|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Դեկտեմբերի 14-18-ը Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կանցկացվի «Կին» միջազգային 10-րդ կինոփառատոնը:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ Օհանյանը նշեց, որ հոբելյանական փառատոնի ծրագրում ներկայացված է 81 ֆիլմ 27 երկրից: Տարեցտարի, Օհանյանի հավաստմամբ, մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է:
«Այս տարի ունենք ֆիլմեր Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, ՌԴ-ից, Թուրքիայից, Նիդերլանդներից, Ղազախստանից, Լեհաստանից… Այս տարի առաջին անգամ փառատոնին զուգահեռ կներկայացվեն նաեւ Հերիքնազ Գալստյանի, Հասմիկ Ավետիսյանի, Զառա Մանուչարյանի աշխատանքները: Իսկ փառատոնի հետահայաց ցուցադրության ծրագրում տեղ են գտել Ալիս Գի Բլաշեի ֆիլմերը. նա առաջին կին ռեժիսորն է` ազգությամբ ֆրանսուհի, որ նկարահանել է համր ֆիլմեր: Բլաշեի ֆիլմերը կցուցադրվեն Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նվագակցությամբ»,- ասաց Օհանյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ նախատեսված են ցուցադրություններ` նվիրված ռեժիսոր Թամարա Լիսիցյանի 90-ամյակին եւ անգլիացի կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին: Փառատոնի շրջանակներում կցուցադրվի Լիսիցյանի «Ջելսոմինոն հրաշքների երկրում» մանկապատանեկան կինոնկարը, ինչպես նաեւ Մ. Ուիլյամսի «Պիտեր Գրայմս» ֆիլմը, որը նվիրված է Բ. Բրիտտեի ծննդյան 100-ամյա հոբելյանին:
«Հոբելյանական փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են Ժակլին Բուեն /«Կրետել» փառատոնի ղեկավար/, Սթեֆանիա Գյորցը /կինոգետ, Դորտմունդ, «Քյոլն» կանանց փառատոն/, Միվակո Կիկուչին /Ճապոնական «Շորտշորտս եւ Ասիա» փառատոնի գեղարվեստական ղեկավար/, Զավեն Ղուկասյանը /կինոգետ, Իրան/, Վահրամ Մարտիրոսյանը /սցենարիստ, գրող, հրապարակախոս/»,-ասաց Օհանյանը:
Փառատոնի հիմնադիրը նշեց նաեւ, որ հայ կինոռեժիսորներից փառատոնին կմասնակցեն Նառա Կարապետյանը` «Սպասում», Ադրինե Գրիգորյանը` «Բավական», Դիանա Կարդումյանը` «Դիալոգներ», Մարիա Սահակյանը «Այդ ես չեմ» ֆիլմերով: Ի դեպ, փառատոնին կցուցադրվի նաեւ էսպերիմենտալ մեկ ֆիլմ` Գոհար Սարգսյանի «Կոմիտասը»:
«Փառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել կանանց խնդիրները, խթանել Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի արտադրությունը, բացահայտել նոր անուններ, նպաստել մշակութային երկխոսությանը տարբեր ազգերի միջեւ»,- ասաց Օհանյանը:
«Կին» կինոփառատոնը առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին. ցուցադրվել են վերջին տասնհինգ տարիներին ստեղծված` հայ կին ռեժիսորների ֆիլմերը: Փառատոնի պատմության ընթացքում ներկայացվել են անվանի կին ռեժիսորներ Ելենա Սականյանի /ԽՍՀՄ/, Լենի Ռիֆենշտալի /Գերմանիա/, Ռուզան Ֆրանգուլյանի /Հայաստան/, Բևերլի Շաֆերի /Կանադա/, Ուլրիկե Օտտինգեր /Ավստրիա/, Նինա Ագաջանովայի /ԽՍՀՄ/, Յանինա Լապինսկայտեի /Լիտվա/, Սյուզանն Խարդալյանի /Շվեդիա/ աշխատանքները: