|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եվ էլի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի արվեստանոցում եմ: Վերջին հանդիպումից կես դար, չէ, կես տարի է անցել, բայց արվեստանոցը շատ է դատարկվել` մի քանի նկար է մնացել, այն էլ` թաց-թաց: Նիկոլ Աղաբաբյանի գործերը տեղափոխվել են Նկարիչների միություն, որտեղ գեղանկարչի անհատական ցուցահանդեսն է բացվել: Նկարիչների միությունում արդեն զարմանքով են ինձ նայում` «ուզում ես հիշողությանդ մեջ բոլոր գործերը տեղավորե՞լ, էդ ինչո՞ւ ես ամեն օր գալիս»: Դե, արի ու ասա, որ այդքան շատ արև հիշողության մեջ չի տեղավորվի: Ընկերներիցս մեկն էլ այս առիթով ձեռ է առնում. «Կարի'ն, հենց ինչ-որ նկարի մեջ արև ես տեսնում, էն նկարչին ես, չէ՞, հիշում»: Հա, ինձ թվում է, որ արևի` էդքան լուսավոր ու մեծ լինելը սկսել եմ նկատել Աղաբաբյանի գործերում այն տեսնելուց հետո:
Yerkir.am-ի զրուցակիցն է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:
-Հախվերդյանը մի լավ երգ ունի` «Հիսունից հետո»-ն, հիսունից հետո էդ ի՞նչ շրջան է գալիս:
-Դժվարանում եմ ասել, մինչև 50-ը կարող եմ ասել, բայց հետոյի համար դժվար է ասել: Մինչև 50-ը շատ պատասխանատու է, իսկ 50-ի շեմին ամփոփում ես` ի՞նչ ես արել, մի լավ բան արե՞լ ես ու, ամենակարևորը, ի՞նչ ես արել քո երկրի, մեր Հայաստանի համար, արածդ իրենից ինչ-որ բան ներկայացնո՞ւմ է, միգուցե ավելին կարող էիր անել ու չե՞ս արել: Սրանք խնդիրներ են, որոնք ինձ միշտ անհանգստացնում են: Իմ` հաճախակի ցուցահանդեսներ բացելը պայմանավորված էր հիմնականում սրանով` եթե մի փոքր դրական էմոցիա էլ կարողանամ մարդկանց տալ` լավ է: Կարծում եմ` կարող էի մի 100 անգամ ավելին անել, արածս մի բան չի: Չգիտեմ` հետո ինչ կլինի, հետո հետոն ցույց կտա:
-Հիսունն այն տարիքն է, որ կարծես կիսում է կյանքը, ասում են նաև` հիսունից հետո հետհաշվարկ է սկսվում` հիսունին հաջորդում է 49-ը, 48-ը…
-Դա դեռ հարց է` 50-ից հետո կյանքդ կիսվո՞ւմ է, թե՞ ավարտում: Ժամանակը շատ կարճ է, անընդհատ չի հերիքում ինձ: Պետք է յուրաքանչյուրս շատ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր ժամանակին: Որպես առաջնային խնդիր մեզ համար` պետք է մեր երկիրն ունենանք մեր աչքի առաջ, մեր ընտանիքին ու հարազատներին, ընկերներին: Երկիրը զատ երևույթ չի, մարդկանցով է երկիրը երկիր` չքնաղ Հայաստանը լցվում է չքնաղ մարդկանցով: Մեր օրերը մի քիչ դժվար օրեր են, բայց, դժվար ասելով, ո՛չ սոցիալական խնդիրը նկատի ունեմ, ո՛չ էլ կիսապատերազմական վիճակը, այլ արժեքային համակարգը: Ցավալի է, բայց փաստ, որ արժեհամակարգը մեծ անկում է ապրում, որով պայմանավորված է մեր ճակատագիրը, և որին մենք «բանի տեղ» չենք դնում: Մարդիկ պետք է կարողանան սիրել, գնահատել իրար: Պատերազմի տարիներին յուրաքանչյուր հայորդի, որ առաջին գծում էր, ամենակարևոր մարդն էր աշխարհի, որովհետև ամեն մեկից էր կախված ընկերոջ ապրել-չապրելը, երկրի վաղվա օրը: Իսկ պատերազմը սարերի հետևում չէ, պատերազմ կլինի, քանի որ մենք ուզում ենք մեր երկրում ապրել, մեր կորցրածը վերականգնել: Պատերազմ` տարբեր իմաստներով` նկարչության, մշակույթի միջոցով, քաղաքական ու ռազմի դաշտում: Այս պահին մենք պատրաստ ենք պատերազմի միայն ռազմի դաշտում: Շատ կարևոր է, որպեսզի անհատների հույսին չմնա պետությունը, մենք հազար տարի անհատների միջոցով ենք գոյություն ունեցել` Գարեգին Նժդեհը Սյունիք պահեց, Թաթուլ Կրպեյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթեն ` մեծ հերոսներ են այդ տղերքը, բայց էդպես երկիր չեն սարքում… Ֆիդայություն է նաև նկարչության մեջ, միայն Սարյանով դժվար է հայ գեղանկարչության դպրոցը երկար պահել:
-Ինչո՞ւ կամ ինչի՞ց ենք վախենում ամենակարևոր մարդկանց տեղ հատկացնել մեր կյանքում:
-Խնդիրը շատ լուրջ է, ես չեմ ուզում խիստ բառերով արտահայտվել, բայց մեր երկիրը մեր ձեռքում չի, այն ղեկավարվում է օտարների կողմից, և, բնականաբար, այդ օտարները մեր թշնամիներն են: Մենք դարձել ենք ինչ-որ ազգերի կոկորդին մնացած մի տեսակ, մի ազգի տեսակ, որը կուլ չի գնում ոչ մի կերպ: Ամեն ինչ անում են, բայց մեզնից չեն կարողանում պրծնել: Մենք էլ` գլուխներս կախ, միամիտ-միամիտ ապրում ենք ու… ապրում ենք, էլի: Բայց այսկերպ` առանց պետականության ապրելը գոյատևման խնդիր է ընդամենը: Պետական կառույցի ողնաշարն այսկերպ չի ամրանում, իսկ դրա համար կարևոր է բարոյահոգևոր դաշտն ամուր պահել, կրթական համակարգը կարգավորել: Մանկապարտեզից սկսած` երեխաներին կաթիլ-կաթիլ պետական մտածողության քարոզչություն պետք է անել: Սխալ չհասկանաք, չեմ ասում` թշնամացնել թշնամիների հետ: Պետք է իրենն արժևորելու հարցը լուծենք, կարծում եք` ինչի՞ց է, որ մի օտարերկրացի է գալիս, մենք խառնվում ենք իրար, քիչ է մնում` գլխներիս դնենք: Այդ օտարամոլությունը գալիս է նրանից, որ մենք մերը չենք արժևորում, մենք կարևորում ենք նրանց անկարևորներին, մեր կարևորներին չենք ուզում արժևորել: Հանուն երկրի ու պետականության կայացման` վերևից ներքև պետք է հոգեբանությունը փոխվի: Ես թքած ունեմ նկարչության վրա, եթե այն չպիտի նպաստի իմ երկրի զարգացմանը, իմ երկրի վաղվա օրվան… Կվառեմ իմ բոլոր կտավները:
-Գիտեմ, որ նկարելիս գնում-առանձնանում եք սարերում` մարդիկ խանգարո՞ւմ են:
-Ստեղծագործական պրոցեսն աստվածատուր է: Պետք է այնպես անես, որ ինքդ քեզ չխանգարես, դրա համար գնում, մենակ ես մնում, որ գոնե եթե խանգարելու լինեմ` ես ինձ խանգարեմ: Սարերում կտրվում ես ամեն ինչից, անում ես այն, ինչ անհրաժեշտ է այսօրվա ու վաղվա համար: Գնում ես սարեր ու ստեղծագործում ես մարդու համար, էն մարդու, որից փախել-գնացել ես սարեր: Այնպես չէ, որ ստեղծագործողները կատարյալ մարդիկ են, բոլորս մեղավոր մարդիկ ենք, այդ թվում` նաև ես: Ուզում եմ, որ նկարիչներս սարերից վերադառնանք դեպի մեր սիրուն ու անուշիկ Երևանը:
-Ասում եք` կարծես ուրիշ ազգերի կոկորդում մնացած լինենք: Մեր կոկորդո՞ւմ ինչ է մնացել:
-Մենք էն գլխից քրիստոնյա ժողովուրդ ենք եղել: 1-2 շաբաթ առաջ Ուխտասար էի բարձրացել, այնտեղ ժայռապատկերներ կան, գիտե՞ք, դրանց վրա ինչքան խաչեր կան, մ.թ.ա. 10-15-րդ դարերի խաչեր են, որոնք մեր նախնիներն են քանդակել: Այնտեղ հիմա հայ հնէաբանների հետ անգլիացիներ են աշխատում, և մենք պետք է ուշադիր լինենք, քանի որ նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ժառանգությունը չկապեն մեզ հետ, կասեն` աշխարհինն է: Ժամանակն է, որ մենք մի քիչ բայղուշանանք: Մաթևոսյանն էր, չէ՞, ասում` մի' եղիր այնքան դառը, որ թքեն, մի' եղիր այնքան քաղցր, որ կուլ տան" Մենք շատ քաղցր ենք եղել, հիմա պիտի մի քիչ դառնանանք, որ մեզ կուլ չտան: Պարտադիր չէ` սահմանում լարված լինի, որ մենք ֆոկուսի գանք, ամենօրյա պատերազմի գիտակցությունը մեր ներսում պետք է լինի, ամենօրյա այդ պատերազմը կա, բայց այն միակողմանի է` մեր դեմ կռվում են, մեզ խփում են, մենք չենք հակադարձում: Հայ ժողովուրդը քչով բավարարվող ժողովուրդ է, ի՞նչ է պետք` հանապազօրյա հացն ունենա ու իրեն չխանգարեն, և եթե մեր իշխանավորները ժողովրդին չխանգարեն, մեր երկիրը թե ծաղկուն երկիր չդառնա` ամոթ մեզ: Պետք չի մեզ օգնեն, իրենց օգնությունը թող իրենց մնա, բայց պետք էլ չի` գան ու իմ քրտինքով վաստակածը ձեռքիցս վերցնեն:
-Սկսել ենք հեշտ համակերպվել: Համակերպվում են, երբ ճար չի լինում, երբ չեն հավատում վաղվան, մեզ մոտ ինչի՞ հետևանքն է էս լուռ համակերպությունը:
-Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում` մտավորականությանը թուլացրին, մաս-մաս արեցին: Էխ, Սոս Սարգսյանը գնաց, իսկ մնացածողները շատ չեն, ո՞վ է մնացել, հա, Ռուբեն Հովսեփյանը մնաց: Սոս Սարգսյանն այնպիսի մարդ էր, որ կարող էր մեկի ձեռքը բռնել ու ասել, թե` այս բանը պետք է այսպես չանես, ու ինքն այնքան կշիռ ուներ, որ, անգամ չուզենալով, ենթարկվում էին: Հիմա դրանից էլ ենք զրկվել, զրկվել ենք նաև եկող սերնդի Սոսերից: Վերևների տեսողության դաշտը կարճ է, բայց կարծում եմ` մեր հախից գալ չի լինի, չի ստացվելու:
-Երբեմն ինքներս մեր հախից գալու կարիքը չի՞ լինում:
-Այո, էդպես էլ է լինում, անընդհատ պատերազմի մեջ ես առաջին հերթին ինքդ քեզ հետ: Մենք մեր էգոն պետք է մաքրենք: Հաճախ ես ինձ բռնացնում եմ, որ այսինչ բանն արեցի, որովհետև ոչ թե դա պետք էր, այլ ես էի ուզում: Մի բան էլ` օրենքը պետք է բոլորի համար շահեկան լինի, իսկ այսօր նոր օրենք են հանում` ինչ-որ մեկի գրպանը լցնելու համար, իսկ դա նպաստում է, որ մարդիկ հիասթափվեն ու թողնեն-գնան: Բայց ումի՞ց ես թողնում-գնում, քո ծննդավայրի՞ց ես գնում: Գնացողներին չեմ հարգում, ոչինչ չի արդարացնում նրանց գնալը: Գնացողը մնացողին իր չարածն է թողնում, ամեն գնացող իր անելիքը թողնում է մնացողի ուսերի վրա: Ըմբոստացման պրոցեսը, այո, թուլացել է: Ազնավուրն ասում է` աշխարհում վերջին մարդը որ պիտի մնա, հայը պետք է լինի: Այո, հայն է սկիզբն ու վերջը:
-Հույսներս մենք մեզ վրա՞ պիտի դնենք:
-Միմիայն: Մենք բարեկամ պետություն չունենք, թշնամիներ ու անտարբերներ լիքը ունենք, բայց բարեկամ չունենք: Հայի տեսակը ստեղծագործ է, ձևը գտնելու է էս ամենից դուրս գալու: Էդ ոնց էր` կռվի տարիներին բոլորը զենք էին պատրաստում, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը զինագործ էր դարձել, զենք էր պատրաստում: Նեղ օրերին միտքը լավ է աշխատում: Աշխարհի ամենալավ ժողովուրդը հայ ժողովուրդն է, ամենալավ մարդը` հայը: Հայը մարդ է, մարդը հայ է, թող մնացածը գնան-որոշեն` իրենք ով են:
Հ. Գ. Ի դեպ, օրերս, երբ նկարչի 50-ամյակի կապակցությամբ Նկարիչների միությունում բացվել էր նրա ցուցահանդեսը` Աղաբաբյանը պարգևատրվեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, իսկ Սփյուռքի նախարարության կողմից արժանացավ «Արշիլ Գորկի» հուշամեդալին:
Կարինե Հարությունյան