Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
30-ամյա հեռավորությունից կատարված ոճրի անցքերն ուսումնասիրելիս մի պարզ ու մարդկային հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել. ըստ yerkir.am-ի՝ այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված՝ Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում ելույթ ունենալիս նշեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Պատասխանը մեկն է՝ ստեղծագործ եւ արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իր ցավը:
Այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում 1990-ին, հանցագործություն է մարդկության դեմ, կազմակերպված եւ իրագործված հարեւան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունն իր բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական եւ այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների եւ ջարդի, որի հետեւանքով հարյուրավորները զոհվել են, իսկ հազարավորները տեղահանվել ու արտաքսվել:
Այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարեւան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց սկզբից: Այդ գործողությունները մաս էին կազմում 1988-ին ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որ դրսեւորվել է 1988-ի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, իսկ 1990-ին՝ Բաքվում: Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը, հունվարյան դաժան օրերի սլաքները այլ ուղղությամբ տանելու եւ իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով:
Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի ոլորտներում: Վերջին օրերին մենք ականատես եղանք դրա հերթական դրսեւորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմում հանդես գալ հայ երգչուհու հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված եւ պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության արդյունք:
Բաքուն միջմշակութային մայրաքաղաք ներկայացնելու համառ ջանքերի ֆոնին, միաժամանակ խլացվում են հայ եւ այլ ազգերի մշակութային ժառանգություն հանդիսացող մշակութային կոթողները: Պատահական չէ, որ 1990-ի ողբերգական օրերի զոհերն էին ոչ միայն հարյուրհազարավոր հայերը, այլեւ Բաքվում գործող հայկական մշակութային արժեքները, որոնցից Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրդեհվել է Բաքվի ջարդերից ընդամենը օրեր առաջ, իսկ հազարավոր խաչքարեր ու գերեզմաններ ուղղակի ոչնչացվել են:
20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել եւ դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որեւէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից՝ Ադրբեջանից արտաքսված եւ Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել, եւ պատերազմի շեմին կանգնած ու սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայրենիքի հետ իր ուսերին էր վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու եւ կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը:
Արցախի Հանրապետությունը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին ու խորհրդարանական կառույցներին՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին եւ կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը:
Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-հայտարարեց Աշոտ Ղուլյանը: