Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԽՍՀՄ փլուզման 22-ամյակի կապակցությամբ սոցիոլոգիական հետազոտությունների Gallup կենտրոնը հրապարակել է ԽՍՀՄ-ի նկատմամբ հետխորհրդային 11 երկրների հասարակությունների տրամադրությունները վերհանող հարցումների արդյունքները, որոնք Հայաստանի մասով ուղղակի շոկային են: Ըստ հարցումների` հայաստանցիների 66 տոկոսը ԽՍՀՄ-ի փլուզումը համարել է իր համար վնասակար, այն դեպքում, երբ օգտակար է համարել ընդամենը 12 տոկոսը: Ընդ որում` Խորհրդային միության նկատմամբ նման դրական կարծիքով Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը` առաջ անցնելով անգամ Բելառուսից, Ղազախստանից ու Ռուսաստանից, որոնք մտել են Մաքսային միության մեջ և լծվել նոր տիպի Խորհրդային միություն ստեղծելու` ՌԴ նախագահ Պուտինի գաղափարի կենսագործմանը: Մասնավորապես` Ռուսաստանի բնակչության 55 տոկոսն է համարում, որ ԽՍՀՄ-ի փլուզումը վնասակար էր, Բելառուսում` 38, իսկ Ղազախստանում` 25 տոկոսը:
ԽՍՀՄ-ի փլուզումը սխալ գնահատելը ուղիղ համեմատական է անկախության ձեռքբերումը ևս սխալ կամ վնասակար համարելուն: Եվ ստացվում է, որ 1991թ. սեպտեմբերին անցկացված հանրաքվեի ընթացքում Հայաստանի անկախացմանը 94.4 տոկոսով կողմ արտահայտված հասարակությունը 22 տարի անց այդ որոշումը համարում է պատմական սխալ: Եվ սա այն ժողովուրդն է, որն այդ անկախությունը ձեռք է բերել արյան ու հսկայական զրկանքների գնով, ամենակարևորը` Ղարաբաղյան պատերազմում տարած նշանակալի ձեռքբերումների զուգահեռմամբ:
Gallup-ն, իհարկե, այն կառույցը չէ, որի անցկացրած հետազոտությունների մեթոդաբանությանն ու արդյունքներին կարելի է ամբողջովին հավատալ: Օրինակ` անցած տարի այս կենտրոնը հրապարակել էր աշխարհի երկրների երջանկության ցուցանիշի մասին հարցումների արդյունքներ, ըստ որոնց` Հայաստանի բնակչության 70 տոկոսն իրեն երջանիկ է զգում, այն դեպքում, երբ դժբախտ զգացողները ընդամենը հասարակության 10 տոկոսն են կազմում: Այս արդյունքը ստացվել էր հեռախոսային անանուն հարցումների միջոցով, ինչը պրոֆեսիոնալ սոցիոլոգիայի տեսակետից համարվում է ամենաանարդյունավետ մեթոդներից մեկը: Եվ ահա, երբ համադրում ենք նույն Gallup-ի այս երկու հետազոտությունների արդյունքները, ստացվում է մի չափազանց հետաքրքրական, եթե չասենք` զավեշտալի պատկեր: Ըստ դրա` հասարակության 70 տոկոսն իրեն երջանիկ է զգում, բայց երանի է տալիս սովետի տարիներին: Միաժամանակ, չնայած հասարակության 10 տոկոսն իրեն դժբախտ է զգում, բայց ուրախ է, որ ապրում է ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանում:
Սակայն որքան էլ պատկերը լինի հակասական, ակնհայտ է, որ Gallup-ի վերջին հարցումների արդյունքները, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, ավելի մոտ են թվում իրականությանը: Եվ դա ունի երեք հիմնական պատճառ: Նախ` այս հարցումները, կարծես, ամբողջությամբ համապատասխանում են հետխորհրդային տարածքում սկսված եվրասիաինտեգրացիոն նոր պրոցեսների տրամաբանությանը: Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ այդ հարցումները պատվիրվել են Կրեմլի կամ նրան կից գործող ինչ-որ գիտահետազոտական կենտրոնների կողմից: Անհրաժեշտ է ցույց տալ, որ հետխորհրդային երկրների հասարակություններում ԽՍՀՄ-ի նկատմամբ կարոտախտն այնքան էլ իռացիոնալ երևույթ չէ և արտացոլում է այդ հասարակությունների իրական պահանջմունքները: Նման մտածողությունը արմատավորված է նաև Հայաստանի հասարակական շրջանակներում: Երկրորդ` եվրասիականացման այս պրոցեսը Հայաստանի հասարակությանը կանգնեցրել է փակուղու առջև: Անգամ ամենաօպտիմիստները շվարած են` արդյո՞ք սա այն էր, ինչի համար խանդավառված անկախությանն «այո» էինք քվեարկում, և արդյո՞ք այդքան զրկանքներն ու դժվարությունները նրա համար էին, որ կրկին շրջադարձ կատարենք դեպի մեծ ու անծայրածիր Խորհրդային Միության վերականգնումը: Հոգեբանական այս փակուղին անմիջապես մղում է տրամաբանական հաջորդ մտքին` եթե այդպես էր, ապա մի՞թե ամենալավ տարբերակը չէր ԽՍՀՄ-ից ընդհանրապես դուրս չգալը: Ի՞նչ է տվել այս ընթացքում անկախությունը, որը չէին կարող տալ անգամ հաշմանդամ դարձած սովետները: Եվ երրորդ` հասարակությունը դադարել է դիմադրելուց, երազելուց, նպատակներ դնելուց: Հասարակությունը չգիտի` իրեն որտեղ է տանում այսպիսի անկախությունը, չգիտի` ինչ սպասել դրանից ու ինչու սպասել: Սովետի ժամանակ մարդիկ գոնե իրենք իրենց խաբում էին, թե մեծ ու լուսավոր սոցիալիզմ են կառուցում, և այդ հավատը նրանց մոտիվացիա էր հաղորդում: Հիմա մոտիվացնող ոչինչ չկա ու ոչ ոք չկա: Իսկ մոտիվացնողները` այսպես կոչված, իշխանական ու մշակութային էլիտան, ապրում, շնչում է սովետական մտածողությամբ, աշխարհընկալմամբ, սովետական չափորոշիչներով ու արժեքային համակարգով: Այս շերտը 22 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացավ` ինչ է անկախությունը, և ինչու էր պետք դրա համար ինքնազոհողությունների գնալ: Անկախությունը նրանք մաքրեցին գուրգուրելու, զարգացնելու, ուժեղացնելու, համազգային նպատակադրումների կենսագործման սկզբնակետ դարձնելու` նման «զիզի-բիզի» բաներից ու բերեցին հանգեցրեցին ընդամենը պարզունակ մի կատեգորիայի` գոյատևման:
Իսկ այս պրիզմայով իրերի դասավորությանը նայելիս շատերի մոտ առաջանում է մի շատ տրամաբանական հարց` եթե ողջ խնդիրն, ի վերջո, գոյություն քարշ տալն է, գուցե ավելի լավ է դա անել ռո՞ւսի կրնկի տակ, ինչպիսի ձևաչափ էլ առաջարկի: Խնդիրն այն է, սակայն, որ նման մտածողությունը նույնիսկ գոյությունը քարշ տալու նախադրյալները չի ապահովում: Հակառակ դեպքում այդքան անվրդով չէին նայի, թե ինչպես է ազգային-գաղափարախոսական ու մշակութային գերագույն արժեքներից մեկի` այբուբենի մի մասնիկը` Ք մեծատառը, դառնում ռուսական ռուբլու տարբերանշանը, թե ինչպես են անկախ պետության Սահմանադրությունը, պետական ինստիտուտներն ուղղակի մատաղ արվում «Գազպրոմի» տնտեսական շահերին: Կարևորը` երբեմն ապխտած կոկորդիլոսի միս կուտեն, գազը կունենան, որի ջերմությամբ ողողված քաղաքական էլիտայի ներկայացուցիչները հանգիստ կբանավիճեն, թե ինչ կապ ունեն իրար հետ գազի կալորիականությունն ու կին սիրելու տևողությունը...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ