կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-10 00:20
Քաղաքական

Գուցե պահանջվի եւս 16 տարի

Գուցե պահանջվի եւս 16 տարի

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին այսօր լրագրողների հետ խոսեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Մարտի 5-ին Սոչիում ստորագրված համատեղ հայտարարության մեջ քաղաքագետն առանձնացրել է երկու կետ` ռազմագերիներին ամենակարճ ժամկետում փոխանակելու, ինչպես նաեւ բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու ու շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերի հետաքննություն անցկացնելու մասին:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմում պաշտոնապես ադրբեջանցի ռազմագերի չկա, բնականաբար, իմ նշած առաջին կետն ուղղված է Ադրբեջանի նախագահին, որպեսզի նա պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին»,- ասաց քաղաքագետը:

 

Ստորագրված հայտարարությունը, Իսկանդարյանի կարծիքով, փոքր քայլ չէ դեպի հակամարտության լուծումը: Ըստ նրա` Մայնդորֆյան հռչակագրից հետո սա առաջին փաստաթուղթն է, որում հստակ պայմանավորվածություններ են նախանշված: Բայց, միեւնույն ժամանակ, քաղաքագետը նշում է, որ գերագնահատել դրա նշանակությունը ճիշտ չի լինի:

 

«Այն, որ այդ հայտարարությունը գոյություն ունի, դեռեւս չի նշանակում, որ այն պետք է կատարեն: Մինչեւ այս էլ նման տիպի հայտարարություններ եղել են, որոնք, սակայն, չեն իրագործվել: Չի կարելի բացառել, որ պարոն Ալիեւը երկու օրից կամ մի ամսից նորից հանդես չի գա ռազմաշունչ հայտարարություններով: Եթե հայկական կողմը շահագրգռված է, որ խաղաղ գործընթացը շարունակվի, ադրբեջանական կողմի դիրքորոշումը բոլորովին էլ այդպիսին չէ»,- նշեց է քաղաքագետը` հավելելով, որ բանակցային գործընթացի արդյունքը բանակցային գործընթացն է, եւ դա շատ կարեւոր արդյունք է:

 

«Սպասել Մինսկի խմբից, որ նա կկարգավորի գործընթացը հակամարտության երկու կողմերի փոխարեն, սխալ է: Մինսկի խումբն ունի երկու խնդիր` կողմերին շփման հնարավորություններ տալն ու հակամարտության միջազգայնացումը: Իսկ այդ երկու խնդիրները Մինսկի խումբը շատ լավ լուծում է»,- նշեց քաղաքագետը:

 

Ինչ վերաբերում է մոտ ժամանակներս հակամարտության լուծման հնարավորությանը, քաղաքագետը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը երիտասարդ է` ընդամենը 16 տարեկան, իսկ այդ կարգի բարդ հակամարտություններն այդքան արագ չեն լուծվում. գուցե պահանջվի եւս 16 տարի: