Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախընտրական քայլերթ են սկսել, որին միացել է նաև վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց՝ սա ցույց է տալիս, որ մենք ուզում ենք ունենալ մի պետություն, որն անուն չունի:
«Կամ՝ սա վերադարձ է կոշտ ավտորիտարիզմի, ինչպես նաև իրավական կամայականության դաշտ, քանի որ տոտալիտար լինել այլևս չենք կարող: Սա վերին աստիճանի անհանգստացնող է, մենք չենք կարող ոչ իրավական մեթոդներով հասնել իրավական պետության: 1999-2000-ին եղել եմ Ալբանիայում, և այդ ժամանակ Տիրանայի քաղաքապետը մի նկարիչ էր, որն ուրիշ բան չէր կարողանում անել, բացի այն բանից, որ շենքերի վրա տարբեր ֆիգուրների պատկերում էր կազմակերպում: Եվ նրան հարցրեցին՝ Դուք ուզո՞ւմ եք բան փոխել, նա ասեց՝ այո, ես ուզում եմ Տիրանան դարձնել ժողովրդավարական` ոչ ժողովրդավարական մեթոդներով: Մենք տեսանք, թե դա ինչի հանգեցրեց: Սա կործանարար ճանապարհ է: Պետք է հստակեցնել՝ Նիկոլ Փաշինյանի ջատագովները, այն ամբարտավան երիտասարդը (խմբ.-Ջիվան Աբրահամյանը) ավելի մեծ վտանգ է իրենցից ներկայացնում հենց իշխանության համար, քան տասը ընդդիմադիրը կամ ՀՀԿ-ն: Ժամանակին նույն բանն ասել եմ ՀՀՇ-ին և ՀՀԿ-ին, որ` ձեզ վտանգը սպասում է ոչ թե այն կողմից, որը փնովում եք, այլ ձեր ջատագովներից: Ավելի վատ բնութագիր նոր քաղաքական ուժի որևէ մեկը կկարողանա՞ տալ: Ամբարտավան երիտասարդն իր դրսևորումներով, իր ցնդաբանություններով ավելի մեծ հարված է հասցրել, քան ամբողջ ընդդիմադիր դաշտը»,-նշեց Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է Արցախում սպասվող ընտրությանը և այնտեղ ներքաղաքական շիկացումներին, փորձագետը նշեց. «Շիկացումներ չկան, շիկացողներ կան: Տեսեք` շատ մեծ շարասյունով «Սասնա ծռերը» գնացել են Արցախ և կոչերով են հանդես եկել այն գյուղերում, որտեղ միշտ թշնամու կրակոցի ձայնն է լսվում, բայց հաջողության չեն հասել, քանի որ առողջ բանականությունն այդտեղ ավելի ուժեղ է, քան սին ու խաբուսիկ գաղափարները: Բայց սրանով վերջ չի լինելու, շարունակվելու է, քանի որ անթաքույց ասում են, որ եթե ՀՀ-ում եղել է «թավշյա հեղափոխություն», ապա Արցախում էլ պիտի լինի: Սա թշնամություն է»:
Ըստ Ալավերդյանի՝ ՀՀ իշխանություններին ընդդիմադիր մեկն, ասենք, ասում է՝ ամենալավը դու ես, նրանք հակադարձում են՝ ոչ, պիտի ասես՝ ամենալավն ես դու: «Մենք պիտի հստակեցնենք, որ ներկայիս իշխող ուժն ավելի վատ է վերաբերվում ընդդիմությանը, քան Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Այս ոճը ժողովրդավարության հետ որևէ կապ չունի: Դրանք այն տեխնոլոգիաներն են, որ պիտի պառակտում լինի ոչ միայն երկրում, քաղաքում, այլև գյուղում, տանը: Սարոյան եղբայրները... Այս ամենն արվում է հեշտ կառավարվող, հլու-հնազանդ հասարակություն ունենալու համար: Տեսեք՝ ասում են, թե սևեր-սպիտակներ, հիմա ինձ հետաքրքրում է` այն ամբարտավան երիտասարդը նրանց կողմից ինչպե՞ս է ընկալվում` սպիտա՞կ, թե՞ զոլավոր»,- նշեց նա:
Ըստ Ալավերդյանի` իշխանության` նման քաղաքականությունը հետապնդում է ևս մեկ նպատակ՝ յուրայինների կողմից ռեսուրսի տիրացում: «Հրեշին սպանելը և հրեշ դառնալը հեքիաթ է, բայց նաև` իրականություն: Տեսեք, թե բռնության քանի կոչ է եղել, բայց ընտրովի դատապարտելը դարձել է նորմ՝ այս կամ այն կողմից»,- ընդգծեց նա՝ լրացնելով, որ քաղաքացիական հասարակությունը ճգնաժամի մեջ է, մինչդեռ կարող ուժերն ամեն մեկն իր գյուղում պիտի կանխի վերը նշված երևույթները, երբ մեկը մյուսին «սևացնում» է, աղբամանն է ցանկանում գցել: «Մեր բոլոր հույսերը՝ կապված մեկ անձի, մեկ ուժի, անհասկանալի մեկ գաղափարության հետ, սին հույսեր են: ՀՀ-ում կա՞ն ազգային շահեր, թե՞ մենք էլ ենք գտնում, որ ազգային շահն ու գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»,- խոսքն ավարտեց Լարիսա Ալավերդյանը: