Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011 թվականի մարտ ամսին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել, իսկ այնուհետեւ Ուկրաինայի իշխանություններին է արտահանձնվել Մերաբ (Սուսլով) Ալոյանը: Նրան մեղադրում են երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ, որը կատարելիս զոհվել է նաև ոստիկանության երկու աշխատակից: 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում, որն ուժի մեջ է թողել դատավճիռը: Նշված որոշումը բողոքարկվել է Ուկրաինայի Վճռաբեկ դատարանում, որը մի քանի գործով հրապարակային լսումները հետաձգելուց հետո՝ փետրվարի 13-ին, քննում է գործը:
Շաբաբ Ալոյանը, որպես գործարար, հայտնի է հատկապես ԱՊՀ երկրներում: Նա սպանվել է 2009 թ. Կիեւի «4 Room» կահույքի առևտրի կենտրոնում, որի 60 տոկոս բաժնեմասի սեփականատերն էր, իսկ մնացածը պատկանում է Մերաբ Ալոյանին: Ուկրաինայի իրավապահները հայտարարեցին, որ սպանության պատվիրատուն հենց սպանվածի ազգական Մերաբ Ալոյանն է, որը հանցավոր խմբավորման ղեկավար է՝ ազդեցիկ «օրենքով» գող: Սակայն ավելի ուշ նույն իրավապահները չեն կարողացել որեւէ կերպ հիմնավորել մասնագիտությամբ տնտեսագետ գործարարի կապը քրեական աշխարհի հետ:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքով` Մերաբ Ալոյանի դատավարությունն ընթացել է լրջագույն խախտումներով: Մասնավորապես՝ Մերաբ Ալոյանի մեղադրանքի հիմքում ընկած են երկու անձանց՝ Դավիթ Բատիկյանի (մեղադրվում է սպանությունը կատարելու մեջ) եւ նրա կնոջ՝ Ռոզա Նայթի ցուցմունքները, որոնք ստացվել են խոշտանգումների, օրինակ` գլխին և երիկամներին հարվածելու, պոլիէթիլենային փաթեթով շնչահեղձ անելու, քնից, բնական պահանջները հոգալուց եւ ուտելիքից զրկելու, սպառնալիքներ հնչեցնելու և այլ` արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային բնույթի գործողություններով. նրանցից պահանջել են ցուցմունք տալ այն մասին, որ սպանությունը պատվիրել է Մերաբ Ալոյանը:
Ղազարյանը նաեւ նշում է, որ մեղադրանքի հիմքում ընկած են նաեւ երեք անձանց ցուցմունքներ, որոնց ինքնությունը, սակայն, չի բացահայտվել ոչ միայն մեղադրյալին, այլ նաեւ դատավորներին: Նրանք չեն հարցաքննվել ո՛չ նախաքննության փուլում, ո՛չ դատարանում, Մերաբ Ալոյանը երբեք նրանց չի տեսել, հարցեր չի ուղղել նրանց, մինչդեռ վերջիններիս ցուցմունքները որպես ապացույց են օգտագործվել նրա դեմ:. Ընդհանուր առմամբ՝ գործով անցնող 29 վկաներից 22-ը դատարան չեն հրավիրվել ու նրանց հարցաքննելու հնարավորություն չի տրվել: Դատաքննության ընթացքում մոտ 6 ամիս Մերաբ Ալոյանը զրկված է եղել իր փաստաբաններին տեսնելու հնարավորությունից, հնարավորություն չի տրվել ծանոթանալու քրեական գործի նյութերին, փաստաթղթերին, իսկ թարգմանիչ տրամադրվել է միայն դատաքննության 4-րդ ամսում, որին հնարավորություն է տրվել քրեական գործի նյութերը Մերաբ Ալոյանի համար թարգմանել միայն դատարանի դահլիճում կամ ընդմիջումների ժամանակ՝ գործի քննությանը զուգահեռ: Բացի փաստաբաններին առաջարկվող գումարներից, նրանց վրա ճնշումներ են գործադրվել, իսկ դատաքննության վերջին փուլում Մերաբ Ալոյանին ու նրա փաստաբաններին հեռացրել են դատարանի դահլիճից: Նա զրկվել է իր` վերջին խոսքի հնարավորությունից: Վերաքննիչ դատարանում գործի քննությունը իրականացվել է երկու նիստով, որոնք անցկացվել են առանց Մերաբ Ալոյանի փաստաբանների, լրագրողներին արգելվել է ձայնագրել կամ տեսաձայնագրել նիստերը, հարցեր ուղղել Մերաբ Ալոյանին: Ուկրաինայի ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են այս դատական գործի աղաղակող խախտումներին: Մի շարք ուկրաինացի իրավապաշտպաններ և լրագրողներ սեփական հետաքննությունն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ սպանողը (պատվիրատուն) Մերաբ Ալոյանը չէ։
Մոտ երեք տարի գտնվելով կալանքի տակ` Մերաբ Ալոյանը բազմիցս բարձրաձայնել է կալանքի անմարդկային պայմանների ու կալանավայրում իր նկատմամբ բազմաթիվ ոտնձգությունների, ֆիզիկական հաշվեհարդարի համար բազմաթիվ հրահրումների ու սպառնալիքների մասին, իր նկատմամբ տարբեր հետապնդումները, նվաստացումները, խոշտանգումները, ինչպես նաև ընդգծված խտրական վերաբերմունքը պարբերական բնույթ են կրում։ Օրինակ` մի անգամ Մերաբ Ալոյանին դատարանի դահլիճ են բերել` պարկը գլխին հագցրած։ Որպես պատասխան նրա բողոքներին` կալանավայրի ղեկավարությունը երեք ամիս շարունակ պահել է նրան պատժախցում: Դատարանի շենքում տուժողի հարազատները ոստիկանության ներկայությամբ բռնություն են գործադրել Մերաբ Ալոյանի ծնողների նկատմամբ՝ հարվածելով ու սպառնալիքներ հնչեցնելով նրանց հասցեին, սակայն իշխանությունները քրեական գործ չեն հարուցել դեպքի առթիվ՝ նույնիսկ բողոքի առկայության պայմաններում: Տուժողի հարազատները ոստիկանության ներկայությամբ բռնություն են գործադրել նաև լրագրողների նկատմամբ՝ հարվածել են նրանց, վնասել տեսախցիկը եւ այլն, ապա դատավորի պահանջով հեռացվել են դահլիճից, սակայն որեւէ քրեական գործ այս մասով նույնպես չի հարուցվել: Տուժող կողմը (սպանվածի եղբայրը՝ Ջամալ Ալոյանը) բացեիբաց հայտարարել է, որ Մերաբ Ալոյանին ձերբակալելուց հետո 10 ավտոմեքենա է նվիրել ոստիկանությանը: Եվ ոստիկանությունը դա ընդունել է, այն դեպքում, երբ նույն գործով կատարում է նախաքննություն:
Արա Ղազարյանի կարծիքով` բացահայտորեն խախտվել է Մերաբ Ալոյանի արդար դատաքննության իրավունքը: Այժմ Ղազարյանն օգնում է գործարարի փաստաբաններին Եվրադատարան դիմելու հարցում: Ընդ որում՝ գանգատները վերաբերելու են տարբեր դրվագների: Օրինակ՝ մինչ օրս Ուկրաինայի իշխանությունները Մերաբ Ալոյանի որդուն թույլ չեն տալիս մուտք գործել իրենց երկիր, տեսակցել հորը եւ կառավարել նրա բիզնեսը: Մերժումը մեկնաբանվում է հետեւյալ կերպ. «Եթե բացահայտենք մերժման հիմքերը, կբացահայտենք օպերատիվ-հետախուզական աշխատանքի մեթոդները»:
Ըստ Ղազարյանի՝ Մերաբ Ալոյանի հետ կատարվածը տնտեսական հիմք ունի` ուզում են նրա բիզնեսը խլել: Ուստի անհրաժեշտ է այս գործի վրա սեւեռել նաեւ միջազգային կառույցների ուշադրությունը: