Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի օր է, ինչ գազալցակայաններում սպառվող գազի 1 խմ-ը թանկացել է մոտավորապես 10-15 տոկոսով: Որոշ գազալցակայաններում թանկացումը հասնում է մինչև 30 տոկոսի, իսկ որոշ տեղերում գազի գինը ընդհանրապես չի բարձրացել: Թանկացման հիմնական պատճառը, իհարկե, վերջին շրջանում դոլարի կտրուկ արժևորումն է 15 տոկոսով:
Գազ սպառողների համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է երկու գին` ամսական մինչև 10.000 խմ գազ սպառողները` բնակիչները, վճարում են 1խմ-ի դիմաց 156 դրամ, իսկ 10.000 խմ-ից ավելի գազ սպառողները, այդ թվում` գազալցակայանները, ամսական վճարում են 277 դոլար 1000 խմ-ի դիմաց: Փաստորեն, ի տարբերություն բնակիչ-սպառողների, տնտեսվարողները գազը գնում են դոլարով, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գինը խոշոր տնտեսվարողների համար սահմանել է դոլարով:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողների տարբեր խմբերի համար սակագինը տարբեր արժույթներով սահմանելը, հանձնաժողովից պատասխանեցին հետևյալը. «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի գերակշիռ մասը` 77.4 տոկոսը, դոլարային ծախսեր են, և ընկերության ֆինանսական կայունությունն ապահովելու համար նպատակահարմար է ընկերության բոլոր բաժանորդների համար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով սակագնի սահմանումը, սակայն, բնակիչ-բաժանորդների համար յուրաքանչյուր ամիս սակագնի վերահաշվարկի իրականացման աննպատակահարմարությունից ելնելով, բնակչության համար սակագինը սահմանվում է դրամով և չի վերահաշվարկվում` մինչև սակագնի հաջորդ վերանայումը»:
Ի՞նչ է ստացվում: Այն գազալցակայանները, որոնք թանկացրել են իրենց գազը, ամսական սպառում են 10.000 խմ-ից ավելի գազ և «Գազպրոմ Արմենիա»-ից գազը ձեռք են բերում բացառապես դոլարով: Հետևաբար, եթե հոկտեմբերին և նոյեմբերին 1000 խմ գազի համար, որն արժե 277 դոլար, խոշոր սպառողները, դրամով արտահայտված, վճարում էին մոտավորապես 113.000 դրամ, ապա, դեկտեմբերից սկսած, նույն այդ տնտեսվարողները գազի համար վճարում են 126.000 դրամ: Այսինքն` գազալցակայանները ձեռք բերված գազի համար մոտավորապես 12-13 տոկոսով ավելի են վճարել, ինչն անդրադարձել է ավտովարորդների համար սահմանված գազի գնի վրա: Եթե մոտավորապես 5 օր առաջ գազալցակայաններում 1 խմ գազը վաճառվում էր միջինը 190 դրամով, ապա այժմ 1 խմ գազն արժե արդեն 200-230 դրամ:
Սակայն ներկա պահին էլ կան գազալցակայաններ, որտեղ գազի գինը չի բարձրացել: Սա թերևս կարելի է կապել այն փաստի հետ, որ գուցե տվյալ տնտեսվարողները չեն հատում 10.000 խմ-ի սահմանը և իրենց հաշվարկը կատարում են դրամով:
Գազալցակայաններում գազի թանկացումը ազդանշան է, որ հաջորդ տարի գազը թանկանալու է նաև սպառողների համար: Ճիշտ է, իշխանությունը չէր դադարում հպարտությամբ նշել, որ գալիք 5 տարիների համար գազի գինը Հայաստանի համար մնալու է անփոփոխ, բայց, դե, հասկանում ենք, որ դա վերաբերում էր Ռուսաստանից գնվող գազի գնին, որը 189 դոլար է: Ռուսաստանը Հայաստանին գազը կշարունակի վաճառել 189 դոլարով, բայց արդեն այստեղ առաջ է գալիս «Գազպրոմ Արմենիա»-ի վնասների մասին վարկածը, քանի որ նույն այդ 189 դոլարի համար արդեն ավելի շատ դրամ պետք է վճարի Հայաստանը: Սա, իհարկե, այն տարբերակն է, որը կառավարությունը շրջանառության մեջ կդնի` գազի թանկացումն արդարացնելու համար:
Բայց կա առնվազն երկու հիմնավոր փաստ, համաձայն որոնց` գազի գինը ո'չ բնակիչ-սպառողների և ո'չ էլ տնտեսվարողների համար չի թանկանա: Հայաստանը հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ է, և մեզ վրա չի կիրառվելու այլևս արտահանման համար գանձվող մաքսատուրքը: Այսինքն` մինչ այս, եթե 1000 խմ գազի դիմաց վճարվում Էր 189 դոլար` գումարած 26 դոլար արտահանման վրա կիրառվող տուրք, ապա 2015-ի սկզբից այդ 26 դոլարը վերանում է: Երկրորդ` տնտեսվարողները «Գազպրոմ»-ից գազը գնում են դոլարով, հետևաբար, այս մասով ընկերությունը որևէ վնաս կրել չի կարող: Իսկ ահա այդ 26 դոլարի խնայումն էլ հաստատ կարող է բավականացնել, որպեսզի փակվեն «Գազպրոմ Արմենիա»-ի վնասները, որոնք առաջացել են դոլարի թանկացման պատճառով:
Գևորգ Խաչատրյան