կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-10 14:53
Քաղաքական

ԲՀԿ-ն հե՞տ է կանգնում. Զուրաբյանը «մեթոդոլոգիայի տարբերության» խնդիր է տեսնում

ԲՀԿ-ն հե՞տ է կանգնում. Զուրաբյանը «մեթոդոլոգիայի տարբերության» խնդիր է տեսնում

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համարում է, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև հակասություններ չկան: «Կարող են լինել բնական տարբերություններ, ասենք` շարժման մեթոդոլոգիայի կամ պայքարի ձևերի վերաբերյալ: Սա բնական է: Որևէ հակասություն գոյություն չունի, բայց որ տարբերություններ կարող են լինել մեթոդոլոգիայի մեջ, կրկնում եմ, բնական է, և անբնական կլիներ, եթե տարբերությունները չլինեին»,- ասաց նա` հավելելով, որ այդ տարաձայնությունները հաղթահարելի են:

 

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ-ն անսպասելի հայտարարություն էր տարածել` ԲՀԿ-ին բաց տեքստով ասելով, որ ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ: ՀԱԿ-ի հայտարարությանը արձագանքել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` հայտարարելով, որ ՀԱԿ-ի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին:

 

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ն հե՞տ է կանգնում սկսած գործընթացից, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ հետ է կանգնում: Չէ՛, մենք ընդամենը ներկայացնում ենք արդյունավետ պայքարի վերաբերյալ մեր մոտեցումները: Ոչ մեկին ո՛չ մեղադրում ենք, ո՛չ մուննաթ ենք գալիս, նման բան գոյություն չունի: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետները ու ցանկանում ենք, որ մեր տեսակետը հաղթի: Բայց վերջին հաշվով ամեն ինչ որոշվում է եռյակի քննարկումներում: Այնպես որ` բոլոր տարբերությունները հաղթահարելի են, առավել ևս, երբ մեր հետևում կանգնած է ժողովուրդը»:

 

Նրա համոզմամբ՝ ԲՀԿ-ի և Կոնգրեսի հարաբերությունների հիմքում փոխըմբռնումն է, գործընկերությունը: