կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 18:03
Մշակույթ

Հախվերդյանի արձագանքը, երբ նրան ″մաեստրո″-ով դիմեցին

Հախվերդյանի արձագանքը, երբ նրան ″մաեստրո″-ով դիմեցին

Դավիթ Ամալյան, Ռուբեն Հախվերդյան, Լիլիթ Պիպոյան... Մարդիկ, ովքեր արվեստագետ, մտավորական կոչումների հետ չեն հարմարվում: Yerkir.am-ը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանից փորձեց պարզել` վերջին շրջանում շատ չե՞նք այս ու այն կողմ բաշխում այդ տիտղոսները:

 

- Բառեր կան, որ տեսակ են պահանջում, եւ դրանց մեջ հայտնվելու համար ապրելը քիչ է: Մի անգամ ծանոթներիցս մեկը շատ հետաքրքիր միտք ասաց` Հախվերդյանն ափսոս է` ապրելու համար: Ռուբոն իմ ընկերն է, Աստված իրեն հազար տարվա կյանք տա, ու Աստված չանի` մազը ծռվի, ես շատ ծանր կտանեմ: Մտավորական բառը վերջին սերնդի ներկայացուցիչներից կարող ենք Ռուբոյին ասել, Սաթյանին, նրանց, որոնց աշնանային ժամանակաշրջանն է հիմա: Ռուբոյի մոտ էլ, երբ նրան մտավորական են ասում, չի ընդունում: Լաչինում մի քար կա, միշտ մարտական ընկերներով գնում ենք էդ քարի մոտ ու խմում: Մի օր տղերքից մեկը Ռուբոյին ասաց` մաեստրո, էսինչ բանը ո՞նց անենք: Ռուբոն, թե` արա՛, ի՞նչ մաեստրո, շները …են մաեստրոյի գլխին:

 

Սաշն /Ալեքսանդր Մելքոնյան` ազատամարտիկ, քանդակագործ/ ասում էր` արվեստով զբաղվող մարդը, ով իրեն արդեն կայացած է համարում, արվեստագետ չէ, պահածոյի տուփ է, ուղղակի վրան խաբար չկա, քանի որ միայն պահածոյի տուփն է կայացած` փակեցիր, վերջ: Մարդու ամենամեծ պրոբլեմը գալիս է ինքնասիրահարվածությունից, այդտեղ վերջանում է մարդը, այսինքն` կենսաբանորեն ապրում է, ուտում, խմում, լողանում, չնայած նրանք լողանալու կարիք չունեն, որովհետեւ, մեկ է, չեն մաքրվելու: Ինքնաստորացումն էլ է մեզ բնորոշ` «արա, դե մեր ազգը սենց-նենց»: Այ էսպես խոսացողին որ հարցնես` ախպե'րս, դու մի բան արե՞լ ես էդ ազգի համար, պատասխան չի ունենա:

 

Մտավորականը Թումանյանն է, Չարենցը, Սահյանը: Կուզեի դիմել էն մարդկանց, ովքեր նկարվում էին ու իրենց պատգամը փոխանցում մյուսներին պաստառների միջոցով, թե «Իմ զենքն իմ գրիչն է»: Այ բալամ, ախր Չարենցի զենքը զենքն էր, է՜, գրիչը չէր, իսկ նրա գրչի ծայրի մեկ գրամը ձեր ամբողջ քաշն է: Երկու երգ երգողը ո՞նց կարող է մտավորական համարվել: Եթե հեռուստացույցով շատ եք երեւում ու ձեզ համարում եք մտավորական, էդ նույն սկզբունքով մտավորական է նաեւ «Բարֆ» լվացքի փոշին, էլ չասեմ «Նայսեր Դայսեր» դանակների մասին` սրանք երեւի արվեստի վաստակավոր գործիչ են: Էդպես չի, կարգն էդպես չի: