կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 19:24
Առանց Կատեգորիա

Դեպի Մաքսային միություն կամ հերթական դիվանագիտական ֆիասկոն

Դեպի Մաքսային միություն կամ հերթական դիվանագիտական ֆիասկոն

Պաշտոնապես հաստատվեց, որ այսօր Ռուսաստանի նախագահի Նովո Օգարյովոյի նստավայրում կայացած` Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան բանակցությունների արդյունքում ստորագրված` երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ Հայաստանը որոշում է ընդունել անդամակցել Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությանը: "Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում"-բանակցություններից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Սերժ Սարգսյանը` այդ որոշումը բացատրելով հետևյալ կերպ. " գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից":

 

ՀՀ նախագահը ոչ միայն հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ընդունված որոշման մասին, այլև հավելել է, թե անհրաժեշտ է այդ նպատակով ձեռնարկել գործնական քայլեր` հետագայում նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու ուղղությամբ: Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղային ցանցում մոտավորապես 15 մլրդ ռուբլու ներդրումներ է անելու, իսկ ռուս մասնագետները աշխատանքներ են տանելու Հայաստանի ատոմակայանի շահագործումը երկարաձգելու ուղղությամբ:

 

Այսպիսով` կարելի է ասել` Հայաստանի եվրաինտեգրման մեծ խաղը մոտեցավ իր հանգուցալուծմանը` հերթական անգամ արձանագրելով հայկական դիվանագիտության խայտառակ ձախողումը: Հայաստանը ոչ միայն ընտրեց,   Մաքսային միությունը, այլ նաև նախաձեռնողականություն և պատրաստակամություն ցուցաբերեց` կյանքի կոչելու պուտինյան Եվրասիական միության` բնույթով իմպերիալիստական գաղափարը: Այս մասին Սերժ Սարգսյանի արած պնդումը, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանի ընտրությունը վերջնական է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, թե Հայաստանը ամբողջությամբ ջուրն է լցնում դեռևս 2010-ից ընթացող ու բոլորովին վերջերս ավարտված` ԵՄ-ին Հայաստանի ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի շուրջ բանակցությունները:

 

ԵՄ-ն ամենատարբեր մակարդակներով բազմիցս է հստակ հայտարարել, որ Մաքսային միությունը ընտրելու պարագայում Հայաստանը զրկվելու է այդ համաձայնագրերը ստորագրելու և դրանցով նախատեսվող նոր ռեժիմներից օգտվելու հնարավորությունից: Այլ կերպ ասած` մի կողմից Հայաստանը կորցրեց իր կշիռը եվրոպական տարածքում և զուգահեռաբար կրկին Ռուսաստանին զոհաբերեց իր ինքնիշխանության մի մասը: Ըստ էության` պետք է արձանագրել, որ այս հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի աննախադեպ ուժեղ ճնշման, շանտաժային քաղաքականության արդյունքում:

 

Մինչև Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարելիք աշխատանքային այս այցը ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, թե նախագահները քննարկելու են Մաքսային միության հետ Հայաստանի փոխգործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր: Հայաստանի և ԼՂՀ անվտանգության խնդիրները կապելով Մաքսային միության հետ կապված հիմնահարցին` պաշտոնական Մոսկվան հենց սկզբից հասկացրեց, թե ինչ կարող է արժենալ ռուսական ուղեգծից հրաժարվելու` Երևանի հնարավոր որոշումը: Հայաստանի ընդունած այս որոշման վերաբերյալ նախագահների համատեղ հայտարարություն ոչ այլ ինչ է, եթե ոչ Սերժ Սարգսյանից գրավոր ստացված հավաստիացում, ինչով Մոսկվան Երևանին ուղղակի զրկեց հետագայում մանևրելու հնարավորությունից` ըստ էության այլևս չհավատալով ՀՀ իշխանությունների բանավոր խոսքին:

 

Եվ, այնուամենայնիվ, պետք է ենթադրել, որ Հայաստանը գնացել է այս նվաստացուցիչ քայլին` Մոսկվայից լուրջ ֆինանսական, գուցե նաև այլ կարգի օժանդակություն ստանալու երաշխիքներ ստանալով: Պատահական չէ, որ Պուտինը հենց այս հանդիպման շրջանակներում է խոսում Հայաստանի երկաթուղային համակարգում 15 մլրդ ռուբլու ներդրումների և և Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու պատրաստակամության մասին: Դժվար է ասել` որքանով է համեմատելի Ռուսաստանի խոստացած ֆինանսական ներդրումների ծավալը այն միջոցների հետ, որը խոստանում էր ԵՄ-ն Հայաստանի կողմից ասոցացման և ԽՀԱԱԳ-ի համաձայնագրերն ստորագրելու պարագայում, բայց ակնհայտ է, որ այս ընտրության հարցում որոշիչ դեր են կատարել ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական գործոնները:

 

Մոսկովյան այս այցը, սակայն, Սերժ Սարգսյանի համար խնդիրը դեռևս չի փակում: Առջևում ԵՄ-ին պարզաբանումներ տալու` չափազանց բարդ ու ցավագին պրոցեսներն են, որոնք կարող են Հայաստանի վրա իսկապես ծանր նստել: Այն, որ վարած` երկու լարերին միաժամանակ խաղալու անհաշվենկատ քաղաքականության պատճառով Հայաստանը կորցնելու է վստահելի գործընկերոջ` քիչ, թե շատ համարումը, կարելի է չկասկածել, եթե Սերժ Սարգսյանը չկարողանա երկաթյա հիմնավորում գտնել Մոսկվայում այս հայտարարությունը ստորագրելու համար, որը գործնականում այս պահին թվում է անհնարին: Առ այսօր Հայաստանը երկու անգամ միայն փորձել է ԵՄ ինտեգրացիոն պրոցեսներից հրաժարվելու կամուրջներ ստեղծել`հղում կատարելով Թուրքիայի հետ փակ սահմաններին և այդ հարցում ԵՄ-ի անզորությանը: Եվ չի բացառվում, որ Երևանը կփորձի իր կատարած ընտրությունը բացատրել հենց այս հանգամանքով, ինչը, իհարկե, չափազանց թույլ ու անհամոզիչ է թվում: Պետք է սպասել, որ այս որոշումը լուրջ հետևանքներ է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլ նաև Սերժ Սարգսյանի իշխանության համար, որն առ այսօր վայելում էր Արևմուտքի բացարձակ վստահությունն ու աջակցությունը, որի շնորհիվ ապահովեց իր իշխանության վերարտադրումը անցած ընտրություններին: Այդ ամենն այժմ արդեն լուրջ վտանգի տակ է, թեև պետք է ենթադրել, որ իշխանության պահպանման և Հայաստանում իրավիճակի վերահսկելիության երաշխիքները Սերժ Սարգսյանը փորձած կլինի ստանալ Պուտինից, այսինքն` ստիպված կլինի ԵՄ-ի տանիքը փոխարինել Մոսկվայի հովանավորությամբ: Ամեն դեպքում Հայաստանին առաջիկայում արտաքին քաղաքական ցնցումներ են սպասվում, և դժվար է ասել` որքանով է Սերժ Սարգսյանի վարչակարգը պատրաստ դրանց:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ