կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 18:19
Առանց Կատեգորիա

Որքան կդիմանա Սերժ Սարգսյանի ճնշմանը Ռոբերտ Քոչարյանը

Որքան կդիմանա Սերժ Սարգսյանի ճնշմանը Ռոբերտ Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանը չհիմնավորված համարեց Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելու` նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Սակայն Քոչարյանը դրանով ոչ թե բարեփոխումների անհրաժեշտության հրապարակային քննության թեմա առաջադրեց, այլ փորձեց հիմնավորել, թե նման նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանը փորձում է լուծել ընդամենը իշխող էլիտայի վերարտադրության խնդիր: «...Անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձևում` հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի, երկրի քաղաքական դեգրադացման նշան է»,- բառացիորեն ասում է Ռոբերտ Քոչարյանը` ակնարկելով, որ չի հավատում Սերժ Սարգսյանին և նրա մղումների ազնվությանը:

 

Եթե Քոչարյանը որոշել է իր «ժառանգորդի» հետ խոսել նման կոշտ լեզվով, նշանակում է` համարում է, որ դրա համար ունի լուրջ պատճառներ, և ինչ-որ բան, այնուամենայնիվ, նրանք չեն կարողանում համաձայնեցնել: Իսկ թե ինչի՞ մասին է խոսքը, հուշում է, թերևս, վերջին հարցազրույցում Քոչարյանի արտահայտած այն անուղղակի միտքը, թե 2005թ., այսինքն` իր պաշտոնավարման ընթացքում կատարված սահմանադրական առաջին փոփոխությունները ինքը չծառայեցրեց իշխանության վերարտադրման սեփական շահերին, թեեւ ուներ դա անելու լծակները: «Ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից` չկառչելով որևէ պաշտոնից»,- բազմանշանակ ասում է Քոչարյանը:

 

Խոսքի տերը լինելու մասին այս ակնարկը թույլ է տալիս ենթադրելու, որ երկրորդ նախագահը գուցե փորձում է Սարգսյանին հիշեցնել 2008-ին իշխանությունը միայն ժամանակավորապես, պուտինյան սցենարով նրան հանձնելու` իրենց միջև առկա հնարավոր ինչ-որ պայմանավորվածություններ: Եթե այդպես է, ապա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ այս հրապարակային կոշտ գնահատականներով Քոչարյանն, ըստ էության, բացատրություններ է պահանջում իր «ժառանգորդից» այդ պայմանավորվածությունները խախտելու մտադրության վերաբերյալ: Նման կասկած ունենալու հիմք է տալիս ապրիլի սկզբներին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե միևնույն անձը երկու անգամից ավելի իրավունք չունի լինել երկրի ղեկավար, ինչն իրականում այլ բան չէր, քան իշխանությունը վերադարձնելու մտքից հրաժարվելու կոնկրետ պահանջի ներկայացում Քոչարյանին: Սարգսյանը դա մատուցեց որպես փոխզիջում` պատրաստակամություն հայտնելով դրա դիմաց հրաժարվել իշխանությունը պահելու իր հավակնություններից և առաջարկելով Քոչարյանին միասին լուծել իշխանությունը նոր, իրենց համար ընդունելի, կոնսենսուսային ժառանգորդին` թերևս Հովիկ Աբրահամյանին փոխանցելու հարցը:

 

Որքանո՞վ է սա ընդունելի ամենաերիտասարդ թոշակառուն դառնալու մտքի հետ ոչ մի կերպ չհամակերպվող Քոչարյանի համար, այս պահին դժվար է ասել: Նա միանշանակ չի մերժում Սերժ Սարգսյանի առաջարկը` գովեստի խոսքեր հղելով Հովիկ Աբրահամյանի հասցեին, սակայն, մյուս կողմից, չի էլ ընդունում ամբողջապես: Դրա պատճառը, թերևս, մտավախությունն է, թե Սերժ Սարգսյանը պարզապես ցանկանում է իրեն թակարդը գցել, հանել խաղից և պահել իշխանությունը:

 

Սակայն Քոչարյանը իրավիճակի վրա ազդելու, այն փոխելու լուրջ լծակներ չունի: Սահմանադրական փոփոխությունները կատարվելու են գործող նախագահի ցանկությունների տիրույթում, և եթե Սերժ Սարգսյանը պնդի, որ երկու անգամից ավելի պետության գլուխ լինելու սահմանադրական նորմը պետք է հանվի, և դա ինչ-որ մեխանիզմով հետադարձ ուժ ունենա, ապա Քոչարյանը ստիպված է լինելու հրաժարվել բոլոր հավակնություններից: Մյուս կողմից` Քոչարյանը հայտնվել է ԲՀԿ-ից կատարյալ կախվածության մեջ, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն, իր հերթին, հայտնվել է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու` նախագահի որոշումից կախվածության մեջ: Դա նվազագույնի է հասցնում Քոչարյանի քաղաքական և անձնական ազդեցությունը թե' Ծառուկյանի և թե' Աբրահամյանի վրա:

 

Քանի դեռ երկրորդ նախագահը նման ցայտնոտի մեջ է, Սերժ Սարգսյանն ավելի է մեծացնում ճնշումը` փորձելով Քոչարյանին վերջնականապես ծնկի բերել և համոզել, որ կարող է կորցնել նաև ունեցած ողջ ստվերային իշխանությունը, և այլ տարբերակ, քան իր առաջարկած սցենարով իշխանությունը Հովիկ Աբրահամյանին թողնելն է, գոյություն չունի: Դրա համար նա գործի դրեց, այսպես կոչված, «մտրակի և բլիթի» մարտավարությունը: Նախ` սահմանադրական բարեփոխումների աննպատակահարմարության մասին հայտարարություններին որոշեց հակադարձել, ոչ ավելի, ոչ պակաս, հենց Հովիկ Աբրահամյանի շուրթերով, այն էլ այնքան կոշտ, որ կարելի էր կարծել, թե դրանց հեղինակը ոչ թե ժամանակին Քոչարյանի աջ ձեռքը հանդիսացող Աբրահամյանն է, այլ նրա ոխերիմ մրցակիցը: Խիստ հետաքրքական է Աբրահամյանի միջոցով արված արձագանքի այն մասը, որտեղ Աբրահամյանը Քոչարյանին անուղղակի մեղադրում է թաքնված, անազնիվ կանոններով խաղալու մեջ: «Նախագահ Սերժ Սարգսյանը բաց, ի լուր աշխարհի հայտարարեց իր ծրագրերի մասին՝ զերծ պահելով սահմանադրական բարեփոխումները անձնավորումից: Սա արդար է, ազնիվ ու ճիշտ: Վստահ եմ, որ եթե մեր քաղաքական ուժերն ու գործիչները հետևեն Սերժ Սարգսյանի օրինակին, հստակ, առանց տողատակերի բացեն իրենց ապագա ծրագրերը, ապա մենք, որպես երկիր, իսկապես կկարողանանք կարճ ժամանակահատվածում նաև սահմանադրական բարեփոխումների միջոցով լուրջ դրական տեղաշարժ արձանագրել հետագա զարգացման ճանապարհին»,- ասվում է Աբրահամյանի անունից հնչող պատասխանում:

 

Դրանով Սարգսյանը փորձում է նախ հասկացնել, թե իրականում իրենց միջև ընտրություն կատարելիս դեպի որ կողմն է հակվել Հովիկ Աբրահամյանը, և երկրորդ` որ ակնկալում է վերջնական պատասխան` ընդունո՞ւմ է իշխանությունը վերադարձնելու մտքից հրաժարվելու առաջարկը, թե՞ ոչ: Նույն օրը նա որոշում կայացրեց երկու ամսով երկարաձգել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկման համար սահմանված ժամկետը` հասկացնելով, որ իր պլանից շեղվելու ցանկություն չունի:

 

Բայց դրան զուգահեռ նա նախարարներ նշանակեց Քոչարյանի պաշտոնավարման շրջանի կառավարության առանցքային երկու դեմքերի` Դավիթ Հարությունյանին և Կարեն Ճշմարիտյանին, և չի բացառվում, որ հին, քոչարյանական «գվարդիայից» համալրումները շարունակվեն: Սերժ Սարգսյնաը ցույց է տալիս, որ չկա քոչարյանական կադրային բանկ, այլ կա իշխանության կադրային ներուժ, որին ինքն է տիրապետում, իսկ մյուս կողմից` գործադիր է բերում իրենց աշխատաոճով, աշխարհըմբռնմամբ ու ձեռագրով Քոչարյանի կողմից ընդունելի մարդկանց` ցույց տալով, որ կոմպրոմիսի գնալու իր պատրաստակամությունը ոչ թե խաղ է, այլ արդեն գործողության մեջ դրված պրոցես:

 

Գևորգ Աղաբաբյան