Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրակոցներ միշտ էլ լինում են, դա սովորական բնույթ է կրում: Այս պատասխանը սահմանամերձ համայնքների ղեկավարներից լսում ենք գրեթե ամեն անգամ, երբ թշնամու կողմից արձակված հերթական կրակոցներից հետո փորձում ենք ճշտել` արդյո՞ք գյուղացիները վնաս չեն կրել:
Այս անգամ, սակայն, Տավուշի մարզի սահմանամերձ` Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի գյուղապետերին բարկացրել էր երեկ երեկոյան լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմի արձակած կրակոցների պատճառով իրենց գյուղերի բնակիչներին տարհանել են, եւ այժմ նրանք գտնվում են հատուկ կացարաններում: Համայնքապետերին ամենից շատ վրդովեցրել է այն, որ այդ տեղեկությունը իբր տրամադրել են որոշ գյուղացիները:
«Մեր գյուղացին կյանք ա, իրա հողը չի թողել, չի էլ թողնելու: Ով որ գրել ա, թող գնա պատասխան տա, մեր գյուղացու պատվի հետ չխաղա, մեզ մոտ լուրջ մարդիկ են ապրում»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նա նշեց, եթե կրակոցների հետևանքով մարդկային կորուստներ չեն լինում, ապա ամեն բան կարգին է: Ըստ նրա` դրա ապացույցն այն է, որ գյուղի դպրոցը գործում է, և երեխաները նորմալ դասերի են հաճախում: «Բոլոր կրակոցներն իրար նման են. պարզ ա` կրակում են, խուճապ է, բայց նորմալ է դա մեզ համար»,- ասաց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, անդրադառնալով մարդկանց տարհանելու լուրերին, հայտարարեց. «Ո՞վ ա իմանում: Մեկը որ վախկոտի մեկն ա լինում, տենց բաներ ա ասում, բայց այգեպարցիները բարձր մակարդակով, անվախ մարդիկ են: Տենց բան չկա, ի՞նչ խուճապ, ի՞նչ բան, մենք ստեղ ենք ծնվել, մեծացել, ո՞նց կարանք գյուղը լքենք: Թուրքը ո՞ւմ շունն ա, որ նրանից վախենք կամ փախնենք, մեր համար մեր դիրքերում մեր տղաները նրանց լռեցնում են ու պատասխանում են` մեկին տասն էլ պատասխանում են» :
Խոսելով ադրբեջանական կողմի` «սև հունվարի» ընթացքում կատաղելու մասին` գյուղապետը նշեց. «Կատաղում են, թող կատաղեն, գլուխները թող պատին տան: Մերոնք էլ լավ պատասխանում են, թող նրանք մտածեն: Գյուղի կեսն էլ զինված է, սպասում ենք մեր հրամանատարին, որ գործենք: Այստեղ, փոքր երեխուց սկսած, գիտեն, թե որ տրամաչափի զենքից են կրակում, սովորական բան է մեզ համար, ի՞նչ խուճապ: Թող թուրքերը խուճապի մատնվեն»:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե սահմանային գծում երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չէին լսվել, Այդինյանն ասաց. «Նրանց մոտ երևի ներքին հակասություններ կան, մեկը մեկի ոտքի տակը քանդում ա»:
Իսկ ապատեղեկատվությունների վերաբերյալ էլ նշեց. «Նման ապատեղեկատվությամբ մեր անունը արատավորում են: Ի՞նչ է նշանակում` մի խումբ այգեպանցիներ, դրանով նրանք գյուղին են վիրավորում, բնակչությանը, թշնամուն են ուրախացնում: Ամոթ ա, վերջիվերջո մենք մեր զինվորականների հետ կապի մեջ ենք, մենք խնդիր չունենք, մենք ինֆորմացիային տիրապետում ենք, ինչ լինում է, մենք քաջատեղյակ ենք»: