Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նրա կարծիքով` վաղը խորհրդարանն անպայման վավերացնելու է համաձայնագիրը:
«Սա եզակի համաձայնագրերից է, որի շուրջ Հայաստանի քաղաքական դաշտում կա բացարձակ կոնսենսուս: Չկա ոլորտ, որը դուրս է այս համաձայնագրի կարգավորումից, ամենայն մանրամասնությամբ ճշգրտված են խիստ դետալային լուծումները բոլոր ոլորտներում»,- ասաց Զոհրաբյանը:
Նա ևս ընդգծեց, որ համաձայնագրի առաջադրումը և վավերացումը լավություն չէ Հայաստանին ԵՄ-ի կողմից: «Սա եվրոպական արժեհամակարգի խաղի կանոն է, նրանք շահագրգռված են ունենալ կայուն, զարգացող տարածաշրջան և կանխատեսելի հարևաններ: Չպիտի լինի սելեկտիվ մոտեցում Եվրոպական Միության կողմից այն գործընկներիների հանդեպ, ովքեր կնքել են Ասոցացման համաձայնագիր և ում հետ այլ շրջանակում են հարաբերությունները կարգավորվում»,- շեշտեց պատգամավորը և հավելեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության կարևոր երկրներից է:
Ըստ Զոհրաբյանի` վաղը համաձայնագիրը վստահաբար կվավերացվի, ապա հարցադրում արեց` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կունենան բավական քաղաքական կամք համաձայնագրի բազմաթիվ դրույթներն իրականացնելու համար:
«Ունենալո՞ւ է նման կամք, որովհետև իմիտացիաների ժամանակն ավարտվել է, եթե` ոչ, այս համաձայնագիրը մնալու է ԵՄ և ՀՀ ԱԳՆ-ների դարակում դրված: Համաձայնագիրը ենթադրում է շատ դեպքերում լրջագույն հեղափոխական, վիրահատական միջամտություններ տարբեր ոլորտներում` տնտեսական մենաշնորհներ, հավասար մրցակցային պայմաններ, մաքսային ոլորտում անկանոն իրավիճակի վերացում, ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորում, որը չի ենթադրելու իմ ներդրող, քո ներդրող, և ինչքան ատկատ կտաք այս ներդրումը բերելու համար»,- շեշտեց նա:
Միաժամանակ Զոհրաբյանը նշեց, որ պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել համաձայնագրի ստորագրումից, սա ընդամենը առաջին նվազագույն քայլն է լինելու, ինչից հետո է սկսվելու ամենապատասխանատու պահը` համաձայնագրի քայլերը կատարելը:
«ՀՀ-ից խիզախություն է պահանջվում, բայց նույնքան խիզախություն պետք է պահանջվի եվրոպական կողմից` սելեկտիվ վերաբերմունք ցույց չտալու համար և պահի իրավիճակի թելադրանքով այս կամ այն երկրի հանդեպ սուբյեկտիվ որոշումներ կայացնելու համար»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև վիզաների ազատականացման խնդրին: Նա ընդգծեց, որ վիզաների ազատականացման հետ կապված մտավախություններ կան, քանի որ ԵՄ մի շարք գործընկներ մտավախություներ ունեն, որ վիզաների ազատականացման դեպքում Ուկրաինայի կամ Մոլդովայի օրինակը կարող է կրկնվել, երբ տասնյակ քաղաքացիներ, օգտվելով վիզաների ազատականացման ռեժիմից, հեռացան երկրից ու չվերադարձան։
«Կա մտավախություն, բայց առաջնորդվել կանխավարկածով, որ ինչ եղել է, պետք է կրկվի, ու չսկսել վիզաների ազատականացման բանակցությունները, մենք ճիշտ մոտեցում չենք համարում։ 2013-ին ՀՀ-ն ԵՄ-ի հետ ռեադմիսիայի համաձնագիրը վավերացրել է, առանձին երկրների հետ էլ քննարկել ու պարբերական հաջորդականությամբ վավերացնում ենք ռեադիմիսիայի հետ կապված կոնկրետ տեխնիկական խնդիրներ։ Բավականին բարենպաստ է մեր դեպքում իրավիճակը, ուստի մենք ԵՄ-ից ակնկալում ենք, որ պատշաճ ժամկետներում առավել առարկայական բանակցություններ ենք սկսելու վիզաների ազատականացման հետ կապված», -հավելեց պատգամավորը։
Անդրադառնալով կրթության ոլորտի վերաբերյալ համաձայնագրի դրույթներին` նա ասաց, որ «Հորիզոն 20-20» ծրագրից առավելագույնս պիտի կարողանանք օգտվել, քանի որ լուրջ հեռանկարներ են բացվում տաղանդավոր երիտասարդների համար:
«Մեր հորդորը ԵՄ երկրներին` հնարավորինս արագ վավերացնեն այս համաձայնագիրը, որովհետև բոլորս էլ հասկանում ենք` 2019-ի ամռանը սպասվում են Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, և ճիշտ կլինի, որ ունենանք ամբողջապես ուժի մեջ մտած համաձայնագիր»,- եզրափակեց Զոհրաբյանը: