Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 17:27
Քաղաքական

Հայաստանը` Պետերսի քարտեզից մինչեւ Մաքսային միություն

Հայաստանը` Պետերսի քարտեզից մինչեւ Մաքսային միություն

Ժամանակին արեւմտյան քաղաքական մտքի հսկաներից մեկը` Զբիգնեւ Բժեզինսկին, իր «Շախմատի մեծ խաղատախտակ» աշխատությունում նշել էր աշխարհի նոր վերաբաժանման եւ միջազգային հարաբերությունների տիրույթում նոր աշխարհակարգի ձեւավորման մասին: Նրա այդ հայտնի աշխատության մեջ միջազգային հարաբերություններում շահերի բախման ֆոկուսային կետերից մեկը համընկնում էր մեր տարածաշրջանի եւ մեր տարածաշրջանին հարող Մերձավոր Արեւելքի ու Միջին Ասիայի հետ:

 

Եթե հաշվի առնենք, որ քաղաքական մտքի այս ներկայացուցչի տեսակետները դարձել եւ դառնում են Արեւմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից իրականացվող աշխարհաքաղաքական գործողությունների համար կարեւոր նախահիմք ու գաղափար, ապա երրորդ աշխարհամարտը վաղուց արդեն սկսված է, եւ այժմ մեր տարածաշրջանում իրականացվում է Բժեզինսկու` «Մեծ Մերձավոր Արեւելք» գաղափարը, որի մասին նա գրել էր իր հայտնի աշխատության մեջ:

 

Դիտարկելով այս տեսակետը տարածաշրջանային զարգացումների համատեքստում` կարող ենք ասել, որ ամեն ինչ սկսվեց Իրաքից եւ Աֆղանստանից, երբ ՆԱՏՕ-ի զորքերը միջազգային ահաբեկչությունը ճնշելու պատրվակով մտան այդ երկրներ: Որոշ ժամանակ անց սկսվեց «արաբական գարուն» կոչվող շարժումը, որը սկզբում շատ արագ տարածվեց հյուսիսաֆրիկյան երկրներում: Այն ոչ այլ ինչ էր, եթե ոչ նախկին Խորհրդային միության, իսկ այժմ արդեն Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրների դուրս բերում այդ ազդեցությունից: Ժողովրդավարության հաստատման կարգախոսների ներքո Արեւմուտքն «ավերեց», օրինակ, Լիբիան` հանուն էներգակիրների, Եգիպտոսը, քանի որ այն տարածաշրջանում ֆիգուր էր, եւ այլն: Եվ հայտնի չէ, թե այս երկրներում ժողովուրդը դեռ ինչքան կչարչարվի նախկին կայունությունը վերականգնելու համար. Եգիպտոսը` փայլուն օրինակ: Սա հենց այն է, ինչ պետք էր «արաբական գարնան» սցենարի հեղինակներին: Բնականաբար,` միջազգային հարաբերություններում միշտ էլ փորձարկվում են տարբեր սցենարներ, եւ այս առումով` ԱՄՆ-ը արձագանքը չուշացավ:

 

Եթե ուզում ենք ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր Մերձավոր Արևելքում, պետք է վերադառնանք 2006 թվականի հունիս, երբ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն առաջին անգամ օգտագործեց «Նոր մեծ Մերձավոր Արևելք» արտահայտությունը: Թե դա ինչ էր նշանակում, երեւաց բառացիորեն մեկ ամիս հետո, երբ հրատարակվեց Պետերս ազգանունով ռազմական փորձագետի հոդվածը` քարտեզով:

 

 

 

Քարտեզից երեւում է, որ տարածաշրջանում ամերիկյան գեոստրատեգիայի նպատակը տարածաշրջանի ապագաղութացումից հետո ձևավորված սահմանների փոփոխությունն է:

 

Միջազգային փորձագիտական տեսակետներում հաճախ են հանդիպում դիտարկումներ, որ ԱՄՆ-ի պաշտոնական մոտեցումներից երևում է այս տարածաշրջանի երկրների ընդերքի հարստություններին տիրանալու տրամաբանությունը, առաջին հերթին` էներգակիրների տնօրինումը` տարածաշրջանում մարիոնետ ու անկենսունակ երկրներ, վարչակարգեր ստեղծելու ճանապարհով: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ այսօրվա դրությամբ հետհեղափոխական Եգիպտոսում, Լիբիայում, Իրաքում ընթացող անհանգիստ գործընթացները: Բոլոր այն երկրները, ուր Արևմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի, կարողացավ անցյալ մի քանի տարիներին հասնել հեղաշրջումների, այսօր անկայուն և լարված են: Ինչը վկայում է, որ հեռու չէ ԱՄՆ-ի կողմից այդ երկրներում «կարգուկանոն հաստատելուն» ուղղված քայլերի հերթը:

 

Բայց, մյուս կողմից, ինչպես երեւում է Պետերսի քարտեզից, «արաբական գարունը» պետք է արտահանվեր ավելի արեւելք` դեպի Իրան: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն ժամանակ, երբ Արեւմուտքը Իրանի դեմ սկսեց քարոզչական, տնտեսական ու քաղաքական դեմարշ, հենց ամենասկզբից փորձագիտական հանրույթը նշեց Սիրիայի մասին` որ մինչեւ Արեւմուտքը չչեզոքացնի Սիրիան, Իրանի դեմ ոչինչ չի կարող ձեռնարկել: Եվ համաշխարհային շահերի բախման կիզակետը տեղափոխվեց Սիրիա:

 

Փորձագետները մեր տարածաշրջանին ու դրան հարող տարածաշրջաններին վերաբերող վերլուծություններում արդեն իսկ նշել են Ռուսաստանի կարեւոր կեցվածքի մասին: Այստեղ ընթացող պրոցեսները, նրանցից շատերի կարծիքով, ուղղված են հենց Ռուսաստանին ու նրա դերի թուլացմանը: Ռուսաստանում էլ սա շատ լավ հասկանում են` դատելով ռուսական պետական ապարատի գործողություններից եւ փորձագիտական տեսակետներից: Արդեն որոշակի առումով ակնհայտ է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Իրանի ու Սիրիայի հարցերում լուռ համաձայնությամբ ընդունել են հականատօական կեցվածք:

 

Արեւմուտքի հակաիրանական քաղաքականությունն, ի վերջո, վնաս է Ռուսաստանին, քանի որ անմիջապես ներխուժում է ռուսական շահերի գոտի ու ավելի է մոտենում բուն Ռուսաստանի սահմաններին եւ, ի վերջո, նաեւ Չինաստանին` թե’ տնտեսական, թե’ քաղաքական առումներով: Դրա համար էլ Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի եւ Սիրիայի դեմ ինչ-որ բանաձեւ ընդունելիս միշտ վետո են դնում կամ դեմ են քվեարկում, խոչընդոտում են այդ բանաձեւերի ընդունելուն:

 

Բոլոր դեպքերը զարգանում են անմիջապես մեր տարածաշրջանի «շախմատային տախտակին»: Եվ, անկախ Հայաստանի կամքից ու ցանկությունից, ինքնըստինքյան այդ խաղատախտակի վրա ինչ-որ ֆիգուրի կամ պարզապես զինվորի դեր է հատկացված նաեւ Հայաստանին: Պայքարող թիմերն էլ արդեն ստեղծված են կամ ստեղծվում են` ի դեմս ԱՄՆ-ի` Արեւմուտքի թիմով, ու Ռուսաստանի, որը միայնակ հանդես չգալու նպատակով նույնպես թիմ է հավաքում` նախաձեռնելով Մաքսային միությունն ու Եվրասիական միության ստեղծման մասին հայտարարելով:

 

Եվ եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ հստակ էր, որ Հայաստանը կանգնած է բարդ ընտրության առջեւ` ո՞ր թիմի կազմում հանդես գալ, առավել եւս, որ չեզոք «մրցավարի» դերում հանդես գալու ռեսուրս եւ կշիռ, ցավոք, չունի, ապա հիմա ամեն ինչ, կարծես, հստակ է` Ռուսաստանը` արջի բնավորությամբ ու քաղաքականությամբ, վերջնականապես որոշեց` սեւերի՞, թե՞ սպիտակների կողմից պետք է հանդես գանք: Այժմ միջազգային հարաբերություններում կողմերը մկաններն են տաքացնում Սիրիայում ռինգ դուրս գալուց առաջ…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ