Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դաշնակցական հրապարակագիր Վաչե Բրուտյանը մտահոգ է հայ մամուլի առջև այսօր ծառացած օրախնդիր մարտահրավերներով, որոնք թելադրված են Հայաստանի քաղաքական կյանքում կատարված տեղաշարժերով և ունեն համահայկական բնույթ:
- Այսօրվա քաղաքական-գաղափարական «փոթորիկների», մարտահրավերների առջև ո՞րն է հայ մամուլի դերակատարությունը:
- Հայ մամուլի առաջնահերթ պարտականությունն է պաշտպանել Հայաստանի և հայության շահերը Հայրենիքում և Սփյուռքում: Ելնելով իր այս հիմնական առաքելությունից` հայ մամուլը պարտավոր է հայաստանյան ներքին իրադարձությունները ներկայացնել հիշյալ, իսկ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին անդրադառնալիս` Հայաստանի և հայության շահերի տեսանկյունից: Սակայն հաճախ մեր մամուլի էջերում նկատում ենք, որ, ասենք, լուրերի անվան տակ բամբասանք է տարածվում: Մամուլն ասեկոսեներով չի կարող առաջնորդվել: Ինձ համար բացարձակապես հասկանալի չէ, երբ, բացելով հայկական թերթերից որևէ մեկը, տեսնում եմ լրատվություն, որն սկսվում է հետևյալ կերպ. «Օդում կախված լուրերի համաձայն...»: Սա չի′ կարելի է լրատվություն համարել: Սա անպատասխանատվություն է, որն էապես վնասում է Հայաստանի և հայության շահերին: Այս ձևով հնարավոր չէ հայանպաստ, գիտակից հանրային կարծիք ստեղծել: Այսպես հանրային կարծիքն ապակողմնորոշվում է: Հրապարակը լցվում է տնային բամբասանքի մակարդակ ունեցող կեղծ լուրերով, որոնք իրենց նկարագրով քանդիչ են: Անկախացումից ի վեր Հայաստանը գտնվում է լուրջ մարտահրավերների առջև: Ունի հողային ամբողջականությունը պահպանելու խնդիր: Ահա ա′յս իմաստով եմ ես մոտենում Արցախի հարցին: Երբ խոսում ենք Արցախի մասին, մեր ներքին տրամաբանությունը մեզ պետք է թելադրի հետևյալ իրականությունը` Արցախը մասն է Հայաստանի հողային ամբողջականության:
- Համահայկական արժեհամակարգն ունի՞ նոր սահմանման անհրաժեշտություն:
- Համահայկական արժեհամակարգն ունի բաղադրիչներ, որոնցից առաջինը հայրենիքն է: Հայաստանը զբոսաշրջության ու մի քանի շաբաթ հանգստանալու և զվարճանալու վայր չէ: Հայաստանը հայրենիք է, որն ունի իր ժողովուրդը: Մամուլը ժողովրդին ազգի վերածելու առաքելություն ունի նաև: Համահայկական արժեհամակարգի երկրորդ բաղադրիչը հայ ազգն է, երրորդը` մեր մշակույթը, չորրորդը` մեր անցյալն ու պատմությունը: Հայոց պատմությունից մեզ են փոխանցվել այնպիսի արժեքներ, որոնց տիրություն անելու պարտավորության տակ ենք ոչ միայն մենք` իբրև ազգ, այլև, մասնավորապես, հայ մամուլը: Այս տեսանկյունից նայելով` երբ խոսում ենք համահայկական արժեհամակարգի մասին, ես ցավ ու զայրույթ եմ ապրում, երբ կարդում եմ կառավարության այն որոշումը, որի համաձայն` պետք է վերացվեն մշակույթի ու Սփյուռքի նախարարությունները: Սա նշանակում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն գիտակցում համահայկական արժեհամակարգը պահպանելու և ամրապնդելու կարևորությունը: Մշակույթի նախարարության գործառույթը թատրոններ պահելը, արվեստագետներին վճարելը և միջոցառումներ կազմակերպելը չէ, այն ունի ավելի մեծ և խորքային առաքելություն: Մշակույթն այն հասարակական հողն է, որը նույնացած է մեր ազգային ինքնության հետ: Դրա համար կարևոր է մշակույթի նախարարություն ունենալը: Նույնը վերաբերում է Սփյուռքին: Տասնամյակներ առաջ ես մտածում էի, թե Սփյուռքը մնայուն երևույթ չէ: Այն այսօր կա, վաղը չկա: Տասնամյակների ընթացքում, իբրև Սփյուռքում ծնված ու մեծացած հայ, հասկացա, որ Սփյուռքը լուրջ գործոն և ազդակ է համահայկական ընդհանուր ռազմավարության մեջ: Սփյուռքն առողջ և գործուն պահելը բխում է նաև Հայաստանի և հայության շահերից: Հայաստանն ու Սփյուռքը միմյանց սնուցող հարաբերության մեջ պետք է դիտարկել: Սփյուռքը հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ Հայաստանի, իսկ ուժեղ Սփյուռքն իր հերթին զորավոր նեցուկ է Հայաստանի համար: Արտերկրում այնպիսի ոլորտներում և ուղղություններում են տարվում քաղաքական աշխատանքները, որտեղ Հայաստանի դեսպանատները չեն կարող կամ չպիտի մտնեն, իսկ տեղի հայկական համայնքները կարող են դրանք կյանքի կոչել: Համադրված գործելն այսօր Հայասատանի համար շատ կենսական է: Այս իմաստով կարևոր է Սփյուռքի նախարարության վերակազմավորումը, գործառույթների հստակեցումը: Այն անհրաժեշտ է վերակառուցել մեր ազգային ընդհանրական շահերի ներքին տրամաբանությամբ: Սա է լուծումը:
Ես որպես դաշնակցական եմ խոսում: Այս խնդիրներին ՀՅԴ գաղափարախոսական տեսանկյունից մոտենալու դեպքում պետք է փաստել, որ մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և հայության շահերն են, որոնք պահանջում են, որ ամուր լինեն կապերը Հայաստանի և Սփյուռքի միջև, որպեսզի այդ կերպ օգուտ քաղվի երկուստեք: Անկախացումից առ այսօր Հայաստանը պատերազմական վիճակի մեջ է: Զինադադար է հաստատված, և չի կնքվել խաղաղության պայմանագիր: Մենք շրջափակված ենք Ադրբեջանի և նրա ամենասերտ ռազմավարական դաշնակից Թուրքիայի կողմից: Մենք Թուրքիայի հետ ևս ունենք անլույծ հիմնահարցեր: Այս ուղղությամբ Թուրքիան և միջազգային հանրությունը պարտավորություններ ունեն Հայաստանի նկատմամբ: Մենք այս ամենը չենք կարող մեր արտաքին քաղաքական ուղղություններից դուրս հանել: Սրանք պետք է Հայաստանի արտաքին քաղաքականության մասը կազմեն: Մեր մամուլը մնայուն ձևով պարտավոր է այս հարցերն արծարծել, որպեսզի ժողովրդի գիտակցության մեջ վառ պահի սեփական իրավունքներին տիրություն անելու գաղափարը:
- Հունվարի 28-ին նշեցինք Հայոց բանակի հիմնադրման 27-րդ տարեդարձը, իսկ հաջորդ օրը` Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը: Ի՞նչ են խորհրդանշում այդ իրողություններն այսօրվա հայի համար Հայաստանում կամ Սփյուռքում:
- Արամ Մանուկյանն այն անձն էր, որն աճել էր Դաշնակցության գաղափարական քուրայի մեջ, որը 1918-ի մայիսյան օրհասական օրերին կարողացավ ժողովրդին վերածել ազգի, հաջողեց իրար հավասար մակարդակի բարձրացնել ազգն ու բանակը, ինչի շնորհիվ մենք հաղթանակ գրանցեցինք Սարդարապատում և ոչնչից ստեղծեցինք պետություն: Արամն ազգ-բանակ գաղափարի ամենամեծ ջատագովներից մեկն էր: Այսօր այս գաղափարը շատ կենսական է Հայաստանի համար: Հայաստանը չի կարող ինքն իրեն թույլ տալ, որ բանակը վերածվի սոսկ ինչ-որ ապահովագրական գործառույթներ իրականացնող մարմնի: Բանակը մեր երկրի հողային ամբողջականության երաշխավորն է: Բանակն իր մեջքին պետք է ունենա ժողովրդի աջակցությունն ու նեցուկը: Մամուլը պարտավոր է ընդգծել այս գաղափարը, որպեսզի Հայաստանը դառնա անխոցելի: Մենք պարտավոր ենք Հայաստանը վերածել անխոցելի ամրոցի: Չեմ սիրում «հակառակորդ» մոլորեցնող բառն օգտագործել, երբ ունենք «թշնամի» բառը: Արտաքին թշնամիների դեմ Հայաստանի ապահովության երաշխավորը հայկական բանակն է` հայ ժողովրդի հետ մեկտեղ: Սահմանին կանգնած կամ զորամասում ծառայող մեր զինվորը պետք է զգա համայն հայության զորակցությունը: Այս գաղափարը տարածելու առաքելությունը մամուլը պետք է առնի իր ուսերին, որպեսզի մենք Հայաստանը դարձնենք ապահով և անխոցելի երկիր: Մեր թշնամիները թող չմտածեն, թե իրենք կարող են երբևիցե խաղալ մեզ հետ: Մենք ֆուտբոլի գնդակ չենք, որ իրենց ուզածի պես մեզ աջ կամ ձախ գլորեն:
Գ.Մ.