կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-25 12:42
Քաղաքական

Նորանշանակ դեսպանը դեր չունի ՀՀ-Մաքսային միություն հարաբերություններում

Նորանշանակ դեսպանը դեր չունի ՀՀ-Մաքսային միություն հարաբերություններում

Հայաստանու ՌԴ նոր դեսպանի նշանակումը կապված չէ Մաքսային միություն- Հայաստան հարաբերությունների հետ. լրագրողներին այսօր ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

 

Նա կարծիք հայտնեց, որ այդ Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերությունները չեն կարգավորվում դեսպանական մակարդակով, քանի որ դրանք տեղի են ունենում ուղղակիորեն նախագահական աշխատակազմերի մակարդակով: Ուստի դիվանագիտական այն խողովակները, որ օգտագործվում են արեւմտյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների դեպքում, այստեղ այնքան էլ արդյունավետորեն չեն օգտագործվում:

Սերգեյ Մինասյանն ասաց, որ, աշխարհաքաղաքական հարաբերությունների առումով, դեսպանների փոփոխությունը Հայաստանի համար հարց չի նշանակում, եւ դժվար թե մոտակա ժամանակներում մենք ինչ-որ բան տեսնենք` տարածաշրջանում ռուսական աշխարհաքաղաքական դիրքորոշման մասով, եթե, իհարկե, չլինեն աբխազական երկաթուղու վերագործարկման հետ կապված որոշ հարաբերություններ:

 

Ռուս-վրացական հարաբերությունների նոր հնարավորությունների կամ նոր զարգացումների մասին, ըստ Մինասյանի, հնարավոր է խոսել, քանի որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրվեց նոր կառավարություն` Իվանիշվիլիի գլխավորությամբ, հակառակ դեպքում` այդ հարաբերություններում որեւէ փոփոխություն չէր լինելու: Վրաստանի իշխանություններն ավելի վստահ եւ լուրջ կարող են առաջ գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում, երբ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետն ավարտվի:

 

Հարցին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի նշանակումը հայ-թուրքական հարաբերություններում, Սերգեյ Մինասյանը պատասխանեց, որ այդ հարաբերություններում, որպես լծակ, կարող է աշխատել ոչ թե ռուսական, այլ արեւմտյան եւ ԱՄՆ ուղղությունը:

 

«Ինչպես ցույց է տալիս ֆուտբոլային դիվանգիտությունը, Ռուսաստանի ամենամեծ օգնությունը Հայաստանին այս բանակցային գործընթացում եղավ լուռ հետեւելը: Արեւմուտքն այստեղ ունի ավելի մեծ լծակներ, քան Ռուսաստանը, որը Թուրքիայի հետ հարաբերություններում ունի իր սեփական շահերն ու առանձնահատկությունները: Եվ նոր դեսպանի նշանակումը լուրջ դեր չի կարող խաղալ հայ-թուրքական հարաբերություններում»,- ասաց քաղաքագետը: