Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Մաքսային միությունը նախատեսում է Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքել: Լրագրողներն այսօր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե այդ դեպքում` Հայաստանը չի՞ շտապել ՄՄ-ին անդամակցելու որոշում կայացնել:
Նախարարը վերլուծելով ներկայացրեց, թե կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքներով ինչ կլիներ, եթե Հայաստանը Եվրամիության հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրեր, եւ ինչ կլինի, եթե ՄՄ գոտու հետ ազատ առեւտրի համաձայնագիր է ստորագրում:
«Բացի մաքսային դրույքներից, ամբողջ աշխարհում կիրառում են նաեւ տեխնիկական կանոնակարգեր կամ բարիերներ, որոնք վերաբերում են ապրանքների որակին: Փաստը մնում է փաստ' եթե Հայաստանի Հանրապետությունը ստորագրեր եվրագոտու երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչ կլիներ դրանից հետո կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքներով: Կարճաժամկետում' մենք բացում էինք ճանապարհը եվրոպական ապրանքների համար, որոնք պետք է ազատ ներմուծվեին Հայաստան, իսկ Հայաստանի ապրանքները, որպեսզի արտահանվեին դեպի Եվրոպա, պետք է բավարարեին անվտանգության ու տեխնիկական պահանջներին: Այսօր մենք դրան պատրաստ չենք, հարցն այն չէ, թե մենք վատն ենք կամ լավն ենք, այդ անցման համար պետք է ժամանակ, ընդ որում' 3-5 տարի»,- իր տեսակետները ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:
Իսկ եթե գնում ենք Եվրասիական միության գոտու հետ ազատ առեւտրի ճանապարհով, պարզաբանեց նա, ապա պետք չէ մոռանալ, որ բոլորս նույն ստանդարտներն ենք կիրառում, որոնց հիմքերը դրված էին ԽՍՀՄ տարիներից: Եվ այս առումով` կարճաժամկետ կտրվածքով Հայաստանը սկսելու է ե'ւ ներմուծել ապրանքները ՄՄ գոտու երկրներից, ե'ւ արտահանել: Այսինքն' որակի առումով տեխնիկական խոչընդոտներ չեն լինելու:
«Հիմա, եթե մենք գնում ենք ՄՄ, արդյոք չպե՞տք է փոխենք մեր ստանդարտները, չէ՞ որ եվրագոտու շուկան ավելի մեծ է' այնտեղ 500 միլիոն մարդ է ապրում, այս գոտում' 170: Դա է պատճառը, որ թե' Մաքսային միությունը, թե' ՄՄ անդամ երկրները, թե' Հայաստանը` առանձին, հետեւյալ սկզբունքն են որդեգրել, որ առաջիկա 3-5 տարիներին մենք անելու ենք բոլոր այն բարեփոխումները, որպեսզի մեր որակի ստանդարտները համապատասխանեցնենք եվրոպական որակի ստանդարտներին, որպեսզի մեր բոլորի ապրանքները նույնպես արտահանելի լինեն եվրոպական գոտու երկրներ: Այստեղ իրար հակասող կամ խանգարող գործընթացներ այս պահին առկա չեն, դրա մասին ե'ւ ՄՄ գոտու երկրներն էին վաղուց հայտարարում, ե'ւ մենք, պարզապես մեկ անգամ եւս հայտարարվեց այն մասին, որ մենք մեր ստանդարտները փոփոխելու ենք, բարձրացնելու ենք որակի պահանջները եւ հասցնելու եվրագոտու պահանջներին»,- ներկայացրեց ֆինանսների նախարարը:
Ինչ վերաբերում է ՄՄ-ին անդամակցելու հետեւանքով մաքսային տուրքերի դրույքաչափերի փոփոխություններին, ապա այս առումով Հայաստանի վերաբերյալ, ինչպես նշեց Դավիթ Սարգսյանը, իրադրությունը հետեւյալն է' 3 երկրներ իրար հետ եկել են փոխհամաձայնության, օրինակ` մաքսատուրքի դրույքաչափերի կապակցությամբ, ու բնական է, որ եթե Հայաստանն անդամագրվում է Մաքսային միությանը, դժվար է ակնկալել, որ մենք կկարողանանք փոխել արդեն իսկ պայմանավորված դրույքաչափերը:
«Դրա համար մեր աշխատանքն այս պահին ավելի շատ ուղղված է լինելու մի շարք ապրանքային խմբերի, որոնք մեր տնտեսության ու տնտեսվարողների շահերից են բխում, դրանց գծով ստանալ այդ դրույքաչափերի կիրառման բացառություններ' որոշակի ժամկետով' 1-2-3 տարի: Ինչ կստացվի` ըստ բանակցությունների: Հետագայում, երբ մենք արդեն ՄՄ-ի լիիրավ անդամ դառնանք, բնական է, որ դրան հաջորդող բոլոր փոփոխությունները մեզ հետ համաձայնեցված են լինելու, որովհետեւ որոշումները ՄՄ-ում կայացվում են կոնսենսուսի սկզբունքով»,- ասաց Դավիթ Սարգսյանը:
Այդ բացառությունները հնարավոր են այսօր, ներկայացրեց բանախոսը, որովհետեւ եթե հայկական կողմը մի ինչ-որ իքս ապրանքի գծով չի համաձայնում, օրինակ, 10 տոկոսից մաքսային դրույքաչափը դարձնել 15 տոկոս, բայց համաձայնում է 3 տարի հետո, դեռ չի նշանակում, որ 3 տարի հետո մենք դա 15 տոկոս ենք դարձնելու: Որովհետեւ Ռուսաստանը պարտավորություն ունի Առեւտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ, եւ մինչեւ 2015-2016 թվականները ապրանքների մեծամանության գծով մաքսատուրքերի դրույքաչափերը պետք է նվազեցնի: Դա նշանակում է, որ ոչ միայն մենք ենք բարձրացնելու ինչ-որ դրույքաչափեր, այլեւ իրենք են իջեցնելու: Դրա համար բանակցային այս գործընթացում, նշեց նախարարը, հայկական կողմը պետք է առանձնացնի բոլոր այն ապրանքների ցանկը, թե որտեղ մենք կարող ենք բարձրացնել դրույքաչափերը եւ որտեղ պետք չէ, որ բարձրացնենք, այլ ուղղակի վերցնենք թայմ-աութ, որովհետեւ, միեւնույն է, 2 տարի հետո իրենք են նվազեցնելու: