Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարնում` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, սկսվեց Արագածավան գյուղի բնակիչ Գուրգեն Գասպարյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. օգոստոսի 22-ին կայացրած վճիռը, որով Գուրգեն Գասպարյանը մեղավոր է ճանաչել ավազակային հարձակում կատարելու մեջ և դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման:
Գուրգեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով. նա մեղադրվում է 2009 թվականի նոյեմբերի 3-ին, Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի և Անուշավան Սահակյանի հետ նախնական համաձայնությամբ, ավազակային հարձակում կատարելու մեջ:
Դատարանի առջև հավաքվել էին Գասպարյանի կողմակիցները, համագյուղացիները, ովքեր կրում էին` «Արմավիրի դատարանը` դատախազության կամակատար», «Պահանջում ենք արդարություն» գրություններով պաստառներ:
Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալի մայրը` տիկին Անահիտը, ասաց, որ որդու արդարացման համար պայքարելու են մինչև վերջ, անգամ դիմելու են Եվրադատարան: Նա նշեց, որ տեղյակ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցից, և քանի որ մեր նախագահին ուղղված իր նամակին մինչ օրս պատասխան չի տրվել, ինքն էլ կդիմի Պուտինին:
Այսօրվա նիստին պաշտպան Երեմ Սարգսյանն ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց Արմավիրի մարզի դատախազությանն ` ի դեմս գործով մեղադրող, մարզի դատախազի տեղակալ Արսեն Աղաբեկյանին: Ըստ փաստաբանի` վերջինս գործին մասնակցել է միակողմանիորեն, զուտ մեղադրական թեքումով, կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել իր պաշտպանյալի նկատմամբ, բացի այդ` խախտել է նրա անմեղության կանխավարկածը` նախքան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը դատախազության կողմից պատվիրված մի տեսանյութում Գուրգեն Գասպարյանին ներկայացնելով որպես հանցագործ:
Պաշտպանը միջնորդությունը հիմնավորող մի շարք փաստեր ներկայացրեց, սակայն դատարանը մերժեց այն` նշելով, որ պաշտպանի ներկայացրած պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դատախազին վարույթից հեռացնելու համար:
Այսպիսով` դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 14-ին:
Yerkir.am-ի հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ դատարանի կայացրած որոշումը կամայական է և անհիմն: «Քանի որ դատարանն իր գործողություններով ենթադրությունների տեղիք է տվել, որ դատախազությունից կախյալ վիճակի մեջ է գտնվում, ամենայն հավանականությամբ, դատարանին ևս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք»,- նշեց նա:
Մանրամասները`yerkir.am-ի տեսանյութում: