Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին` կառավարության ծրագրի ընդունումը համարո՞ւմ են իշխանության հաղթանակ, նշեց. «Ոչ, չեմ համարում, 70 ձայնով անցնում է կառավարության ծրագիրը` հազիվ հաղթահարելով ձայների մեծամասնությունը: Դա չի կարող հաջողության ցուցանիշ համարվել»:
Նրա խոսքով` տեսանելի էր, թե ինչ դժվարությամբ դա հաջողվեց Հանրապետական խմբակցությանը: Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ քառյակի որոշումը` չմասնակցել քվեարկությանը, ստիպեց հանրապետականներին մոբիլիզացնել իրենց ուժերը:
«Ես ծանոթ եմ մամուլի հրապարակումներին, որ կառավարության ծրագրի ժամանակ որոշ հանրապետականներ փորձել են քվեարկել բացակաների փոխարեն: ԱԺ-ում այսօր ստեղծվել է շատ փխրուն մեծամասնության մի վիճակ, որը ստիպում է նրանց զգոն և ուշադիր լինել: Այս քվեարկությունը ցույց տվեց, որ ցանկացած քվեարկություն կարող է չկայանալ, եթե նման կարևոր հարցի շուրջ նման խնդիր է առաջանում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ չվերահսկեցին դահլիճում տեղի ունեցող շարժը, ներկա հանրապետականների`բացակաների փոխարեն քվեարկության դեպքերը, պատգամավոր պատասխանեց, որ դրան պետք է նախապատրաստվեին, ինչը չեն արել:
Ըստ նրա` պատկերը պահելը և հընթացս հաշվելը այդքան էլ հեշտ չէր: «Այդ խնդիրը կա, մենք դա քննարկել ենք, որ այսուհետ, երբ այսպիսի եզրային քվեարկություններ լինեն, մենք պետք է պատրաստ լինենք դա կանխել, ինչը համապատասխան մեթոդոլոգիա է ենթադրում, մեկ պատգամավորով դա հնարավոր չի անել, այլ միասին պետք է աշխատենք: ճիշտն ասած, այդ պահին մենք պատրաստ չենք եղել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ, իր կարծիքով, առաջիկայում քառյակի նիստերի ժամանակ պետք է բարձրացվի նաև այդ հարցը, որպեսզի հետագայում կանխվեն մեկը մյուսի փոխարեն քվեարկությունները:
Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի այն կարծիքը, որ քառյակը որոշեց չմասնակցել քվեարկությանը, որովհետև մասնակցելու դեպքում մեկը մյուսին կանվաներ դավաճան, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չգիտեմ, ինչի հիման վրա է վարչապետը նման բան ասել: Հակառակը` ովքեր չեն միացել միասնական դիրքորոշմանը, ինչ-որ տեղ իրենց պետք է պատասխանեն, թե ինչու քվեարկեցին»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ նույն քառյակի մեջ երկու հոգի, որ մտնում են այդ քաղաքական ուժերի մեջ, ձեռնպահ քվեարկեցին, իսկ մեկը` անկախ պատգամավորը, դեմ է քվեարկել:
Նա նշեց, որ Դաշնակցությունը հակված է եղել դեմ քվեարկել, որովհետև դա այն հարցն է, որտեղ անհրաժեշտ է հստակ կարծիք արտահայտել, բայց, այնուամենայնիվ, միասնական դիրքորոշումը ավելի կարևոր էր, իսկ քառյակի ընտրած մարտավարությունը` ճիշտ: