կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 11:37
Մշակույթ

Իմ ու քո հպարտությունն է բանակը. համացանցային պրեմիերա` Լևոն Խեչոյան. «Խնկի ծառեր»

Լևոն Խեչոյանն ասում էր. «…Հավատացած եմ` անհատը միշտ իր հայրենիքում է ծաղկում, ամբարները, յուղի կարասները լցնում, ծիծաղկոտ աչքերով երեխաներ ունենում, տնտեսությունը առաջ մղում: Ծաղկեցրու քո հայրենիքը, տես` տեղ կունենա՞ս, թե՞ ոչ, տես` օտար ափերում հեծող քո արյունակիցները կվերադառնա՞ն, թե՞ ոչ…»:

Հայաստանի անկախության 25-րդ ամյակի կապակցությամբ ստեղծված webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության «Խնկի ծառեր» տեսաֆիլմը նվիրված է քաղաքացի, զինվոր, գրող Լևոն Խեչոյանին, որը նաև այդ անկախության կերտողներից էր...

Հիմքում Լևոն Խեչոյան մեծանուն գրողի մտածումներն են ազատության, անկախության, հայի, Հայաստանի, երկրի, հայրենիքի, պատերազմի, խաղաղության, զինվորի, հողի մասին...Խորքային մտածումներ, որոնք երևակում են «հողի դողը»...

Տեսաֆիլմի հեղինակն է Արայիկ Մանուկյանը, այն ստեղծվել է մշակույթի նախարարության աջակցությամբ:

Լևոն Խեչոյանը (1955-2014 թթ.) ծնվել է Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1988 թվականից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում: Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով: 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը: Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Խեչոյանի ստեղծագործություններում մշտապես ներկա է 20-րդ դարում հայերի վերապրած ողբերգությունների հիշատակը՝ Եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժ և 90-ականների պատերազմ: Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին: