|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել Զինված ուժերում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Նախագիծն արդեն շրջանառված է, բոլորը կարող են ծանոթանալ դրան: Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, որովհետև դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞նք ամառային զորակոչից առաջ հասցնել ենթակառուցվածքների առումով: Ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- ասաց Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ նշեց, որ մտնում են ևս մեկ կարևոր բարեփոխում իրականացնելու գործնական փուլ:
«Մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի կանայք կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ խնդիր են դրել, որ կանանց համար հնարավորինս նոր կամ շատ թարմ ենթակառուցվածքներ լինեն: «Նոր էջ է, և մենք պետք է նոր բովանդակությամբ և թարմությամբ այդ պրոցեսը սկսենք»,- ասաց Փաշինյանը: