կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 14:24
Քաղաքական

Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվեց, թեկուզ` առանց դավադիր ընդդիմության. Գալուստ Սահակյան

Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվեց, թեկուզ` առանց դավադիր ընդդիմության. Գալուստ Սահակյան

Եթե ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով նախատեսված աշխատանքներին, ուրեմն` դավադիր վերաբերմունք է դրսևորում ԱԺ աշխատանքի նկատմամբ ու չի իրականացնում իր հանձնառությունը. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով հաշվիչ հանձնաժողովի ձևավորման շուրջ խորհրդարանական ընդդիմության հետ ծագած անհամաձայնության մասին:

 

Նրա խոսքով ՝ հաշվիչ հանձնաժողովը, որը, փաստորեն, բաղկացած է լինելու միայն կոալիցիոն խմբակցությունների անդամներից, նորմալ կարող է գործել ու իրականացնել իր աշխատանքները: «Քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է ամեն ինչի համար: Մենք նախկինում համաձայնության էինք եկել ընդդիմության մեր գործընկերների հետ, որ տարաձայնություններ չլինեն, ու իրենք հանձնաժողովի անդամ լինեն: Գիտեք, որ նախկինում կազմավորվում էր հավասար հարաբերակցությամբ, ով քանի տոկոս ձայն է վերցրել: Իսկ հիմա խնդիրը ծագեց ոչ թե քվեարկության քարտերի գողացման կամ ձեռքով քվեարկելու արդյունքում, այլ, որ դրանից հետո մարդիկ փորձեցին 70 հոգանոց խմբակցությանը թելադրել, որ չորս հոգով կարող են հավաքվել, հանձնաժողովի նախագահ ընտրել և հասարակությանն էլ ներկայացնել, թե իբրև իրենք գործ են անում՝ չմտածելով, որ ամեն նստաշրջանից առաջ հաշվիչ հանձնաժողովը նորից պետք է ձևավորվի»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Այն դիտարկմանը, որ ընդդիմությանը դրանով զրկեցին ամենափոքր ֆորմալ լծակից, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ հաշվիչ հանձնաժողովը որևէ բան որոշելու խնդիր չունի, այլ որոշում է նախագահի ու քարտուղարի խնդիրը, և այն քվեաթեթրիկները, որոնք կասկածելի են, անվավեր է ճանաչում: Գալուստ Սահակյանի խոսքով՝ ընդդիմության գործողությունների արդյունքում նախադեպ է ստեղծվում, որ հանձնաժողովի անդամները կարող են անել այնպես, որ չընտրվի հանձնաժողովի նախագահ, տեղակալ: «Այնպես է արված, որ ժամանակավոր հանձաժողովը պարզապես ֆիքսում է եղելությունը, ոչ թե որոշումը»,- ասաց նա: