կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 13:28
Քաղաքական

Պետք է զգոն լինել, երբ այլազգիները Ցեղասպանության հարցում հայության շահերն են հետապնդում

Պետք է զգոն լինել, երբ այլազգիները Ցեղասպանության հարցում հայության շահերն են հետապնդում

Հիմա  տարբեր խմբեր-խմբակցություններ շատ են սկսել խոսել հատուցման մասին: Պետք է նաեւ դրանցից զգույշ լինել, որ չլինեն շահադիտական, որոշ խմբերի շահերին վերաբերող մոտեցումներ: Թուրքիան ինքը եւս կարող է այդ խայծն օգտագործել` ի վնաս մեր ազգային-պետական շահերի. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Նա նշեց, որ այս ուղղությամբ արվող որոշ նախաձեռնություններ իսկապես մտահոգիչ են, որովհետեւ, հայերից բացի, այլ ազգերի շրջանակներ եւս, իբրեւ հայության շահերով, իրավունքներով մտահոգ, սկսել են ձեւավորել խմբեր, կազմակերպություններ: «Այս դեպքում խոսքս վերաբերում է ազգությամբ արաբ իրավագետների միությանը, որը ասում է, որ հայ ժողովրդի շահերի հետապնդման համար է ձեւավորվել: Ի սկզբանե չեմ ուզում կասկած հարուցել նրանց նպատակների շուրջ, բայց պետք է զգույշ լինել ու ճշտել նրանց նպատակները»,- շեշտեց  Կիրո Մանոյանը' հավելելով, որ պատահական չէ, որ նման նախաձեռնություններ են գլուխ բարձրացնում, հատկապես այն ժամանակ, երբ արաբա-թուրքական հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Դրա համար հայությունից պահանջվում է զգոն լինել, որպեսզի թե' մեր մեջ, թե' մեզնից դուրս հանկարծ մեր խնդիրները չօգտագործվեն սրա-նրա շահի համար:

 

Իսկ 2015 թվականին ընդառաջ, մեր իրավունքների ձեռքբերման առումով, ըստ Մանոյանի, անհրաժետ է, որ մենք ձեւավորենք համահայկական համախոհություն եւ 2015 թվականը դիմավորենք այդպես: