կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 15:37
Քաղաքական

Իմ ճանաչած Ռոբերտ Քոչարյանը սքողված կամ դավադիր ձևով չպետք է մտնի քաղաքականություն. Գալուստ Սահակյան

Իմ ճանաչած Ռոբերտ Քոչարյանը սքողված կամ դավադիր ձևով չպետք է մտնի քաղաքականություն. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չէր ցանկանա Ռոբերտ Քոչարյանին տեսնել «այդպես փթով խոսողների դաշտում» եւ համաձայն չէ Քոչարյանի գնահատականների հետ, քանի որ, ըստ նրա, «չի կարելի այդպիսի դավադիր վերաբերմունք ձևակերպել, ուղղորդել կամ հորինել Հանրապետականի նկատմամբ, այն դեպքում, երբ Հանրապետական կուսակցությունը վստահ է իր ուժերին»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների վերաբերյալ իր տեսակետը հայտնելիս Գալուստ Սահակյանն ասաց, որ, իհարկե, ցանկացած քաղաքացի կարող է իր կարծիքն ունենալ, բայց Ռոբերտ Քոչարյանի խոսքը վերաբերում է ոչ ոքի, իսկ նրա որակումները սկզբունքորեն չեն կարող ընդունելի լինել որևէ հանրապետականի համար: Քննադատել կարելի է ցանկացած աշխատանք, բայց, ըստ Գալուստ Սահակյանի, Հանրապետական կուսակցության գլխավորությամբ աշխատանքներն արվել են ոչ թե ցանկությունների, այլ հնարավորությունների սահմաններում: Ըստ պատգամավորի` ամեն ինչ քննադատելը ոչ թե դրական իմպուլսներ է ստեղծում, այլ ինտրիգներ:

 

«Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խոսքում տեղ գտած դարձվածներին, կարծում եմ` կարելի էր քաղաքական տրամաբանությանը մոտ լեքսիկոն օգտագործել: Չէի ցանկանա նրան տեսնել այդպես փթով խոսողների դաշտում»,- ասաց պատգամավորը:

 

Գալուստ Սահակյանի համոզմամբ` տարիներն այնպիսի կշիռ են տվել Հանրապետական կուսակցությանը, որ չի կարելի կուսակցությանը այդպիսի ուղղորդված խոսքեր ասել: Ըստ նրա` Հանրապետական կուսակցությունը օժտված է ավելի շատ համագործակցելու, քան բաժանման եզրեր գտնելու կարողությամբ:

 

«Այս տարիների ընթացքում համագործակցությունից ավելի շատ շահել են համագործակցող քաղաքական թիմերը, որովհետև կարողացել են ավելի ակտիվանալ և, ունենալով լծակներ, մեծացրել են իրենց քաղաքական դաշտը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Հանրապետական կուսակցության վրա է ընկած կարևոր որոշումների ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը:

 

Նրա խոսքով` Քոչարյանի հարցազրույցի «բումը» շահարկման խնդիր է դարձել, մինչդեռ վարչապետը հստակ պատասխանել է, որ Ռոբերտ Քոչարյանի և Անդրանիկ Մարգարյանի կառավարման տարիներին տնտեսական տեսակետից բնակարանային շինարարության մեջ արագացված պրոցեսները ինչ-որ տեղ պետք է պայթեին:

 

«Չեմ ուզում, որ մի կաթիլ մեղրի պատմությունը դառնա, որովհետև քաղաքական դաշտը հարմարեցման պրոցեսի մեջ է, չի կարելի այդ ամայության մեջ ենթադրյալ օազիսներ փնտրել: Այսօր մենք ավելի լավ իրավիճակում ենք գտնվում միջազգային արենայում»,- ասաց նա: Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանին զայրացրել է Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունը` շատ խնդիրներ բարդել նախորդ իշխանությունների վրա, Գալուստ Սահակյանը նշեց, որ սկզբնական շրջանում այդպես է մեկնաբանվել վարչապետի խոսքը, բայց հետո հենց վարչապետն է պարզաբանել, որ ինքը չի ուզում մեղադրել որևէ մեկին: Իսկ Հանրապետական կուսակցությունն այսօր փորձում է լուծումներ տալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին գրանցած հաջողություններին ու անհաջողություններին:

 

«Թիրախ դարձնել վարչապետին, նրան սիրել կամ չսիրել քաղաքական առօրյայում, մենք դրա կողմնակիցը չենք: Իմ ճանաչած Ռոբերտ Քոչարյանը սքողված կամ դավադիր ձևով չպետք է մտնի քաղաքականություն»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Հարցին` հնարավո՞ր է համարում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի Ռոբերտ Քոչարյանին, պատգամավորը պատասխանեց, որ տրամաբանորեն նման ենթադրությունը տեղ չունի, որովհետև ոչ թե կրկնվելու ճանապարհով պետք է շարժվեն առաջ, այլ առաջխաղացումը ապահովելու ճանապարհով: «Թողնենք անձերին ու սպասենք: Մենք ընտրական ճանապարհը կառուցում ենք ոչ թե պոպուլիզմի, այլ աշխատանքի վրա»,- ասաց նա:

 

Գալուստ Սահակյանի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանն այս հարցազրույցներով հանդես չի եկել որպես քաղաքական գործիչ, որովհետև դա կնշանակեր ակտիվ դիրքորոշման արտահայտում բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ, իսկ հարցազրույցը անգամ ուշացած դիրքորոշում է: «Բոլոր նախորդ նախագահները լռում են, հետո չլռելու ճանապարհն է գալիս: Դա ճանապարհ չէ, դրա հետևանքներն էլ դրական չեն կարող լինել»,- ասաց Գալուստ Սահակյանը: