Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ՊԲ-ն տեղեկացրել էր, որ երեկ ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին:
«Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 19-ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված էր ՊԲ հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գյուղում իրավիճակը նորմալ է, կրակոցներն ավելի շատ եղել են Մարտակերտի այլ գյուղերի ուղղությամբ։
«Մյուս գյուղերի իրավիճակից տեղեկություններ չունեմ, բայց մեզ մոտ այս պահին վիճակը նորմալ է։
Թշնամին, իհարկե, պարբերաբար կրակում է, լինում են դեպքեր, երբ կրակում են հենց գյուղի ուղղությամբ, նաև դիրքերին։ Այդ կրակոցների հիմնական նպատակը խաղաղ բնակիչներին վախեցնելն է»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց՝ իրավիճակն այնպիսին է, ինչպես եղել է շրջափակման հենց առաջին օրվանից։
«Սպասում ենք, տեսնենք՝ երբ է մի լույս բացվելու Արցախի վրա, այսպես չի կարող երկար շարունակվել»,- եզրափակեց Վարդան Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հատկապես վերջին երեք օրերի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի և Արցախի սահմանների տարբեր ուղղություններով վերսկսել է սադրիչ գործողություններ իրականացնել։ Հունիսի 13-ին նախ կրակեցին Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվեց երկու օտարերկրյա քաղաքացի։ Այնուհետև Հակարիի կամրջի վրայով առաջ էին շարժվել Տեղ համայնքի ուղղությամբ և փորձել տեղադրել ադրբեջանական դրոշը, կրակոցների հետևանքով ՀՀ սահմանապահ էր վիրավորվել։ Դրանից հետո էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է անօդաչու թռչող սարք: