կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-29 11:01
Աշխարհ

Գերմանիան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության համար Նամիբիային 1.3 միլիարդ դոլար կվճարի. ավելի վաղ Ֆրանսիան էր ճանաչել Ռուանդայի ցեղասպանությունը

Գերմանիան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության համար Նամիբիային 1.3 միլիարդ դոլար կվճարի. ավելի վաղ Ֆրանսիան էր ճանաչել Ռուանդայի ցեղասպանությունը

Գերմանիան պաշտոնապես ներողություն է խնդրել 20-րդ դարի սկզբին կայսերական Գերմանիայի գաղութային զորքերի կողմից ժամանակակից Նամիբիայի տարածքում հերերո և նամա ցեղերի կոտորածների համար: Այդ ժամանակ սպանվել էին այս ցեղերի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ:

«Հաշվի առնելով Գերմանիայի պատմական և բարոյական պատասխանատվությունը՝ մենք Նամիբիայից և զոհերի սերունդներից ներողություն ենք խնդրում»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

Նախարարը նաև շեշտել է, որ այսուհետ Գերմանիան 1904-1908 թվականներին տեղի ունեցած կոտորածները պաշտոնապես ցեղասպանություն կկոչի:

Որպես փոխհատուցում՝ Գերմանիան 1.3 միլիարդ դոլար կծախսի նամիբիացիներին և զոհերի ժառանգներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Մաասը շեշտել է, որ գումարը վճարվում է «զոհերին հասցված հսկայական տառապանքի» համար:

Գումարը Գերմանիան վճարելու է 30 տարիների ընթացքում. միջոցները կուղղվեն Նամիբիայի ենթակառուցվածքային նախագծերին, երկրի բնակիչների առողջապահությանը և կրթության ու վերապատրաստման տարբեր ծրագրերի:

Այս որոշումը արդյունք էր Նամիբիայի հետ հնգամյա բանակցային գործընթացի. պետությունը 1884-1915 թվականներին գտնվել էր գերմանացիների օկուպացիայի տակ:

Գերմանիան 2015-ին ճանաչել է ցեղասպանության փաստը, որից հետո Նամիբիայի հետ բանակցություններ էին սկսվել ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ: Այնուամենայնիվ, ցեղի մի շարք առաջնորդներ հրաժարվեցին ճանաչել Նամիբիայի և Գերմանիայի միջև փոխհատուցման պայմանագիրը. հայտնում է Նամիբիայի «Նոր դարաշրջան» պետական թերթը:

Նշենք, որ Մաասի հայտարարությունից մեկ օր առաջ էլ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության համար Ֆրանսիան էր ներողություն խնդրել՝ ընդունելով սեփական պատասխանատվությունը։