Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի շրջանակներում հյուր էր քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին և երկրորդ կազմի անդամ Անդրանիկ Միհրանյանը: Նշենք, որ նրա հետ միասին պետք է գար տխրահռչակ Դմիտրի Կիսելյովը, սակայն նա չէր եկել:
Քննարկման վերջում Անդրանիկ Միհրանյանը նշեց՝ լավ է, որ իր ամենամոտիկ ընկեր Կիսելյովը չի եկել, թե չէ ինքը շատ անհարմար կզգար նրա ներկայությամբ կոշտ արտահայտվել մի քանի հարցերի վերաբերյալ:
Ծրագրով նախատեսված էր, որ հանդիպումը կվարի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սակայն նա չէր ներկայացել: Հրավիրված բազմաթիվ ԱԺ պատգամավորներից ներկա էին միայն ՀՀԿ-ական երկու կանայք՝ Կարինե Պողոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը:
Նախորդ հանդիպումներից այս հանդիպումը տարբերվում էր նրանով, որ ռուսամետ քարոզչությունը պաշտպանելու և բոլոր հակառակ տեսակետները հերքելու համար ներկա էին «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոնների տնօրեն Արարատ Ստեփանյանը և ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Լուիզա Գումրոյանը:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Կիսելյովի հայտարարությունները, Անդրանիկ Միհրանյանը նախ պատասխանեց, որ իր համար դժվար է մեկնաբանել այն, ինչին ինքն անձամբ չի լսել, բայց հասկանում է, թե ինչի մասին է խոսքը:
«Ես, օրինակ, շատ ուրախ կլինեի, որ հայ տաքսիստը կարողանար լավ հաշվել և' անգլերեն, և' ռուսերեն, և' չինարեն, դա կլիներ և' մեր ազգի օգտին, և' այդ տաքսիստի օգտին: Համենայն դեպս, նա կկարողանար երեք երկրում տաքսիստ աշխատել: Իմիջիայլոց, Կիսելյովը ինձ պատմել է, թե ինչ է եղել այդ օրը քննարկման ժամանակ: Ես չզարմացա, որ հայ ժողովուրդը ցուցադրում է իրեն որպես կոմպլեքսավորված, փոքր ժողովուրդ, որն անընդհատ մտածում է, որ իրեն ուզում են նվաստացնել: Դա թերարժեքության բարդույթ է: Ցնորական իրականություն են ստեղծում, ոչ մեկը չի ուզում որևէ մեկին վիրավորել: Խեղաթյուրում են ասածը, դրա հիմա վրա ստեղծում մի ինչ-որ եզրահանգում ու սկսում ամբողջ թափով քննադատել ու ոչնչացնել: Դա նշանակում է, որ աննորմալ երևույթ կա ազգային հոգեբանության մեջ: Ի՞նչ է, դուք կարծում եք, հասարակ բան է՞` կազմակերպել հայ-ռուսական բարեկամության ակումբ, կազմակերպել տարբեր ռուս քաղաքական գործիչների այցեր, եթե նրանք չունենային ջերմ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Ես ապշել էի, երբ որ այստեղ վայրենի, աննորմալ ու հակակիսելյովական կամպանիա սկսվեց հայկական մամուլում: Ես դա համարում եմ անթույլատրելի, ապուշ ու կոմպլեքսավորված մարդկանց վերաբերմունք»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը:
Նա չմոռացավ ընդգծել, որ եթե պարզ իրողությունները շատերին հասկանալի չեն, կարող են գնալ «փսիխիատրի մոտ», նա կբացատրի:
Yerkir.am-ի այն հարցին, ինչո՞վ է պայմանավորված հայ մարդու կողմից նման վիրավորական արտահայտություններ թույլ տալը և Կիսելյովին անվերապահորեն հավատալը, եթե ասում է՝ իրեն դժվար է մեկնաբանել այն, ինչին ներկա չի եղել, նաեւ` դիտարկմանը, որ վիրավորելու գործում գերազանցեց Կիսելյովին, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց. «Ես ամեն ինչով եմ գերազանցում բոլորին»:
Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Լուիզա Գումրոյանը միջամտեց` ասելով, թե միայն լրագրողներն են վիրավորվել ու այդպես խեղաթյուրել Կիսելյովի ասածները, ինչին Անդրանիկ Միհրանյանը հավելեց. «Դուք եք վիրավորվել, լրագրողներն են վիրավորվել, ուրեմն ձեզ մի իդենտիֆիկացրեք հայ ազգի հետ: Եթե մտադիր եք խեղաթյուրել, ուրեմն մարդը մի բառ էլ ասի, իրեն կդարձնեք հայ ազգի դավաճան»:
Մեր դիտարկմանը, որ ակումբի բոլոր բանախոսներն ուղիղ տեքստով ճնշում են գործադրում` ասելով, որ եթե ռուսերենը չտարածեք, չդարձնեք պետական լեզու, ապա անվտանգության հետ խնդիրներ կունենաք, այս անգամ միջամտեց «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոնների տնօրեն Արարատ Ստեփանյանը` ասելով, որ որևէ մեկը ճնշում չի գործադրել. «Կարո՞ղ է ծեծել են ձեզ, ես մի քանի անգամ նայել եմ Կիսելյովի տեսագրությունը, նա ճնշում չի գործադրել»:
«Համակարգն է էդպես, եթե դուք ֆինանսական համակարգում անգլերեն չգիտեք, ոչ ոք ձեզ չի ընդունի աշխատանքի, հիմա ի՞նչ ասենք: Հիմա եթե Կիսելյովն ասել է՝ Հայաստանը մտնում է դաշնային այն տարածքի մեջ, որի հիմնական լեզուն ռուսերենն է, եթե բանակը ռուսերեն լեզուն է, զենքը ռուսերեն լեզուն, եթե ասել է, որ ռուսերեն լեզուն ձեր անվտանգության գործոններից մեկն է, ուրեմն վա՞տ բան է ասել: Այ քեզ բան»,- անկեղծորեն զարմացավ Անդրանիկ Միհրանյանը:
Մեր այն դիտարկմանը, որ հայերի անվտանգության գործոնը հայոց լեզուն է, Անդրանիկ Միհրանյանը չարձագանքեց, բայց ընդգծեց, որ Ռուսաստանը չի ցանկանում վերականգնել Սովետական միությունը: «Նման էշեր Ռուսաստանում չեն մնացել, որ նման բեռ վերցնեն իրենց վրա, այն դեպքում, երբ դա նրանց ոչինչ չի տալիս կամ քիչ բան է տալիս: Բոլորը միայն իրենց շահից ելնելով են ստեղծում որևէ կառույց, ուրեմն` եթե տնտեսապես շահավետ չի, չեն ստեղծի որևէ կառույց»,- ասաց նա: