կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 17:53
Քաղաքական

Աստված չանի 2-ից հետո գան, տղերքը զինված սպասում են. Շուռուխի գյուղապետ

Աստված չանի 2-ից հետո գան, տղերքը զինված սպասում են. Շուռուխի գյուղապետ

«Ում ձեռքին զենք կա, եկեք մեր հողն ու ջուրը պահենք»։ Այս կոչով Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ դիմել էր գյուղի բնակիչներին՝ հորդորելով պահել իրենց պապական հողն ու ջուրը։ Շուռնուխի կեսը, մեկ տասնյակից ավելի բնակարաններ անցնելու են ադրբեջանական կողմին։ Այսպես է որոշվել Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտնի հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն ասել է, որ մինչեւ հունվարի 2-3-ը գյուղացիները կմնան իրենց տներում։ Թե դրանից հետո ի՞նչ է լինելու,  Yerkir.am-ը փորձեց պարզել Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանից։

 

-Պարո՛ն Արշակյան, փաստորեն, շուռնուխցիներին այս անգամ էլ ժամանակ են տվել թողնելու տները մինչեւ հունվարի 2-3-ը։  Իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու։

-Անորոշ է, անորոշ կարգավիճակ։ Էրեխեքն իրենց տանը պիտի արխային քնեն՝ մինչեւ նշված ժամանակը։

-Գյուղացիները կհեռանա՞ն:

-Նրանք գնալով ավելի վճռական են դառնում։

-Մարդկանց կոչ էիք արել պահել իրենց իրենց հողն ու ջուրը։ Մինչդեռ վարչապետն անձամբ է ասել, որ նոր սահմանազատմամբ այդ տները հայտնվում են ադրբեջանցիների տարածքում։ Ի վերջո, նրա որոշմամբ են հիմա ադրբեջանցիները Շուռնուխում։ Սյունեցիների միակ հույսը, փաստորեն, համայնքապետերն են։ Չե՞ք մտածում, որ Ձեզ էլ կկալանավորեն, ինչպես արեցին մյուս համայնքապետերի դեպքում։

 -Վաղը, մյուս օրը կարող է ինձ էլ կալանավորեն։ Եթե կառավարության համար համայնքապետը խոչընդոտ է, վերացնում են իրենց ճանապարհի բոլոր խոչընդոտները։ Այսօր դա են անում, վաղը գուցե ես խոչընդոտ դառնամ, ասեն՝ ի՞նչ զորք ես հավաքել գլխիդ, քո մի կտոր հողն ուզում ես պաշտպանե՞լ։ Ամեն ինչ հնարավոր է։ Ամեն դեպքում՝ տղերքը այստեղ են, եկել են, տրամադրությունները տեղն է՝ չիմանալով, թե հետոն ինչ է լինելու։ Ուղղակի գյուղացիներին խնդրել ենք՝ իրենց վերջին զակատը, որ պիտի խոխեքը ուտեն, հանեն տներից, որովհետեւ ամսի 2-ից հետո չգիտենք՝ ինչ ա կատարվելու։ Տղերքն ամեն դեպքում կազմ ու պատրաստ են։

 -Շուռնուխցիները ադրբեջանցիների հետ նույն գյուղում ապրելու համակեցության եզրեր տեսնո՞ւմ են։ Փաշինյանն ասում էր՝ սյունեցիների անվտանգության համար է արվում այս սահմանազատումը։

-Այս ի՞նչ հարց եք տալիս, այս հարցը ինձ չպետք է տաք։ Դա նշանակում է՝ առավոտ արթնանամ, աչքերս մաքրեմ, թուրքին ասեմ՝ արի, չայ խմենք միասին։ Էս ի՞նչ հարց եք տալիս, ո՞ւմ հետ ապրենք նույն գյուղում՝ թուրքի՞, որը գիշերը քնած մարդուն գլխատում է։ Այս գյուղում հիմնականում երկրապահ տղերքն են բնակվում։ Նրանք ո՞նց կարող են թուրքի հետ ապրել, չի կարելի այսպիսի հարցեր տալ։

-Պարո՛ն Արշակյան, նման հարց եմ տալիս, որպեսզի ղեկավարության եւ անհեռատես անձանց համար պարզ լինի՝ թուրքի հետ անհնար է ապրել։

-Վաղն իմ թոռը պիտի ասի՝ իմ պապը վաճառվեց, իմ պապը… ու ամենավերջին բառը։ Չի կարելի, չի կարող այդպես լինել։

-Նիկոլ Փաշինյանն առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Վարչապետը Շուռնուխում ունի՞ աջակցություն։

-Ես միայն իմ կարծիքն ասեմ․ այս պահին Շուռնուխի կողքին կանգնած է մեր տեղական ինքնակառավարման մարմինը՝ համայնքապետարանը, փորձում ենք, խելք խելքի տալով, հարց լուծել։ Իսկ եթե Փաշինյանը մտածում է, որ Շուռնուխը մերը չի, թող մտածի։ Ինձ չի հետաքրքրում իր մտածածը, ինձ հուզում է՝ իմ ժողովրդի, իմ հողի հարցը։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գալու է՝ բնակվի Շուռնուխում, մասնավորապես՝ այդ 12 տներից մեկում։ Նա այդքան դատում ու հասկանում է, այդքան կա։ Իր՝ Խնձորեսկի ջոկատով գալու է Շուռնուխում նստի, Հակոբի՝ ինձ մոտ, որովհետեւ ամեն մի թիզ հողն այդ տղու համար արժեք ունի։

-Փաշինյանը հավաստիացնում էր, որ համարժեք փոխհատուցում կտա այդ տներից դուրս եկած գյուղացիներին, որոշվե՞լ է, թե երբ են տալու։

-Չեմ կասկածում, որ կտան։ Բայց հասկացեք՝ տան հարցը չի, տան տակի հողի հարցն ա, տնամերձի հարցն ա։ Էն մի սանտիմետրը, որ մերն է, ինչի՞ զիջենք։ Դա չի լինելու, ոնց ուզում է լինի։ Ես մարդկանց առաջարկել եմ պահել իրենց հողը։ Եթե ինչ-որ մեկն ասի՝ ես գնացի, թող գնա, իր զենքը վերցնի ու գնա։ Բայց նման բան չի լինելու։ Մեր տղերքը զինված, կազմ-պատրաստ սպասում են, Աստված չանի 2-ից հետո գան, հանեն։ Չպիտի դուրս գանք։ Ես չեմ կասկածում մեր սահմանապահ զորքի արիության վրա։ Ես չեմ հավատում, որ իրենք հեռվից կնայեն, թե ոնց է կռվում գյուղացին։ Կանգնելու է սահմանապահ զորքը մեր տղերքի կողքին։

-Եթե ամսի 2-ին այնպես ստացվի, որ, այնուամենայնիվ, դուրս գաք, ի՞նչ գործողությունների եք գնալու։

-Մի լույս կբացվի։ Աշխատում ենք, ձեռքներս ծալած նստած չենք։ Նախապատրաստական աշխատանքներ, այնուամենայնիվ, կատարում ենք անվտանգության հարցերը լուծելու նպատակով։ Տղամարդիկ մնալու են, կանայք կտեղափոխվեն գյուղի վերեւի հատված, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում։

-Իսկ ինչպե՞ս  են իրենց պահում ադրբեջանցիները։

-Լկտի, լրբի նման։

-Ի՞նչ են անում։

-Գոռում են, ընդհուպ մինչեւ ռուս սպայի, գեներալի վրա։

 

Լիանա Սարգսյան