Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 1-ից արդեն վարորդներից չի պահանջվի ԱՊՊԱ կտրոնները փակցնել տրանսպորտային միջոցների դիմապակիներին:
Կառավարությունն այսօր հաստատեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը:
Ըստ նոր կարգի' ոստիկանության տեղեկատվական փոխանակման համակարգի ու ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի միջեւ տվյալների երկկողմ փոխանցումները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով, ինչն արդեն հանում է ԱՊՊԱ կտրոնները պարտադիր դիմապակիներին փակցնելու պահանջն ու անհրաժեշտությունը:
«Դա չի նշանակում, թե պատասխանատվությունից կխուսափեն, հակառակը' պատասխանատվությունն ավելի է բարձրանում, որովհետեւ ինչպես ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքում, այստեղ եւս ծրարով տներում ստանալու են տուգանքները, եթե ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել: Պայմանագրեր չկնքելու կամ խուսափելու հնարավորությունը ավելի է փոքրանում»,- նշեց որոշման նախագիծը ներկայացնող` ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Կառավարությունում այս որոշման ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հիշեցրեց, որ նախարարական կոմիտեում հարցի քննարկման ժամանակ նշվել էր նաեւ, որ պետք է այս առումով հաշվի առնվեն տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները եւս, եւ դա նույնպես հանեն դիմապակիներից:
«Համաձայնելով, որ 2014 թվականի հուլիս կամ սեպտեմբեր ամսին դա տեխնիկապես կիրականացնեն, առաջարկում ենք, որ այս որոշման մեջ այդ կետը ֆիքսվի, չգիտեմ' սեպտեմբերի 1-ից կամ հուլիսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքելու, եթե տեխնիկական զննություն չանցնի: Այսուհետեւ դա նույնպես չի փակցվելու ապակիներին»,- նշեց Դավիթ Սարգսյանը:
Այս առումով Ներսես Երիցյանն ասաց, որ այդ առաջարկությունն իրենք ընդունել են, արդեն քննարկել են ապահովագրական ընկերությունների հետ, եւ մինչեւ եկող տարվա կեսը կտեւի, որպեսզի կարողանան ռիսկերը ճիշտ հավասարակշռել ու այդպես անել: