Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ՖԲ էջում երեկ ահազանգել էր, որ Սոթքի հանքավայրում դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ Պն-ն որևէ հաղորդագրություն մինչ այս պահը չի տարածել, ուստի Yerkir.am-ը փորձեց ստույգ տեղեկություն ստանալ Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանից, ով մեր հետ զրույցում ասաց՝ որևէ տեղեկություն չունի։ Հարցին, թե ինչպե՞ս են գյուղացիներն իրականացնելու գարնանային աշխատանքներն այն դեպքում, երբ Սոթքը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ, մեր զրուցակիցն ասաց․
«Ասել, որ խնդիր չկա, իհարկե՝ կա, քանի որ մեր գլխավերևում թուրքն է։ Նախկինում թուրքը չէր երևում, հիմա տեսնում ենք։ Թուրքը մնում է թուրք, ամեն պահի կարող է ինչ-որ բան անել, պետք է զգոն լինել, հատկապես, երբ գործ ունես թուրքի հետ։ Ճիշտ է , այսօր գարնան առաջին օրն է, բայց ֆիքսենք, որ Սոթքում դեռ ձմեռ է, գարնան առաջին աշխատանքները Սոթքում ապրլի 10-ից հետո են արվում։ Գյուղամեջ դուրս եկող բնակիչներն արդեն ծրագրում են գարնանային աշխատանքները՝ մեկը սերմ գնելու, մյուսը՝ սերմ վաճառելու, հող մշակելու և այլ հարցերով։ Մեզանից կախված հնարավորն անում ենք, որ, նախ, մեր զինվորն իմանա իր ետևում գյուղ կա, գյուղացիները կան, մենք էլ որքան կարողանանք սահմանին կանգնած մեր զինվորին թիկունք լինենք»,-ասաց Սևակ Խաչատրյանը։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք Սոթքի հանքավայրից կրճատված գյուղացիների խնդրով, ինչի մասին գյուղացիները բարձրաձայնել էին դեռ դեկտեմբերին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների այցի ժամանակ։ Սևակ Խաչատրյանն ասաց, որ մի քանիսի աշխատանքը վերականգնվել է, շուրջ 10 հոգու մասին է խոսքը, իսկ մյուսներն էլ սպասում են իրենց հերթին։
Հերմինե Զեյնալյան