կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 15:10
Առանց Կատեգորիա

″Պատմվածքներ: Հատվածներ հարցազրույցներից″. Լևոն Խեչոյան

″Պատմվածքներ: Հատվածներ հարցազրույցներից″. Լևոն Խեչոյան

Որևէ անհատ, կուսակցություն, իշխանություն գործում է այն չափով, ինչքանով ընկալում է ազգային կառույցի միջուկը: Ժողովրդի հասունության չափը, ապագայի խորություններին հայացք գցելու կարողությունը, փորձի վերլուծությունը. հենց սրանք են, որ վճռում, ուղեգծում են ազգերի պատմության սահմանները: Շատերը նույնիսկ չգիտեն` սիրո՞ւմ են, արդյոք, իրենց երկիրը, թե՞ հենց այնպես ապրում են այնտեղ: Այնինչ ամենախորքային հասկացությունն է, ահավոր խորհրդավոր է «հայրենիք» բառն իր զորությամբ: Հին դարերից մինչև մեր օրերը թանկագին կորստի այնպիսի հիշատակներ կան թիկունքներիս, ինչքան էլ նրանք կանչում, աղա­ղակում են, անգամ վախենում եմ հետ նայել` առասպելի հայտնի հե­րո­սի պես քար չդառնալու համար: Հենց այդ թանկագին, բացակա հիշատակներն են մեղրի թունդ անուշի պես այրում մեր ներսը: Այդքանից հետո փորձը, թեկուզ գուշակության չափ, մի բան սովորեցրած պիտի լիներ: Գիտեք, չէ՞, մեր բարի, հին հեքիաթների վերջում ինչ է ասվում. «Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը` լսողին, մյուսը` ականջ դնողին, էն մեկը` պատմողին»: Լսողի և ականջ դնողի միջև մեծ տարբերություն կա, այսինքն` ականջ դնողը պատմության իմաստնությունը սովորողն է, մարդկության` փորձով նվաճված արժեքները առաջ տանողը: Սակայն իմաս­տ­ություն տվողը խնձորներից մեկն է, բայց երեքի ներդաշնակ միասնությունից է հեքիաթի խնձորը իմաստության ոսկե խնձոր դառնում: Ազգային թերության պես մի բան է դեպքերից առաջ ընկնելը, իրա­դարձություններին խոտորնակի, համընթաց չքայլելը...

                                                         ***

Եթե դարերի միջով հետևենք հայրենիքը կորցնելու ենթագիտակ­ցական վախի ելևէջներին, կտեսնենք` սարսափը ընդհանրապես մեզ չի լքել: Ես չեմ հիշում որևէ ժամանակ մեր մեջ եղած լիներ, անգամ, ամենաբարձր մտավոր պայծառությամբ օժտված հանճարեղ մեկը, որ կարողանար խաղաղության մեջ ապրել, չվախենար թաշկինակի չափ մնացած երկիրը կորցնելու մտքից: Նման իրավիճակը ինչքան որ օգնել է պահպանելու մեր ինքնությունը` նույնքան վնասել է, մեկուսացրել է ինտեգրացումից: Կարծում եմ` երբեք էլ օրենսդիր Հռոմը, Բյուզանդիան, մեր օրերի Եվրոպան մեր որոնող մտքից չեն բացա­կայել: Անձնական կորուստների ժամանակ, հեռացողների համար կսկիծը մի առանձնությամբ, մի պատմվածքով, մի մտահղացմամբ սփոփվել է, բայց համընդհանուր աղետալի փորձությունների ժամա­նակ չեմ կարողացել խույս տալ անզորության և ունայնության զգա­ցո­ղու­թ­յունից, որ ամիսներով ընկճել, դեպրեսիայի մեջ է պահել:

                                                        ***

Ինձանով լինի` մեր դռան շեմի տակից հեռու պիտի քշենք անմիա­բանությունը, ողջը պիտի ոգեկոչվի` Բագրատունիների մարգա­րե­ական մտահայացությունը, Մամիկոնյանների նահատակու­թյան հասց­ված խիզախությունը, ոտքի պիտի լինի քաղաքացին, հերոսը, զինվորը: Սրբազան ծիսակարգ կատարող Աստվածաշնչի նման պի­տի գործի Սահմանադրությունը, օրենսդիր մատյանների դեմ հավասար պիտի լինեն առաջիններն ու վերջինները:

                                                                ***

Գրողն իր ճանապարհին, մեկ էլ մի օր, երբ մութը վրա է հասնում, կանգնում է, այդ ժամանակ կարող է արդեն հարյուր, հարյուր քսան տարեկան` երկրային ժամանակով ծերացած լինի, մորուքը ծնկներին է հասել, միզելուց կոշիկների քթերն է թրջում, ատամնաթափ է, հի­վան­դության ախտերը ներսն են թափանցել, ճանապարհներին բազում քաղաքներն ու գյուղերը հսկող շները սրունքները, ամայի անապատներում շնագայլերը հոշոտելով` մարմնի վրա ծառի փչակ­ների նման անցքեր են բացել: Նախկին անաղարտ, գեղեցկա­տես մարմինը կնճիռներով է պատվել, բայց ծառի փչակների նման անց­քե­րով մարմինը երգում է չորս ծագերից փչող քամիների ժամա­նակ: Սա կարևոր է, երգվող փորձը ամենախիզախ ճանապարհ­որդ­նե­րի որոնած` թանկագին քարի ընդամենը չնչին մի փշրանքն է: Սակայն այդ չնչինը, այդ փշրանքն է, որ հայրենիքի սահմանները ոչ միայն հորիզոնական է տեսնել տալիս, քան նրանք կան հիմա, այլ ուղղա­հայաց` ավելի հեռվին են հասցնում:

                                                             ***

Բոլոր ժամանակներում էլ իշխանության և ժողովրդի միջև մրցակ­ցություն է ընթանում: Իշխանությունները միշտ էլ ժողովրդա­կան հերոսներին զուգահեռ` իրենց ստեղծած կեղծ (պսևդո) հերոս­ներին են ասպարեզ հանում, որոնք հասարա­կու­թյանը ուղղորդելու, ցան­կա­ցած պահի նրա միակամության մեջ խառնակչություն առաջ­աց­նելու, հեշտ կառավարելու ատրիբուտներից մեկն են: Բայց, ի վերջո, ժողովրդի միջից ելած հերոսն է ապրում: Ժողովուրդը չգի­տակցված, բայց գոյություն ունեցող մի զգայարանով, որով աստղի ընկնելը, տարվա երաշտ լինելը, կնոջ` տղա կամ աղջիկ բերելն են գուշակում, այդպես էլ հերոսին` Անդրանիկին, Նժդեհին, Մանթաշ­ովին է ճանաչում: Նրան կորցնելուց` ամբողջ մարմինը տնքում է, ինձ թվում է` հերոս դառնալու խորհուրդը հենց այդ տնքոցի մեջ էլ թաքնված է:  

                                                         ***

Կարծում եմ` ֆիզիկական և հոգևոր կարգում ամենաներդաշնակ, վեհ զգացողությունն է ազատությունը: Առաջին մարդն անգամ դրախտից դուրս մնաց` խոստացված անմահությունը փոխարինելով բարին և չարն իմանալու ազատությունով: Դրանից հետո էր, որ մարդկությունը նկարիչների, բանասացների, երգահանների միջոցով իր լավագույն որդիներին սովորեցրեց` մեծ նահատակությունների արահետներով գնալ ազատությունը որոնելու: Պրոմեթևսը, Իկարը, Մհերը, Դավիթը, Չարենցը… նրանք էին լույսի զավակները, որ միշտ հայտնվում էին խավարի ճանապարհներին:

                                                                   ***

Լույս է տեսել Լեւոն Խեչոյանի «Պատմվածքներ: Հատվածներ հարցազրույցներից» գիրքը: Գիրքը կազմել է Սամվել Մկրտչյանը: Տպագրված է ԿԳ Նախարարության օժանդակությամբ /«Հայրապետ»: © 2012, Լևոն Խեչոյան: ISBN 978-9939-0-0527-0/:  Գիրքը կարող եք գնել «Բյուրոկրատ», «Նաիրի», «Նոյյան տապան» գրախանութներում: