Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավորների խորհրդին վրդովեցրել է ՄԻՊ զեկույցը դատավորների կաշառակերության բարձր մակարդակի մասին։ Արդարադատության նախարարը փաստեր է ուզել։ Տարօրինակ է, բայց նախարարը ոչ թե ճիշտ չէ, այլ անլուրջ է։ Կասկած չկա, որ 50 հազար դոլար` ՄԻՊ-ի վկայակոչած կաշառքը նույնիսկ մեղմ թիվ է, քանի որ կաշառքի չափը կախված է հանցագործության բնույթից։ Կաշառքի չափը կախված է ոչ միայն հանցագործության բնույթից, այլեւ այն բանից, թե ինչում են քեզ մեղադրում։ Չէ՞ որ Հայաստանում ավելի հաճախ իրարից տարբերվում են հանցագործությունը եւ մեղքի բնույթը։ Մարդը կարող է ընդհանրապես որեւէ հանցագործություն կատարած չլինել, բայց մեղադրվել ինչ-որ բանում։ Մատաղիսի դատավարությունը` ձեզ օրինակ։ Անպատժելիության մթնոլորտում ինչո՞ւ պիտի ՄԻՊ-ը փաստեր հրապարակի։
Իսկ ինչպե՞ս վարվենք այն մարդկանց հետ, ովքեր ՄԻՊ-ին ներկայացրել են կաշառքի չափերի մասին այդ փաստերը։ Որեւէ մեկը իշխանությունում այդ մարդուն հանգիստ կթողնի՞ դրանից հետո։ Անմիջապես կհոշոտեն։ Այսինքն` հերիք չէ թալանում են ու կեղծ մեղադրանքներ բարդում մարդու վրա, դեռ ուզում են, որ մարդը մատնի իր խոցելիությունը։ Այդպես չի լինում, ընկերնե'ր։ Արդեն 20 տարի` Հայաստանը աննախադեպ կաշառքի օջախ է։ Եվ դրա արդյունքում են ձեւավորվել այսօրվա իշխանությունները, դրա արդյունքում է, որ ոչ ոք չի պատժվում, որովհետեւ հենց պատժվի, նրանց իրական հովանավորը՝ Սերժ Սարգսյանը, կդառնա խոցելի։ Իսկ նրան պետք է, որ շուրջբոլորը խոցելի լինեն, իրենից բացի։ Հետեւաբար, ոչ թե ճիշտ չէ, այլ անլուրջ է ՄԻՊ-ից փաստեր ուզելը։
Անկասկած, նորմալ երկրում ծիծաղելի կլիներ կաշառքի մասին զեկույց հրապարակելը` առանց կոնկրետ փաստերի։ Նորմալ երկրում այդպիսի զեկույցն ուղղակի հնարավոր չէր լինի։ Բայց Հայաստանում, որտեղ ժողովուրդը դեռեւս իշխանություն չի փոխել եւ ինքնուրույն, իր քվեով որեւէ մեկին չի լիազորել լինել իշխանությունում, մարդը չի կարող ասել, որ տվյալ կաշառքն ուզել են Պողոսից կամ Պետրոսից` սա էլ փաստերը։ Հետեւաբար, նախ իշխանությունը համապատասխանեցրեք այն չափանիշներին, որոնց առկայությամբ նման զեկույցները դառնում են ծիծաղելի, երկրորդ ոչ միայն փաստեր պահանջեք ՄԻՊ-ից, այլեւ պաշտոնանկ արեք նրան։
Հաջորդը՝ նոյեմբերի 7-ին Կոտայքի մարզի դատախազ նշանակվեց Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր Վազգեն Ռշտունին։ Այս փաստը վերջին 22-ամյա անկախ Հայաստանի ամենախայտառակ իրավաբանական իրադարձությունն է՝ դատավորը դարձել է դատախազ։ Ամբողջ աշխարհում տեղի է ունենում հակառակը՝ դատախազներն են երազում լինել դատավոր, որովհետեւ դատավորն անկախ է, ինքը կարող է, ասենք, իրավական մուննաթ գալ դատախազի վրա, բայց դատախազը չի կարող հանդես գալ պատասխան մուննաթով։ Իսկ Հայաստանում դա տեղի ունեցավ։ Որովհետեւ դատախազն այստեղ կարող է ոչ միայն մուննաթ գալ, այլեւ գրել դատավճիռ։ Իսկ դատավորը մեր երկրում եղած-չեղած մի հաշիվ է՝ բուտաֆորիա։ Դատավոր Ռշտունու վերամարմնավորումը դատախազի պաշտոնում հերիք է, որ Դատավորների միությունը լռի։ Ինքը չի կարող իրավադատություն իրականացնի այս երկրում, ումի՞ց է նեղանում։ Կաշառք վերցնելը հենց իրավադատություն իրականացնել չկարողացողների միակ զբաղմունքն է։ Եթե օրենքի հետ գործ չունես, մնացած բոլոր գործողությունները կառավարում է կաշառքը։ Որովհետեւ հենց կաշառքը բացառվեց, դատավորը չի իմանա, թե ինչ անի դատարանում։ Այսինքն` չի իմանա, թե օրենքի որ տառը վկայակոչի, հատկապես, որ էդ տառը թելադրում է ոչ թե օրենքը, այլ դատախազը։
Իսկ եթե դատավորն աշխատում է դատախազի հետ, ոչ թե՝ օրենքի, բնականաբար, կաշառքը ոչ թե հնարավոր է, այլ անհրաժեշտություն։ Ըստ այդմ` ինչո՞ւ են վրդովվել դատավորները։ Ո՞ւմ դեմ են վրդովվել։ Մարդու իրավունքների պաշտպանին հավատացրել են, որ ինքը անկախ է, մարդը նման զեկույց է հրապարակել, հիշեցրեք նրան, ցույց տվեք, որ անկախ չէ, եւ նա կհայտարարի ուղիղ հակառակը։ Թե չէ ի՞նչ է եղել։
Անհետեւողականությունը մեր միակ ազգային գաղափարախոսությունն է։ Լսեք, թե ինչ են ասում հանրապետականները, այսօրվա ասածը վաղվա հետ ոչ մի կապ չունի։ Սեպտեմբերի 3-ի առավոտյան ասում էին, չէ՞, Մաքսային միություն չենք մտնելու։ Մի քանի ժամ հետո տեղի ունեցավ հակառակը։ Հետեւաբար, հանգիստ եղեք։ Թնջուկը ՄԻՊ-ինն է, թող ձեզնից մեկը որեւէ սրճարանում կոնֆիդենցիալ Կարեն Անդրեասյանին հիշեցնի, որ Սերժ Սարգսյանը սխալ կհասկանա այդ զեկույցը, եւ մարդն անմիջապես կփոխի իր գրածը։ Մարդը կգրի՝ քաղաքացիները փորձում են կաշառել դատավորներին, դատավորները հերոսաբար դիմադրում են։ Եվ ամեն ինչ կընկնի տեղը։
Սեյրան Հանոյան