կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 18:15
Իրավական

''Սթար''-ին 155-ից ավելի ընկերություն պահանջ է ներկայացրել. ուշագրավ փաստեր

''Սթար''-ին 155-ից ավելի ընկերություն պահանջ է ներկայացրել. ուշագրավ փաստեր

Հայաստանի երբեմնի խոշորագույն ռիթեյլերը`«Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն, վերջնականապես դադարեցրել է իր առևտրային գործունեությունը: Եթե մեկ ամիս առաջ Երևանում դեռեւս կային հազիվհազ իր գոյությունը պահպանող` «Սթար» ցանցին պատկանող խանութներ, ապա այսօր դրանք վերացել են: Երբեմնի խոշորագույն ընկերությունից մնացել են միայն պարտապանները և «Սթար» լոգոտիպը, որը դեռևս զարդարում է ցանցի դատարկ խանութների ճակատամասերը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` ընկերությունը մինչ այժմ չի վճարել 200-ից ավելի մատակարարների` միլիոններն անցնող պարտքերը: Բնականաբար, չէր էլ կարող վճարել, քանի որ «Սթար Դիվայդը» դեռևս ամռանը սնանկ էր ճանաչվել: Որոշ վերլուծաբանների կարծիքով` «Սթար»-ի սնանկացման պատճառներից մեկն այն է, որ պարտվել է մրցակցային դաշտում: Բանն այն է, որ այսօր մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջև գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները «սրբել-տարել» են «Սթարին» պատկանող ողջ գույքը, ինչը ընկերության տնօրինության համար պատճառ է դարձել, որպեսզի չվճարի շատ աշխատողների աշխատավարձեր: Ընկերության ղեկավարությունը «Սթար Maxi»-ի աշխատակիցներից մեկին բժշկի տեղեկանքի առկայության դեպքում հրաժարվել է վճարել բացակայած օրերի դիմաց` պատճառաբանելով, թե անհրաժեշտ փաստաթղթերը համակարգիչներում են, որոնք ԴԱՀԿ ծառայողները բռնագրավել են:

 

Ինչևէ, «Սթարի» պարտքերի մասին բարձրաձայնում են ոչ միայն աշխատակիցները: Օրինակ` ընկերությունը 15 մլն 500 հազար դրամ է պարտք «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկությանը: Մեզ հետ զրույցում հիշյալ ընկերության պատասխանատուները հայտնեցին, որ պարտքը հետ ստանալու հույս չունեն և չեն էլ պատրաստվում դատարան դիմել: Սակայն դատական գործընթացից չի խուսափել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերությունը, որին «Սթարը» պարտք է 25 մլն 500 հազար դրամ: Սնանկության գործերով Կենտրոնի դատարանում` դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ քննվող գործով «Սթարի» դեմ պահանջ է ներկայացրել 155-ից ավելի պարտապան ընկերություն: Նշենք, որ սնանկության մասին օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` մատակարարներն իրավունք չունեն բռնագանձման հայց ներկայացնել այլ դատարան:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Սթար Դիվայդի» սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանը նշեց, որ ներկայումս գործը գտնվում է պատասխանողի կողմից առարկություններ ներկայացնելու փուլում: Անդրադառնալով ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից «Սթարի» գույքը բռնագրավելու` մեր տեղեկությանը` Սարգսյանը նշեց, որ «Սթար Դիվայդը» գույքագրման համար իրենց գույք չի տրամադրվել, հետևաբար, դրանք բռնագրավել հնարավոր չէր, փոխարենը նա առաջ քաշեց այն վարկածը, որ «Սթար» լոգոտիպը կրող խանութներում գործում են այլ կազմակերպություններ, որոնք հնարավոր է` խնդիրներ ունենան հարկադիրի հետ, և արդյունքում գույքը բռնագրավելու խնդիր առաջանա: Կառավարիչը հավաստիացրեց, որ իրենք աշխատավարձի գծով գրանցված պարտատեր չունեն, և եթե նման անձինք կան, նրանք պետք է պահանջ ներկայացնեն սնանկության գործը քննող դատարանին: «Ում տալիք ունի «Սթարը», թող գան, սնանկության գործընթացում ներգրավվեն»,- ասաց Սարգսյանը:

 

Մինչ «Սթարի» որոշ պարտատերեր փորձում են դատական կարգով խնդրին լուծում տալ, իսկ որոշներն էլ հույսները կտրել և «պարտքերը գրել են սառույցին», «Սթարի» վարձակալած տարածքներում այլ ընկերություններ են «գործ դնում»:

 

Մինչ դրան անդրադառնալը նշենք, որ ներկայումս ՍԹԱՐ-ի խոշորագույն բաժնետերն է Viest Assets Ltd-ն: 2011 թ. սեպտեմբերին «Սթար Դիվայդ» ընկերությունը գնեց սուպերմարկետների «Ֆրեշ» ցանցը եւ «Քեթրին» խանութները` 30 խանութով դառնալով Հայաստանի խոշորագույն ռիթեյլերը: 2012 թվականի կեսերին փոխվեց ցանցի ղեկավար կազմը, նոր գործադիր տնօրեն դարձավ Թեոդորա Տիչերիչը (Սերբիա):

 

Մինչ սնանկացման գործընթաց սկսելը ցանցի պատասխանատուները հայտնել էին, որ ընկերությունը վերակազմավորման գործընթաց է սկսել, որոշ տեղեկություններով` ցանցը վերածվելու է առանձին պարենային խանութների, սակայն ներկայիս պատկերն այլ բան է վկայում:Այսօր ցանցի մի շարք սուպերմարկետների տեղում նոր խանութներ են գործում: Օրինակ` Կոմիտաս 1 հասցեում գտնվող նախկին «Սթարի» տեղում շուրջ մեկ ամիս է գործում է «Մոսկվիչկա» սուպերմարկետը:Արդեն մեկ ամիս է մայրաքաղաքում ակտիվ գործունեություն է սկսել «Կրպակ» անվանումով սուպերմարկետների ցանցը, որի խանութները տեղակայվել են նախկին «Սթար»-երի տեղում: «Կրպակ»-ներ առայժմ գործում են Թումանյան, Նալբանդյան, Մամիկոնյանց, Վաղարշյան, Տիգրան Մեծի, Բաշինջաղյան, Բանավան և այլ փողոցներում, նաեւ Ազատության պողոտայում: Օրինակ` Ազատության պողոտայում գտնվող «Կրպակը», որը բացվել է ընդամենը 3 օր առաջ, իր կահավորմամբ, ապրանքների դասավորությամբ և տեսականիով չի տարբերվում «Սթարից», ինչը հաճախորդների շրջանում անգամ շփոթություն է առաջացրել և կասկած հարուցել, որ խանութը պատկանում է նույն ընկերությանը, պարզապես անվանումն է ուրիշ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, «Կրպակի» աշխատակիցներն այդ հանգամանքը բացատրեցին նրանով, որ տեղափոխություն չեն արել, որպեսզի հաճախորդներին հարմար լինի, քանի որ նրանք սովոր են նախկին տեսքին: «Սա «Սթար»-ի հետ կապ չունի, այժմ «Սթար» ընդհանրապես գոյություն չունի»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Հաշվի առնելով «Սթարի» պարտապանների թիվը, միայն  ներկայացված փաստերն ուսումնասիրելու համար  արդեն իսկ դատարանից հսկայական ժամանակ  կպահանջվի: Պարտապաններին մնում է միայն զինվել անսահման համբերությամբ, հակառակ դեպքում` կարելի է պարզապես «պարտքերը գրել սառույցին» և լավության կարգով թեթևացնել «Սթարի» բեռը: 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ