կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 14:12
Քաղաքական

Այդ մեդալն իմը չէ. Լեւոն Խեչոյան

Այդ մեդալն իմը չէ. Լեւոն Խեչոյան

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրի համաձայն` Հանրապետության տոնի առիթով մի խումբ արվեստագետներ պարգեւատրվել են ՀՀ շքանշաններով ու մեդալներով:  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրվել Արցախյան ազատամարտի մասնակից, արձակագիր, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր Լեւոն Խեչոյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Խեչոյանը նշեց, որ, ճիշտ է, դեռ շքանշանը իրեն չեն հանձնել, սակայն ինքը չի պատրաստվում այն ընդունել:

 

«Հրաժարվում եմ այն ընդունել, քանի որ չեմ կարող աչք փակել օրեցօր ավելացող արտագաղթի, սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանց, անտեսված ազատամարտիկների եւ այն իրավիճակի վրա, որն այսօր տիրում է մեր երկրում: Ինչպե՞ս կարող եմ մեդալ ստանալ, երբ իմ մարտընկերները Ազատության հրապարակում նստացույց են անում, ասեք, է, ինչպե՞ս»,- ասում է Խեչոյանը:

 

Ըստ նրա` ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նաեւ ինքը: «Եթե մարդիկ արտագաղթում են, եթե սոցիալական պայմանները գնալով վատթարանում են, գուցե ես լավ չե՞մ ծառայել կամ գուցե լավ չե՞մ գրել, որ մարդիկ թողնում-գնում են, որ ազատամարտիկները սոված են: Միգուցե եթե ես լավ գրեի, այդպես չլինե՞ր… «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»... Միգուցե թերացե՞լ եմ հայրենիքիս մատուցած ծառայությունների հարցում. համենայն դեպս, այդ մեդալն իմը չէ»,- ասում է գրողը: