իրականացրել էր «Այգ-1» ծրագիրը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ձախողված ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց, չարդարացրեց իրեն, եւ դեռ 5 միլիոն դոլար էլ պետբյուջեից կրկին հատկացվեց, որ լուծարվի: Կարճ ասած՝ ԱՆԻՖ-ը մեր բյուջեի վրա արժեցավ 18 մլն դոլար:

Թե ովքեր են ԱՆԻՖ-ից օգտված «մասնավորները», կներկայացնենք հաջորդիվ»: