Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011-ի սեպտեմբերի 23-ին Մյասնիկյանի պողոտայում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վթարը կազմակերպել են ոստիկանները: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց այդ օրը նույն վայրում վնասազերծված «բանդայի անդամ» Դավիթ Գալստյանը:
Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության, վթարված մեքենայի վարորդը և ուղևորը, թողնելով ավտոմեքենան, դիմել էին փախուստի և կրակել իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Փախուստի դիմած անձանցից մեկը, բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլուրը, ուղղահայաց ժայռից վայր էր ընկել և մահացել: Հետագայում պարզվեց, որ մահացածը Գուրգեն Հայրապետյանն (Գուգոն) է, ով իբր մի շարք մեծահարուստների տներ թալանած բանդայի պարագլուխներից էր:
Դավիթ Գալստյանն այսօր դատարանում պատմեց, որ ձերբակալման օրը եղել է Գուգոյի վարձակալած տանը, որտեղ բնակվել են նաև վերջինիս` Ռուսաստանից ժամանած բարեկամները, ովքեր եկել էին Հայաստան` մասնակցելու իրենց բարեկամի հուղարկավորությանը:
Նշենք, որ Դավիթ Գալստյանը 2009-2011թթ. հարկադիր բուժման է ենթարկվել հոգեբուժարանում: Ամբաստանյալի խոսքով` հոգեբուժարանից փախել է և Գուրգենին խնդրել, որ որոշ ժամանակ իրեն ապաստան տա:
Երբ Մյասնիկյան պողոտայում ոստիկանները փորձել են ձերբակալել Դավիթին, նա դիմադրել է: Ամբաստանյալն իր այդ քայլն այսօր բացատրեց նրանով, թե այդ պահին կարծել է, որ իրեն բռնում են, որ կրկին հոգեբուժարան տանեն:
«Իրանց լպիրշ լակոտներին ուղարկեցին (նկատի ունի ոստիկաններին.-հեղ.), որ բանդա բացահայտեն, եկան, տեսան «բանդա ա», էլ չգիտեին, որ թաղման էին եկել էդ մարդիկ: Հետո էդ ավտովթարը ստեղծվեց, մենք գնացինք վթարի վայր, որտեղ մեզ ձերբակալեցին, տարան ոստիկանություն: Այնտեղ Բաբակեխյանը (խոսքը 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին է. -հեղ.) կանչեց իր մոտ, ասաց` բա էս մի տարի ա սաղ քաղաքը թալանում եք: Ասացի` տենց բան չկա: Ասաց` բա ձեր բանդային` 6-7 հոգու, արդեն բռնել ենք: Հետո ծեծեցին-ջարդեցին, խոշտանգեցին ինձ: Գետնին պառկած էի, երբ մի ոստիկան եկավ, իբր ինձ թափ տվեց, զգացի գրպանս բան դրեց, ասացի` ի՞նչ ես անում, ասաց `քո գործը չի, արա’»,- պատմեց ամբաստանյալը և հավելեց, որ դրանից հետո իբր թմրանյութ պահելու համար ձերբակալել են նաև թաղմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած` Գուրգենի հյուրերին:
«Տեսան` նրանց բանդայի համար չեն կարում դատեն, քանի որ նրանց` Հայաստանում գտնվելու ամսաթիվը կատարված հանցագործությունների հետ չէր բռնում, թմրանյութի համար դատեցին»,- ասաց ամբաստանյալը և հավելեց, որ իրեն վերագրված հանցագործություններից ոչ մեկը չի կատարել:
Պաշտպան Կարեն Հակոբյանի հարցին` ինչո՞վ էր պայմանավորված նման ցուցմունքներ տալը, ամբաստանյալը պատասխանեց. «Դե, երևի մի քանի հոգի պետք է իրենց աթոռներին լավ տեղավորվեին, գործերը չէին կարողանում բացահայտեին: Պարոն Սարգսյան Ալիկը` նախկին ոստիկանապետը, ու Բաբակեխյան Կարենը: Էն էլ իրանը չստացվեց` գործից հանեցին»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է քննչական փորձարարության ժամանակ, մասնավորապես` տներում ցուցադրել ու նկարագրել գողությունը, ամբաստանյալը պատասխանեց, որ ինչ ասել են, այն էլ ցույց է տվել, նաեւ` որ ի վիճակի չի եղել խոսել:
Դատավորի հարցին, թե ինչո՞ւ նախաքննական մարմնի «ընտրությունը» կանգնեց հենց իր վրա, Գալստյանը պատասխանեց. «Երևի հարմար թեկնածու էի` նախկինում դատապարտված, բարձրահասակ, որը տուժողները միշտ շեշտում էին»:
Ըստ նրա` տուժողներից Էդուարդ Բոզոյանն իրեն «ճանաչել է» այն բանից հետո, երբ Ալիկ Սարգսյանը նրան հորդորել է իր վրա գրել` խոստանալով իրենցից գողացվածը մեկ շաբաթ անց վերադարձնել:
Այսօր մեղադրող դատախազը, մինչ բուն մեղադրանքի վերաբերյալ հարցեր հնչեցնելը, վկայակոչելով ամբաստանյալի` նախկինում մի քանի անգամ դատված լինելու հանգամանքը, հետաքրքրվեց` արդյոք իրեն օրինապա՞շտ, թե՞ հանցագործ կյանքով քաղաքացի է համարում:
Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել այդ հարցին և, դիմելով դատախազին, ասաց. «Իմ կարծիքը Ձեզ հետաքրքի՞ր ա, Ձեզ հրաման են տվել` ինչ անեք»:
Դատախազը նշեց, որ Գալստյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է ավազակություն կատարելու համար: «Այսինքն` Դուք ունեք հանցավոր հակումնե՞ր, առանց գողության, առանց հանցագործության ապրել չե՞ք կարող»,- հետաքրքրվեց դատախազը:
«Այո, ռոմանտիկայի հետևից էի ընկել, զբաղվում էի»,- կատակեց ամբաստանյալը:
Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ ի վիճակի չէ իր պաշտպանյալին հարցեր տալ, քանի որ իրեն վատ է զգում: Նա միջնորդեց հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 23-ին:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: