Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց օրերս ասուլիսի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած այն դիտարկմանը, թե Հայաստանում ներդրումների նվազման հիմնական պատճառը շինարարության ոլորտում սպեկուլյացիոն էֆեկտի առկայությունն էր, որի «փուչիկի» պայթելուց հետո ներդրումները դիվերսիֆիկացնելու խնդիր է առաջացել: Ակնհայտ էր, որ վարչապետը, փորձելով երկրի տնտեսության ներկայիս աղետալի վիճակն արդարացնել և իր դեմքը փրկել նախորդ իշխանությանև կառավարության թույլ տված սխաներին հղումներ կատարելով, իրականում «տակառ էր գլորում» հենց Ռոբերտ Քոչարյանի և նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղղությամբ:
2rd.am-ին տված կարճ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը շինարարության ծավալները անցած 5 տարիներին նվազելու երեք հիմանական պատճառ է նշում. մասսայական արտագաղթը, որը անշարժ գույքի շուկայում հանգեցրել է առաջարկի ավելցուկի և շինոլորտի գրավչության անկման, հիպոթեքային պայմանների վատթարացումը` բանկերի կողմից գրավադրվող գույքի ցածր լիկվիդայնության պատճառով և քաղաքացիների մոտ ձևավորված ապատիան, երկրի ու ապագայի հանդեպ հավատի կորուստը:
Քոչարյանի արձագանքը կարելի է բավականին կոշտ համարել, որով նա, փաստորեն որակում է տալիս ոչ միայն կոնկրետ շինարարության ոլորտում ստեղծված իրավիճակին, այլև ընդհանուր առմամբ վարվող տնտեսական քաղաքականությանը և կոնկրետ Տիգրան Սարգսյանի Կառավարության գործունեությանն ու արդյունքներին: Պատահական չէ, որ Տիգրան Սարգսյանին Քոչարյանը որակում է «թերարժեք վարչապետ» և ընդգծում, որ նա որքան էլ փորձի, չի կարող խուսափել առկա իրավիճակի համար պատասխանատվությունից:
Այդպիսով Քոչարյանն հստակ ուղերձ է հղում նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին` որքան հնարավոր է շուտ ազատվել նման վարչապետից:
Իր այս արձագանքով Քոչարյանը հետաքրքիր ինտրիգ մտցրեց քաղաքական դաշտում: Գոնե այդ մասով Ամանորյա տոներից հետո հաստատապես անհետաքրքիր չի լինելու: Հիմնական հարցը, որին հանգեցնում է Քոչարյանի հերթական այս հրապարակային խոսքը, այն է լինելու, թե սա ինչ նպատակ է հետապնդում. արդյոք սա զուտ ինքնապաշտպանական ռեֆլեքսիվ քա՞յլ է, թե՞ Քոչարյանն ավետում է իր վերադարձը մեծ քաղաքականություն: Քաղաքական հիմնական ուժերը, որոնք վերջին շրջանում հետաքրքրական վերադասավորումների մեջ են` կապված կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի և հայ-ռուսական գազային համաձայնագրերի շուրջ կողմնորոշման հետ, առաջին հերթին փորձելու են հասկանալ` ինչ սպասել Քոչարյանից և իրենց մարտավարությունը կառուցել հենց այդ սպասելիքների վրա:
Իր հերթին իշխանության ներսում ևս նոր սպասումներ են առաջանալու` պայմանավորված նրանով, թե ինչպես Քոչարյանի այս դեմարշին կարձագանքի Սերժ Սարգսյանը: Որպես կանոն, նման դեպքերում իշխանությանը հրահանգվում է մասշտաբային քարոզչական հակահարձակում, որի ողջ իմաստը իշխանության կառավարելիությունը կենտրոնացվածությունը և մոնոլիտությունը, դրանցով պայմանավորված Սերժ Սարգսյանի ուժը ցուցադրելու մեջ է: Բայց չպետք է մոռանալ, որ Սերժ Սարգսյանն ինքն է օրակարգ բերել Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի հարցը, որը փաստացի պետք է լուծվի առաջիկա փետրվար-մարտ ամիսներին: Համենայնդեպս նախագահն անձամբ է հանձնարարել Կառավարությանը այդ ժամկետներում հիմնավոր բացատրություններ ներկայացնել իր սահմանած` 7 տոկոս տնտեսական աճը չապահովելու պատճառների համար: Այսինքն այս հարցը արդեն օրակարգում է` առանց Քոչարյանի կամ որևէ մեկի կողմնակի միջամտության:
Այն խմբավորումները, որոնք թաքուն դժգոհ են գործող վարչապետի աշխատանքից, նրան պահելու Սերժ Սարգսյանի համառությունից և ընդհանրապես իշխանության կարկանդակից իրենց ունեցած փայաժանից, շատ հնարավոր է` փորձեն նոր հենման կետեր որոնել ՀՀԿ-ից դուրս, ինչը կարող է, օրինակ, նոր առնետավազքի տեղիք տալ: Դրա համար կարող է բավարար լինել Քոչարյանի կողմից մեծ քաղաքականություն վերադառնալու շատ ավելի ուղղակի ուղերձների հղումը կամ դրան ուղղված գործողությունները:
Այս իմաստով իշխանությունը նոր մարտահրավերի առաջ է կանգնելու, ինչը խոստանում է դիտարժան քաղաքական ձմեռ և տարեմուտ:
Գևորգ Աղաբաբյան