կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-14 14:55
Քաղաքական

Միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել. ԱԺ 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել. ԱԺ 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը

 

ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի տեքստը ներկայացնում ենք ստորեւ:

 

Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականության դրսևորումն են: Շատ կարևոր է, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կանգնած են նրանց կողքին, ինչը քաղաքացիական հասունության նոր որակ է հաղորդում օրինական պայքարին:

 

 ՀՀ Ազգայի ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները անթույլատրելի ու դատապարտելի են համարում Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի՝ իրենց լիազորությունները գերազանցող մեկնաբանություններն ու պարզաբանումները, որոնք հակասում են Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը:

 

Մենք ակտիվ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում ավելի լայն թափով ու կազմակերպվածությամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին հորդորում ենք՝ հետևել Սահմանադրական դատարանի իրավական պահանջին, բացառել աշխատակիցների հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները:

 

Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքնաչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից:

 

  Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը:

 

Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը և պատրաստ ենք անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչև հաղթանակ:

 

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

«Ժառանգություն» խմբակցություն

«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

 

14.02.2014


թ.